пятница, 12 апреля 2019 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՖԵՆՈՄԵՆ Է»․ Հասմիկ Բունիաթյան


ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանք բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության համակարգող Հասմիկ Բունիաթյանի հարցազրույցը «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կայքին։
Անդրադարձ ուսանողական ներուժի և սոցիալական աշխատանք մասնագիտության մասին:
_ Հասմիկ ջան, Ձեր կարծիքով ի՞նչ դեր ունի այսօր ուսանողը մեր երկրում: Ինչպիսի՞ փոփոխություններ կարող է կատարել:
_ Ըստ իս, շատ պրակտիկ և արդիական հարց է: Ես ինքս եղել եմ և հիմա համարվում եմ ուսանող: Այսօր ուսանողը կարող է համարվել պայքարի իրականացման գոտում ակտիվ կրող, քանի որ համարվում է նաև խնդրի կրող: Դիտարկենք հարցը կրթական համակարգում. ուսանողն է, չէ՞, կրթական համակարգի իրականացման կրողը: Եթե համակարգը «հրամայողն» է, իսկ ուսանողը «կատարողը», ապա հրամանն ադրյունավետ է այն ժամանակ, երբ կատարվում է արդյունավետ, իսկ հրամանը արդյունավետ կարող է կատարվել, երբ արդյունավետ ճանապարհներով, մեխանիզմներով է հասնում իրականացնողին: Հետևաբար, ուսանողը ոչ պակաս ակտիվ ու իրավացիորեն կարևոր կողմ է դրական փոփոխությունների կատարման համատեքստում: Գոյություն ունեն փոփոխությունների իրականացման օբյեկտ և սուբյեկտ, եթե ուսանողին դիտարկում ենք օբյեկտ, ուրեմն պիտի ակտիվ օբյեկտ լինի, այսինքն սուբյեկտ-սուբյեկտ պետք է լինի իրականում, ոչ թե օբյեկտ- սուբյեկտ: Այսինքն, ոչ թե կատարող-կատարվող կողմեր, այլ՝ կատարող-կատարող: Միգուցե այսօր ուսանողն է՞լ է լավ պատկերացնում, թե ինչ է պետք իրեն, միգուցե պետք է լսենք նաև իրե՞ն, նոր համապատասխանեցնենք մեր հնարավորությունները ուսանողի կարողություններին և հակառակը:
_ Իսկ ինչո՞ւ ուսանողների մեծ մասը հակված չէ դառնալ փոփոխություն կատարող:
_ Իմ փորձով ասեմ երևի, պատճառներն անհատականացված են: Եթե ուսանողը խնդիրը տեսնում է միայն շրջապատի, տվյալ դեպքում՝ համակարգի մեջ, դա նշանակում է, որ նա դեռևս ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման գործընթացում է՝ նկատելու համար, որ խնդրի աղբյուրը գուցե իրենից էլ կարող է բխել:
Մինչև խնդիրը մեր կաշվի վրա չենք զգում, խնդրի բարդությունը, խնդրի անհաջողությունը, մենք պատրաստ չենք փոփոխություններ կատարելու: Մարդը պայքարող և ձգտող տեսակ է, ուսանողն էլ է պայքարող տեսակ և ուզում է բարձրաձայնել, բայց և միանգամից լուծում ստանալ: Հիմնականում չեն ուզում գործընթացի մեջ լինել: Ես չեմ կարող համընդհանուր ասել, որ ուսանողներն անտարբեր են: Հենց հեղափոխությունը և այս անցումային շրջանը եթե վերցնենք, ուսանողական թևը, որքանով նկատում եմ իմ դիտարկումներում, ունի միասնական ոգի, բայց անհատականացված տեսլական, գաղափարներ, նպատակներ։ Ժամանակի հետ նկատելի է դառնում և հասարակության շրջանում իր դրսևորման համար բնականոն հնարավորություններն է ստանում կորիզ, որն իրապես հասկանում է փոփոխության արժեքը, ձևն ու բովանդակությունը, պատրաստ է միասին շարժվել առաջ նրա հետ, ով ևս միտված է փոփոխության, սակայն պատրաստ չէ ինքնափոփոխման, ինքնաձևակերպման, ասել է թե՝ վերափոխման : Այսինքն, դու ինքդ նախ պետք է պատրաստ լինես փոփոխության, եթե ինքդ քեզ փոփոխեցիր, որ փոփոխվես և փոփոխես, ուրեմն մեծագույն հնարավորություն ունես դրական փոփոխություններին ուղղված քո գաղափարները կյանքի կոչելու: Իմ կարծիքով, մեր անձը գործիք է երևույթների ձեռքին, և այդ երևույթները հենց սնվում ու ծնվում են ինքներս մեզանից, մեր ներսում, մենք ենք նրանց կերակրողը։ Թեորիայի տեսանկյունից եթե նայենք անտարբերության պատճառը ինքդ քեզ հետ հաշտ չլինելն է, այսինքն իրականությունը չընդունելը, տվյալ իրականության հետ չհարմարվելը, նոր փորձելը կատարել առաջ գնալու, ու եթե ուսանողը ընդունի և ճանաչի իրականությունը, ընկալի այն ըստ իր անհրաժեշտ ու նախընտրելի կարիքի, և նոր շարժվի առաջ, ապա ամեն ինչ կստացվի: Մենք միշտ երևույթներն ընկալում ենք միակողմանի՝ մեր տեսանկյունից, բայց կարող ենք նաև այլ տեսանկյունից էլ նայել դրանց: Այլ կերպ ասած՝ կարող ենք, չէ՞, «Յոթ չափել, մեկ կտրել»:
_ Իսկ ի՞նչ հնարավորություններ ունի սոցիալական աշխատանք մասնագիտությունը սովորող ուսանողը:Կա՞ ինչ-որ առանձնահատկություն, ո՞րն է դա:
_ Ես կարծում եմ, որ մենք չպետք է տարբերություն դնենք ուսանողների միջև, բայց առանձնահատկությունը երևի նշեմ: Սոցիալական աշխատանք մասնագիտության գաղափարախոսությունը երբ գտնում ես, բուն բովանդակությունը հենց որսում ես քո աչքերով, դու ներքուստ ազատվում ես արտաքին ճնշումներից: Սոցիալական աշխատանքը ֆենոմեն է, որն աշխարհայացք է փոխում քո մեջ, արժեք է վերածնում կամ արթնացնում այն: Երբ սոցիալական աշխատանքի ուսանողը դա գիտակցում է, նա պատրաստ է ուրիշին այն փոխանցելու: Մասնագիտությունն ինձ օգնել և օգնում է բացահայտել անձին, հնարավորությունները հասկանալ, կարողությունները գնահատել, և այդ ամենի հետ մեկտեղ արժևորել, իսկ այդ ամենի հետ մեկտեղ նաև հնարավոր դրական եղանակներ փորձել, որպեսզի դիմացինը նույնպես իր արժեքը գիտակցի ու գիտակցի իր բարձրագույն արժեք լինելը: Այո, մարդը բարձրագույն արժեք է, սակայն, ըստ իս, նա միշտ չէ, որ իրավացի կարող է լինել: Բոլորն էլ կարող են սխալվել և իրականում ճիշտ և սխալի հարց չկա, ըստ իս` ընկալման մեջ է խնդիրը: Սոցիալական աշխատանքի ուսանողը և ոչ միայն, բազմաթիվ հնարավորություններ ու կարողություններ ունի ինքնաբացահայտվելու և ինքնաճանաչվելու, այսինքն նախ իր վրա կրելու դրական փոփոխություն, նոր դառնալ այդ փոփոխության առաջնորդ և իրականացնող։
_ Ինչո՞ւ որոշեցիք բացել Ձեր հասարակական կազմակերպությունը, ինչը՞ չէր բավարարում, մի քիչ կպատմեք դրա մասին:
