«1915 թվականի Հայոց ցեղասպանությունից
փրկվածների մի մասը ապաստան գտավ Սիրիայում՝ փորձելով հարմարվել նոր միջավայրում և
արաբական աշխարհում ստեղծելով իրենց փոքրիկ Հայաստան։ Այնուամենայնիվ, իրավիճակն այսօր
այնպիսին է, որ սիրիահայությունը ստիպված բռնել է գաղթի ճամփան՝ ապաստան գտնելով տարբեր
երկրներում: Սկսվեց սիրիահայերի մեծ ներհոսքը նաև դեպի Հայաստան։ Սիրիայում հակամարտությունների
մեկնարկից առ այսօր ավելի քան
20 000 սիրիահայ բնակիչներ են ժամանել Հայատան[1]:
Տեղահանումը և միգրացիան
ենթադրում են բազմաթիվ դժվարություններ: Այդուհանդերձ՝ Հայաստանում հայտնված սիրիահայերը ունեն որոշակի առավելություններ:
Դրանք կապված են մի շարք գործոնների հետ՝
·
սիրիահայերը օտար երկրում չեն՝ հայրենիքում են,
·
տիրապետում են հայոց լեզվին, որը թույլ է տալիս նրանց
հաղորդակցվել,
·
ծանոթ են հայ և հայաստանյան մշակույթին,
·
ՀՀ կառավարությունը, սփյուրահայությունը, ինչպես նաև միջազգային և տեղական
կազմակերպություններն աջակցում են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին:
ՀՀ կառավարությունը
աջակցում է սիրիահայերին՝ նրանց ընտրության հնարավորություն տալով պաշտպանության երեք
տարբերակների միջև.
·
Քաղաքացիություն ձեռք բերելու հեշտացված տարբերակ
·
Ապաստան հայցելու արագացված ընթացակարգեր
·
Արտոնյալ պայմաններով կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ
կացության իրավունքի ձեռքբերում:
Այն հիմնախնդիրները, որոնց հետ բախվում են սիրիահայերը
Հայաստանում,
համանման են յուրաքանչյուր փախստականի կամ փախստականի նման իրավիճակում հայտնված անձի
հիմնախնդիրների հետ: Դրանք են՝ կացարանի, կրթության, զբաղվածության, տնտեսական հիմնախնդիրները, մշակութային հարմարման և լեզվական խոչընդոտների հաղթահարման դժվարությունները:
Սիրիահայերի ներհոսքը Հայաստան, բնականաբար չէր կարող անմասն մնալ ԶԼՄ-ների ուշադրությունից:
ԶԼՄ-ները սկսեցին պատերազմի և դեպի Հայաստան սիիահայերի ներհոսքի բուռն
քննարկումն ու լուսաբանումը։ Լրատվական գործառույթի հետ մեկտեղ ԶԼՄ-ները իրականացնում են նաև կոմունիակացիոն գործառույթ, ապահովելով հանրային հիմնախնդիրների
վերբերյալ դիսկուրսի զարգացումն ու փոխակերպումը, ձևավորում են հասարակության վերաբերմունքը այս կամ այն երևույթի մասին, հետևաբար
նաև կարող են մեծ դեր խաղալ Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացում՝ նպաստելով
տեղաբնակ հայերի և փախստականի վիճակում հայտնված սիրիահայերի մոտ դրական վերաբերմունք միմյանց նկատմամբ և կանխարգելելով կարծրատիպերի ազդեցությունն ու
տարածումը:
Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացում ԶԼՄ դերն ուսումնասիրելու նպատակով
2017 թվականին իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն՝
·
Բովանդակային վերլուծության են ենթարկվել տեղական 4 էկեկտրոնային լրատվական կայքերը (aravot.am, news.am,
panaremnian.am, mediamax.am)։ Հետազոտության հիմք են հանդիսացել վերոնշյալ կայքերի
2016թ․ մայիսից մինչև 2017թ. մայիս ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները սիրահայերի մասին: Վեր են լուծվել ավելի քան 90 հոդված:
·
Ֆոկուս-խմբային քննարկումներ
են իրականացվել 18-30 տարեկան տեղաբանակ երիտասարդ հայերի հետ՝ սիրիահայերի նկատմամբ
