воскресенье, 31 марта 2019 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»․ Հասմիկ Բունիաթյան







2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը:
Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված,  որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:
Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների,  2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:
Այս աշխատանքում կփորձեմ ներկայացնել սահմանված նպատակներից 11-րդը և դրա նվաճման հարցում սոցիալական աշխատողի դերը: Նպատակը հետևյալն է.
Քաղաքավայրերը և մարդկային բնակավայրերը դարձնել, ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն:
Նախ սահմանենք, թե ինչ է սոցիալական աշխատանքը: Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավում են հասարակական հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ ու հավասարակշռված:
Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը հանդես գալով որպես հետազոտող, կազմակերպիչ, բանակցություններ վարող, միջնորդ, իրավունքների պաշտպան, քարոզիչ, փորձագետ, ռեսուրսներ հայթայթող, աջակցային ցանցերի ստեղծող, իրազեկող, ֆասիլիտատոր  և ոգևորող/մոտիվացնող կարող է նպաստել վերոնշյալ նպատակի իրականացմանը:
Մասնավորապես ենթանպատակ 11.1-ը սահմանում է, որ մինչև 2030թ. բոլորի համար պետք է հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարանները և հիմնական ծառայությունները: Իսկ սոցիալական աշխատողը տվյալ պարագայում կարող է ներգրավվել քաղաքականության մշակման մեջ և մշակել բնակարանաշինական, բնակարանով ապահովման արդյունավետ քաղաքականություն, որը հիմնված կլինի նախորդ փորձի, այլ երկրների թույլ տրված սխալների և միջազգային հաջողությամբ ավարտված փորձի վրա:
Ենթանպատակ 11.2-ը սահմանում է հետևյալը.
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին: Սա կարևոր է, քանի որ ինչպես գիտենք շատ քաղաքացիներ պարզապես զրկված են հասարակության մեջ լիարժեք գործառնման հնարավորություններից` այս պայմանների բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես շատ սահմանամերձ լեռնային վայրերում եղանակային առանձնահատկություններով ևս պայմանավորված մարդիկ կարող է չունենալ հնարավորություն տեղափոխվել անհրաժեշտ վայր, գնալ աշխատանքի, իսկ երեխաները` դպրոց: Բացի այդ, մեկ այլ խնդիր է օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ հարմարեցված տրանսպորտի ոչ բավարար քանակը կամ բացակայությունը:
Ինչպես տեսնում ենք շատ կարևոր է վերոնշյալ նպատակի նվաճումը ևս, և այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ` բարենպաստ հող ստեղծելով անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:
Ենթանպատակ 11.3-ում նշված է.
Մինչև 2030թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում: Բովանդակությունից ելնելով կարող ենք եզրակացնել, որ սա միտված է խթանելու համայնքների ներգրավմանը, մասնակցության ապահովմանը իրենց մասին կայացվող որոշումներին: Որպեսզի նրանք չդիտվեն որպես փոփոխության պասիվ կրող, այլ ակտիվ ներգործող անդամ, որը կարող է առաջ բերել դրական փոփոխություններ: Սոցիալական աշխատողը կարող է ակտիվացնել համայնքը, ապահովել նրանց մասնակցության հնարավորությունը` պաշտպանելով նրանց իրավունքը: Կարող է նաև հանդես գալ որպես հետազոտող փորձագետ, ով տեսնում է այս կամ այն հիմնախնդրի առկայությունը, առաջարկում է դրա լուծման ուղիներ, կազմակերպում է համայնքային քննարկում և նպաստում է միասնական որոշման կայացմանը:
Ենթանպատակ 11.7-ում նշվում է.
        Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
         Բնականաբար միջավայրը մեծ նշանակություն ունի բոլորիս կյանքում և բոլորս էլ այս կամ այն կերպ օգտվում ենք դրանից: Բայց բացի այդ մենք ունենք նաև պարտավորություն պահպանել այն հանուն հետագա սերունդների օգտագործման: Մատչելիությունն իհարկե կարևոր արժեք է բոլորիս համար: Սակայն այստեղ, թերևս հարկ է առանձնացնել օրինակ  հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանց համար ապահովել միջավայրային մատչելիություն նշանակում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն նրանց համար: Օրինակ` տեսողության խնդիրներ ունեցող անձանց ապահով տեղաշարժն ապահովելու համար հետիոտնի համար նախատեսված անցումներում լուսակիրների մոտ տեղադրել ձայնային ազդանշաններ, կառուցել ըստ համապատասխան չափորոշիչների թեքահարթակներ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն:
       Ինչ վերաբերում է կանաչ միջավայրի ապահովմանը, ապա այստեղ պետք է մարդկանց մոտ առաջ բերել պատասխանատվության մեծ զգացում, փոխել ընկալումները որոշակիորեն, որպեսզի շրջակա աշխարհը դիտարկվի որպես «ավելի մեծ տուն», որը ևս պետք է խնամենք, մաքրենք, պահպանենք: Այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ կրկին զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ, փոփոխությունների նախաձեռնմամբ, զանազան ծրագրերի իրականացմամբ, որը կնպաստի միջավայրի նկատմամբ մարդկանց դիրքորոշումներում փոփոխությունների առաջացմանը և այլն:
        Առաջին հայացքից կարող է ծագել տրամաբանական մի հարց. “Ինչու՞ հենց սոցիալական աշխատողը”: 
Հիմնավորեմ. Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը տիրապետում է անհրաժեշտ գիտելիքներին և օժտված է ցանկալի ճկունությամբ սոցիալապես նշանակալի նպատակների նվաճման համար: Բնավ չնսեմացնելով մյուս մասնագիտությունների և մասնագիտությունը կրողների արժեքը, հավելեմ, որ սոցիալական աշխատողը ելնելով իր մասնագիտական արժեքներից, սկզբունքներից լավագույնս կարող է նպաստել մարդակենտրոն, համայնքակենտրոն որոշումների կայացմանը, որում փոփոխության նախաձեռնողի և փոփոխության ազդեցությունը կրողի դերում հանդես են գալիս հենց մարդիկ, խմբերն ու համայնքները: 