_ 2015 թվականն էր, մենք 3-րդ կուրս էինք, և հաշմանդամություն ունեցող անձանց միամսյակն էր: Այնպես ստացվեց, որ հենց դա էլ եղավ ՀԿ-ի ստեղծման հիմքում: Մենք որոշեցինք փոքրիկ խմբով ճանաչողական այց կատարել: Դրա համար դիմեցինք մեր սիրելի մասնագետներից մեկին ՝ ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և Սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Նելլի Մելքոնյանին, ով ունի նշանակալի փորձառություն տվյալ ոլորտում, և կարող էր օգնել գիտակցել ու նկատել մեր նախաձեռնության հիմնավոր նպատակն ու արդյունավետ իրականացումը։ Այցի իրավական հիմքերն ապահովելու համար ԲՈՒՀ-ում, դիմեցինք Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանին, ով սիրով համաձայնեց կանգնել մեր կողքին, ոգևորեց նախաձեռնած քայլն ու մաղթեց հաջողություն իրականացման մեջ։ Եվ, ըստ էության, այդ մաղթանքն էլ մինչ այսօր ու միշտ մեզ հետ է, մեզանում ամուր է պահում այն գիտակցումը, որ կյանքում յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի է, երբ կողքիդ ունես աջակից ու հավատացող։
Սակայն ժամանակի ընթացքում մենք զգացինք և տեսանք, որ առաջանում են հարցեր, որոնք մենք ոչ ֆորմալ դաշտում չենք կարող բարձրաձայնել, քանի որ չունենք դա անելու իրավաբանական և իրավական ուժ, իսկ ՀԿ-ն մեզ ապահովելու էր որոշակի դիրք դաշտում: Սկզբում մենք գրանցվեցինք որպես «Սոցիալական աշխատող ուսանողների միություն», սակայն հետո հասկացանք, որ դա շատ նեղ էր սահմանվում մեր իրական նպատակների համեմատ: 2017 թվականին մենք վերագրանցվեցինք որպես «Սոցիալական աշխատող. աջակցության կենտրոն մարդասիրական ՀԿ»՝ ամբողջովին փոփոխելով մեր կանոնադրությունը: Ուզում եմ անպայմանորեն ընդգծել նաև, որ սոցիալական աշխատանքը կարծրատիպեր վերափոխող արվեստ է, որի ապացույցը մեր կազմակերպության հիմնադիր անդամների անցած մասնագիտական դպրոցներն են՝ ՀՊՄՀ և ԵՊՀ։ Կազմակերպությունը ֆորմալ դաշտում արդեն հիմնադրել ենք երկու անդամով՝ ներկայացնելով սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթություն ապահովող երկու այդ կարևոր կառույցները, ու ընթացքի մեջ, ինչպես և հիմա, մենք ունեցել ու ունենում ենք մեկ հարց՝ այն էլ լուծում ստացող, աշխատանքային ու տրամաբանական՝ ինչպե՞ս։
_ Ի՞նչ կասեք այսօր Հայաստանում սոցիալական աշխատանքի՝ որպես մասնագիտության զարգացման ընթացքի մասին:
_ Սոցիալական աշխատանքն ընդունված է համարել մարտահրավերները հաղթահարելու արվեստ, ես մտածում եմ, որ սոցիալական աշխատանքը նաև մարտահրավերներ նետելու արվեստ է: Կարծում եմ՝ սոցիալական աշխատանքը այս էտապն էլ կհաղթահարի՝ շնորհիվ իր գլխավոր կոչման: Սոցիալական աշխատանքը, ինչպես ցանկացած այլ մասնագիտություն կամ երևույթ, ադապտացիայի ռիսկ ունի, այսինքն՝ չհարմարվելու, սակայն սոցիալական աշխատանքի պատմությունը ցույց է տալիս, որ նա հարմարվում է: Ոլորտում կատարվող գործընթացները, պետք է որ, մասնագիտության և հետևապես անձի, ընտանիքի, համայնքի, ի վերջո՝ հասարակության զարգացումը խթանեն։ Այսօրվա ընթացքը ինձ համար հուսադրող է և անպայմանորեն փոփոխություններ առաջ բերող: Կարծում եմ, որ ամեն մեկս պետք է մեր գործով զբաղվենք, և ոչ թե սպասենք փոփոխություններ լինեն՝ նոր գործենք: Ամեն մեկիս կատարած աշխատանքն է հենց դառնում փոփոխության աղբյուր:
_ Ի՞նչ մտահոգություններ ունեք ոլորտի հետ կապված:
_ Մտավախություն ունեմ, որ կատարվող փոփոխությունները, որոնք միտված են դրականության, այնուհանդերձ, բերելու են մասնագիտական անտարբերության ու անհատի հիասթափության, բայց դրա հետ մեկտեղ էլ դաշտի ստաբիլության ու մասնագիտական ոգեշնչման: Անտարբերություն կլինի, երբ ակնկալիքները չեն արդարանա, սակայն նույն այդ ակնկալիքը ինքդ քեզ համար արդարացի, իրականանալի ու հիմնավոր է դառնում, երբ ինքդ պատասխանատու ես դառնում նրա համար: Նրանք, ովքեր պատրաստ են փոփոխության և կանեն իրենց առջև դրված խնդիրները, ուրեմն պատրաստ են սոցիալական աշխատանքի ժամանակային հրամայականի փոփոխությանը: Ստաբիլություն կլինի, երբ ընդունենք իրականությունը ինչպիսին որ կա։ Ստաբիլացումից հետո էլ, և այս մասնագիտության համար անգամ ստաբիլության սակավ հանդիպման դեպքում, մասնագետը կարող է ինքնիրացվել ու դրսևորվել իր ստեղծագործական ամբողջ ներուժով՝ ի նպաստ բոլոր նրանց կամ նրա, ում մասին այդ պահին ու առհասարակ, հոգում է, ուզում է ու պատրաստ է հոգալ։
_ Արդյո՞ք ոլորտի խնդիրները գալիս են բուհական համակարգից, որտեղ ուսանողները ստանում են սոցիալական աշխատանք մասնագիտությունը:
_ Առաջնային է հասկանալ, թե որն է ուսանողի համալսարան ընդունվելու, մասնագիտության ուսանող դառնալու ընտրության հիմքերը, մոտիվացիան ու նպատակը: Ցավոք ստի, պետք է պատասխանեմ՝ այո: Կրթական համակարգի բացերը նկատելի են, բուհական համակարգում շատ են հարցերը: Այս տարի «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության հետ համագործակցելով մենք հետազոտություն կատարեցինք, որի արդյունքները ցույց տվեցին, որ բուհական համակարգը, չնայած առկա բացթողումներին ու հնարավոր խնդիրներին, պատրաստ է փոփոխությունների, այլ հարց է , թե ինչպիսի փոփոխությունների:
_ Ի՞նչ խնդիրներ կնշեիք:
_ Ըստ իս, հիմնական խնդիրները հետևյալն են.
Կրթական համակարգը ինչպես է ուզում, որ սոցիալական աշխատանքը հասնի ուսանողին,
Բուհական համակարգը ինչպես է ուզում մատուցվի ուսանողին,
Ուսանողն ինչպես է ուզում, որ սոցիալական աշխատանքը մատուցվի իրեն:
Սրանք մակրո, միկրո և մեզո մակարդակում եղած հիմնական խնդիրներն են։ Եվ երբ այդ խնդիրներյն գումարվում է հենց ինքնին սոցիալական աշխատանքի պաշտպանության կարևորագույն խնդիրը մեր երկրում, պատկերը ուրվագծվում է առավել հստակ ու այս պահին դեռևս ռիսկային երանգներով սոցիալական աշխատանքի համար:
_ Ձեր կարծիքով ինչպիսի՞ լուծումներ են պետք համակարգի բացերը լրացնելու համար:
_Կընդգծեմ վերոնշյալ այն միտքս, որ ժամանակն է միավորելու կոչերը տեսական դաշտից գործնականի բերելը։ Միավորման համար բարձրաձայնել է պետք և գործել, խոսքից անցնել գործի, որտեղ ոչ թե կբախվեն շահերը, այլ՝ կհամընկնեն: Դրական փոփոխությունների համար ցանկության և հնարավորության մեկտեղում է հարկավոր: Ջանքերն այս առումով, լիահույս ենք, որ կտան իրենց արժեքավոր պտուղները, քանզի մարդկային ամենապարզ ու խոսուն կարիքը ուղղակիորեն չի սպասում։
Աղբյուրը՝
http://restarttimes.am

Комментариев нет:

Отправить комментарий