նրանց վերաբերմունքն ու կարծրատիպերը ուսումնասիրելու նպատակով։
Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ԶԼՄ-ները լուսաբանում են հիմնականում մի քանի խոշոր սոցիալական
հիմանխնդիրներ, որոնց հետ բախվում են սիրիահայերը Հայաստանում: Դրանք են՝ զբաղվածություն, լեզվական դժվարություններ և բնակարանային
ապահովման խնդիրներ։
Զբաղվածության հիմնախնդրի վերաբերյալ առկա էին ինչպես ինտեգրման
տեսանկյունից դրական պրակտիկաների վերաբերյալ հրապարակումներ, այնպես էլ՝ բացասական
պրակտիկաներ, ինտեգրմանը խոչընդոտող։ Դրական պրակտիկաներ լուսաբանող հրապարակումներում
տեղ էին գտել հարցազրույցներ Հայաստանում հաստատված և սեփական բիզնեսը հիմնած սիրիահայերի
վերաբերյալ, որոնք կարողացել էին զբաղեցնել իրենց տեղը հայաստանյան շուկայում ինչպես
պետությունից ստացած որոշակի նյութական աջակցության
շնորհիվ, այնպես էլ սեփական միջոցներով։
Այդ հոդվածներում տեղ են գտել հետևյալ արտահայտությունները.
«Եթե դժգոհես, ամբողջ կյանքումդ այդպես էլ կապրես»
«Մենք
համաձայն ենք ամեն տեսակի աշխատանքի»
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որ
այս դժվար պայմաններում օգնեց մեզ»
«Լավ կլինի, լավ է էլի, լավ է…»
Բացասական կոննոտացիա պարունակող հրապարակումները
պարունակում էին սիրիահայերի դժգոհությունները իրենց աշխատավարձերից և տվյալ խնդրին հայաստանյան պաշտոնյաների
արձգանքը։ Երբեմն ինտեգրման տեսանկյունից ոչ բարենպաստ արտահայտություններ օգտագործվել
են անգամ որպես հոդվածների վերնագիր:
«Հարցին, որ սիրիահայերը դժգոհում են աշխատանք չունենալու հետ կապված՝ Սփյուրքի
նախարարը պատասխանեց, որ ոչ այդքան աշխատանք չկա, որքան բարձր վարձատրվող աշխատանք.
«Իրենց երբ առաջարկվում է 500-600 դոլար աշխատավարձով
աշխատանք, դժկամությամբ են ընդունում, ուզում են 1000 դոլարի, 2000 դոլարի»:
Շատ էին նաև հրապարակումներ սիրիահայերի համար
կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքների վերաբերյալ, որոնք մեկ տասնյակից
ավելին էին։ Այստեղ դժգոհություն էին հայտնում սիրիահայերը, նշելով. «ամիսը 1 ցուցահադես՝ սա աշխատանք
չէ» ։
Բնակարանային ապահովման հիմնախնդրի
վերաբերյալ հրապարակումներում նույնպես կարելի է առանձնացնել ինտեգրման տեսանկյունից
ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունեցող
լրատվություն: Օրինակ` 2013թ հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել
է «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի
կառուցմանն աջակցելու մասին» որոշումը, ըստ որի՝ մինչև 2015 թվականը պետք է կառուցվեր
«Նոր Հալեպ» թաղամասը և բնակարան գնելու նպատակով հաշվառվել էին ավելի քան 600 սիրիահայ
ընտանիք։ Որոշմանը հաջորդիվ տարբեր պաշտոնյաներ հանդես եկան «կոչ»-ով,
որպեսզի բարեգործները ներդրումներ կատարեն «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար: Հայկական մամուլը սկսեց ակտիվ լուսաբանել,
թե ինչքան հողատարածք է գնվել, ինչքան գումար է նվիրաբերվել, ինչքան գումար են ծախսել
այդ ծրագիրն իրականացնելու համար, ինչքան սիրիահայ է ցանկանում բնակարան գնել և այլն։
Սակայն ժամանակի ընթացքում ԶԼՄ-ները դադարեցին լուսաբանել այդ իրադարձությունը.
