суббота, 10 декабря 2016 г.

«ՓՅՈւՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Հարցազրույցն անցկացվել է կազմակերպության ծրագրերի համակարգող  Ռուզաննա Սարգսյանի հետ:

Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից անմիջապես հետո: Այն նպատակ է ունեցել աջակցել երկրաշարժից տուժած անձանց, ովքեր ենթարկվել են տարաբնույթ սթրեսների: Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր գործունեության շրջանակը և ստեղծվել են ամառային ճամբարներ, մշակվել է ռազմավարական պլան, որն ունի իր հստակ ուղղությունները՝ հասարակական, քաղաքական, մշակութային, ֆիզիկական, հոգեբանական վերականգնում, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծում և այլն:
Կազմակերպությունը շահառուներ  է ներգրավվում ողջ Հայաստանի տարածքից: Հետևապես Հայաստանի ցանկացած հատվածում բնակվող հաշմանդամություն ունեցող անձ կարող է դիմել նրանց: Թիրախ խմբերն են երեխաները, ծերերը, և առհասարակ, բոլոր նրանք, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն:
Գրանցված շահառուների թիվն անցնում  է  3000-ը, բայց կան նաև շահառուներ, ովքեր գրանցված չեն, սակայն ևս օգտվում են կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից, այն իմաստով, որ նրանք ևս կարող են ստանալ զանազան պարագաներ, օրինակ` հենակներ, սայլակներ և այլն:
Այնտեղ առկա է բազմամասնագիտական թիմ: Կազմակերպության աշխատակիցներն են. նախագահը, ծրագրերի ղեկավարը, հատուկ մանկավարժը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, լոգոպեդը, արտթերապիստը, ֆիզիոթերապևտը, հաշվապահը, անվտանգության ծառայության աշխատակիցները:
Կազմակերպության կողմից իրականացվում են տարանույթ ծրագրեր: Այս ամիս նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես և մարզական միջոցառում: Ներկայումս իրականացնում են վաղ միջամտության ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում: Ծրագրին կարող են մասնակցել 15-16 տարեկան հաշմանդամություն ունեցող անձիք: Ինչպես նաև, կազմակերպությունում ունեն կավագործության խմբակ:
Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ խնդիրներն իրականում բազմազան են, բայց շեշտադրեց ֆինանսականը, քանի որ կազմակերպությունն ունի շենքային մեծ տարածք և դրանով պայմանավորված ծախսը շատ է:
Կազմակերպությունն ունի կամավորների հսկայական բանակ, ինչը կազմակերպության ուժեղ կողմերից մեկն է:
Կազմակերպությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաշմանդամության ոլորտի  ՀԿ-ների հետ, ինչպես օրինակ` «Հայաստանի խուլերի միավորում»  ՀԿ, «Հայաստանի կույրերի միավորում»  հաշմանդամների ՀԿ, «Փրկություն»  հաշմանդամ երեխաների կենտրոն ԲՀԿ և այլն:
Համեմատելով նախորդ տարիները ներկա ժամանակների հետ, Ռ. Սարգսյանը նշեց, որ նկատում է բավականին մեծ առաջընթաց, բայց հավելեց, որ դեռևս անելիքները շատ են: Նրա խոսքերով, տեղաշարժը բավականին մեծ  է դեղորայքների տրամադրման հետ կապված հարցերում, ինչպես նաև, միջավայրը հարմարեցնելու հարցում: Ոլորտում առկա բացերի շարքում նշվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության խնդիրները:
Առկա հիմնախնդիրների լուծման համար Ռ. Սարգսյանը գտնում է, որ պետք է նախ և առաջ բարեփոխել օրենսդրական դաշտը, և որ կարևոր է, օրենքը մշակելիս պետք է հաշվի առնել  ՀԿ-ների կարծիքը, նրանց դերը, բազմամյա փորձը ևս.
«…օրենսդրական դաշտը պետք է մի քիչ փոփոխել: Իհարկե այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, բայց դա բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց... ավտոբուսները հարմարեցված են, այո, բայց դա էլ բավարար չէ»:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ոլորտում խնդիրներն իրապես բազմաթիվ են, և շահագրգիռ կողմերի կողմից դրանց լուծման ուղղությամբ իրականացվում են որոշակի քայլեր, սակայն որքանով են իրականացվող միջոցառումներն արդյունավետ մեկ այլ քննարկման թեմա է, որին ևս կանդրադառնանք ծրագրի շրջանակներում:

Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը համագործակցության և պատրաստակամության համար:
Կազմակերպության տվյալներն են. ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 16,
Հեռ. (+374 )10 56 07 07
Էլ-փոստ` pyunic@arminco.com
Հարցազրույցի վարող` Հ. Վարդանյան