       Սակայն, ընդհանուր առմամբ, դրական վերջնարդյունք ապահովելու համար անհրաժեշտ են համակարգված, համապարփակ, բազմաոլորտային, բազմամակարդակ և համագործակցային միջոցառումներ:

Աղբյուրը՝

Սոցիալական աշխատանքի հիմունքները, խմբ. Լ. Հարությունյան, ԵՊՀ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, Եր., 2002թ.,
http://www.un.am/hy/news/260
http://un.am/hy/p/sustainable-development-goal-11 

суббота, 2 марта 2019 г.

Սոցիալական աշխատանքի ուսանողը կարող է ավելին․ Հասմիկ Բունիաթյան




«Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության համակարգող, «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հասմիկ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Գրանցենք արդեն իսկ ձեռքբերած փոքրիկ, բայց նշանակալի մեր հաջողությունը և շարժվենք նորերի ետևից նույն եռանդով, սիրով ու միասնականությամբ։
2018թ․ նոյեմբեր ամսին հայաստանյան ԲՈՒՀ-երում մեկնարկ տրվեց «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնությանը, որը նպատակ ուներ, ունի և շարունակելու է ունենալ բարձրացնել սոցիալական աշխատանքի ձայնը ամենատարբեր ոլորտներում և ոլորտներից, հատկապես, մասնավորապես, և ինչու չէ, գլխավորապես ուսանողի շուրթերից, քանզի սոցիալական աշխատանքը, նախևառաջ, ուսանելու, կրթվելու մասնագիտություն է իր իրական արժեքներով իր իրական որակների կողմից, և այսօր սոցիալական աշխատանքի ուսանողը կարող է ավելին, քան ինքն է ընդգծել իր համար այդ սահմանները։
Նախաձեռնության առաջին փուլը սոցիոլոգիական հետազոտությունն էր, որի նպատակը սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում առկա հնարավոր խնդիրների բացահայտումն ու վերհանումն էր նաև ուսանողների տեսանկյունից։ «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական Հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համագործակցության շնորհիվ Ռեստարտի՝ իրապես ազատ ու անկախ ոգով լեցուն գրասենյակում Մենք՝ սոցիալական աշխատանքի՝ ասում են ապագա, բայց թույլ տվեք այլևս որակել ՆԵՐԿԱ մասնագետներս, հանդիպում էինք, զրուցում, քննարկում, բանավիճում, հաղթում ու չէինք պարտվում, ընկերանում էինք, աշխատում, իսկ վերջում ժպիտներ ու սեր նվիրելով միմյանց՝ բաժանվում, նորի՛ց հանդիպելու պայմանով ու ակնկալիքով։
Իհարկե, ունեցանք նաև խոչընդոտներ, սայթաքումներ, բայց եկեք նկատենք, որ դա հաղթանակների ու բարձունքներ նվաճելու իրական ճանապարհն է, և այդ հաղթանակը պատկանում է ոչ թե որևէ անձի, այլ այս կամ այն երևույթի վերափոխմանը, հաստատմանը, ի վերջո՝ ինքնամաքրմանը։
Շնորհակալ ենք, սիրելի՛ ռեստարտցիներ, ձեր անսահման ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի համար, և առաջարկում ենք էլ ավելի զարգացնել ու ամրապնդել մեր համագործակցությունը, քանզի գուցե ընտրված ուղիները տարբեր են, բայց մեր նպատակը մեկն է, մեր նպատակը համընդհանուր է»։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/photo.php?fbid=2009848559320259&set=a.1596127827359003&type=3&theater