2014 թվականին չի հրապարակվել որևէ հոդված այն մասին, որ չի սկսվել որևէ աշխատանք թաղամասի
կառուցման համար: Իսկ արդեն 2015 թվականին, երբ պետք է արդեն կառուցված լիներ
թաղամասը, վերսկսվեցին հրապարակումները, սակայն ոչ թե այն մասին, թե ինչու չկառուցվեց
թաղամասը և ինչ եղավ այդ ավելի քան 600 սիրիահայ ընտանիքների ճակատագիրը, այլ այն մասին, թե ինչ ճակատագիր ունեցավ Հրանտ Վարդանյանի
նվիրաբերած 42մլն դրամը։ Նման տեղեկատվությունը թեև անուղղակիորեն, բայց բացասական
ստվեր է գցում քննարկվող հիմնախնդրի և բոլոր դերակատարների ու շահագրգիռ կողմերի վրա:
Կրթության հիմնախնդրի
վերաբերյալ հրապարակումներում նույպես խոսվում է սիրիահայերին տրամադրվող աջակցության
մասին: Եվ հենց կրթության և լեզվական տարբերություններն են շեշտվում
որպես առաջնային սիրիահայերի կողմից․ «Ամենամեծը լեզվի դժվարությունն էր: Դուք շատ ռուսերեն բառեր եք օգտագործում, բացի
այդ էլ կան բառեր, որ և արևելահայերենում, և արևմտահայերենում նույնն են, բայց տարբեր բաներ են նշանակում: Սակայն տարիների ընթացքում
դա էլ է հնարավոր լուծել»։
Այսպիսով, հետազոտության ընթացքում պարզ դարձավ, որ ԶԼՄ-ները մեծամասամբ լուսաբանում են սիրիահայերին տրամադրվող
օգնության վերաբերյալ հրապարակումներ. վերլուծված 90 հոդվածներից 40-ում խոսվում էր
միայն սիրիահայերին տրամադրվող աջակցության և հատկապես նյութական աջակցության մասին՝
ոչ միայն արդեն Հայաստան վերադարձած սիրիահայերին, այլև Սիրիայում մնացած։
«Կառավարությունը սիրիահայերին օգնելու նպատակով 43 միլիոն դրամ հատկացրեց»
«436 սիրիահայ ուսանողի
2016-2017 ուստարվա վարձի 70%-ը վճարել են կառավարությունն ու ՀԿ-ները»
«Սիրիահայ երեխաները շնորհակալական նամակներ են հղել Հայաստանին`
ձմեռային վերարկուների համար»
«40
սիրիահայ երեխաներին տրամադրվել են նվերներ»
«Վիվա
Սել-ՄՏՍ-ն աջակցում է հայրենադարձված, հատուկ կարիքներով սիրիահայերին»
«Սիրիահայերի օգնության հիմնադրամը 100.000 դոլար է փոխանցել
Հալեպի հայ համայնքին»
Վերոհիշյալ հրապարակումներն
ունեն Հայաստանը և դոնոր կազմակերպությունները գովաբանող բովանդակություն՝ պատմելով, թե
որքան գումար է ծախսվում սիրիահայերի համար և ինչքան օգնություն
է տրամադրվում սիրիահայերին:
Նման հրապարակումների ազդեցությունը միանշանակ չէ ընթերցողի
վրա: Այն ռիսկային է ինչպես հայաստանցի հայերի, այնպես էլ սիրիահայերի ընկալումների
և հիմնախնդրին վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից: Եթե սիրիահայերի
մոտ նման հրապարակումները ձևավորում են բարձր
ակնկալիքներ, որոնց հաճախ հետևում է հիասթափությունը, ապա տեղաբնակ հայերի մոտ նման հրապարուկները առաջացնում են
անարդարության զգացում, քանի որ փախստականի
իրավիճակում հայտնված սիրիահայերը ստանում են ավելի շատ սոցիալական աջակցություն Հայաստանում,
քան հայաստանցիները, մասնավորապես խոցելի խմբերի ներկայացուցիչները: Այս ամենին միանում
և ծայրահեղական երանգ են ստանում տեղաբնակ
հայերի կարծրատիպերը սիրիահայերի և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ։
Հայաստանցի երիտասարդների հետ իրականացված ֆոկուս խմբերը թույլ
տվեցին եզրակացնել, որ հայաստանցի երիտասարդների մեծ մասը տեղյակ են սիրիահայերի՝ Հայաստան
վերադառնալու պատճառների մասին, սակայն առկա տեղեկատվությունը չի ձևավորում ինտեգրման
համար բարենպաստ վերաբերմունք սիրիահայերի նկատմամբ.
«Եթե սիրիահայերը եկել են Հայաստան,
պարտավոր են սովորել արևելահայերենը»
«Հայաստանի
տարբեր խանութների և կրպակների վրա արաբական տառերի առկայության տհաճ է»
«Էսթետիկ տեսանկյուից տհաճ է անգամ
նրանց ներկայությունը»
Նման արտահայտություններն
ու վերաբերմունքը, որոնք այս կամ այն կերպ իրենց արտացոլումն են գտնում նաև վարքի մեջ
և պայմանավորում են ինտեգրման գործընթացի ընթացքը, խորը արքետիպային հիմքեր ունեն: Արաբատառ գիրը և սիրիահայերի տարբերվող արտաքինը
ասոցիացվում են արաբական, այն է՝ մուսուլմանական, աշխարհի հետ: Տեղաբնակ հայերը նույնացնում
են սիրիահայերին արաբների հետ, ինչը պայմանավորված է նաև արաբական
երկրներից և Պարսկաստանից տուրիստների ներհոսքով:
Դրական
դիրքորոշումներ սիրիահայերի նկատմամբ արտահայտում էին այն տեղացի հայերը, որոնք ունեն
սիրիահայ ծանոթներ և անմիջական շփում նրանց հետ:
Ինչպես նշվեց ԶԼՄ-ներում գերակայում էին սիրիահայերին տրամադրվող աջակցության մասին
հրապարակումները, դա անմասն չէր կարող մնալ հայաստանաբնակների ուշադրությունրց և միանշանակ
իր ազդեցությունն է թողել հայաստանաբնակների վրա: Չնայած, որ սիրիահայերին օգնություն
տրամադրելու անհրաժեշտությունը գիտակցված է, այնուամենայնիվ առաջնահերթ է համարվում
հայաստանաբնականերին սոցիալական աջակցության տրմադրումը:
«Հայաստանում կան շատ անապահով
հայեր, ում թողած, սիրիահայերին են տրամադրում ֆինանսական օգնություն ու դեռ մի բան
էլ՝ դժգոհում են։ Առաջինը պետք է հայաստանաբնակներին
օգնություն տրամադրեն, հետո իրենց»։
Այսպիսով,
հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ԶԼՄ-ները չեն նպաստում սիրիահայերի ինտեգրմանը: Հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ներում տպագրվող հոդվածները չեն նպաստում հայաբնակների
մոտ սիրիահայերի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև անտեսում են,
չեն թիրախավորում սիրիահայերի ինտեգրման հետ կապված տեղաբնակ հայերին անհանգստացնող
խնդիրները, ինչը բացասական վերաբերմունքի և կարծրատիպերի
ձևավորման հիմք է հանդիսանում և հայաստանյան հասարակության մեջ սիրիահայերի սոցիալական
օտարման ռիսկեր է պարունակում։»
[1] Տես՝ Հայաստանում ապաստան
հայցող, փախստական և տեղահանված երեխաների իրավիճակի գնահատում: ՅՈՒՆԻՍԵՖ: Գլուխ
1: Նախապատմությունը: էջ 20: Երևան: 2016թ:
Комментариев нет:
Отправить комментарий