понедельник, 30 октября 2017 г.

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ_ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ



Այս մոտեցումը ձևավորվել է ընդհանուր համակարգային տեսության հիման վրա,  սակայն հարստացվել «միջավայր» և «միջավայրային փոխազդեցություն» հասկացություններով, որոնցից և ստացել է իր անվանումը։
Միջավայրային մոտեցումը ենթադրում է ադապտիվ, զարգացնող հայացք մարդու վերաբերյալ միջավայրի տարրերի փոփոխությունների պայմաններում, որոնք կարող են զարգացնել մարդկային պոտենցիալը կամ դժվարեցնել զարգացումը։ Բոլոր միջավայրային հայեցակարգերը տրանսակցիոնալ բնույթ ունեն։ Մարդիկ, ֆիզիկական և սոցիալական միջավայրերը հստակորեն բացատրվում են միայն իրենց հարաբերությունների համատեքստում, իսկ այդ հարաբերությունները ենթադրում են, որ անհատները, խմբերը և ֆիզիկական ու սոցիալական միջավայրերը շարունակաբար փոխազդում են որոշակի պատմական և մշակութային համատեքստում։
Ըստ միջավայրային մոտեցման՝ արտաքին կենսական և ներքին սթրեսորները ենթադրում են անհատական միջավայրում բացասական հարաբերությունների առկայություն։ Կենսական սթրեսորները բնութագրում են վախը, անզորությունը, տագնապը ապագա վտանգի կամ կորստի մասին։ Ներքին հուզական կամ հոգեբանական սթրեսը անհատ–միջավայր հարաբերություններում կենսական սթրեսների հետ համակերպվելու անհատի առաջնային պատասխանն է։ Երկրորդային արձագանքի ընթացքում անհատը փորձում է հարմարվել սթրեսորներին և մշակել համակերպման չափորոշիչներ։ Անձնային ռեսուրսները (մոտիվացիա, խնդիրների լուծման և հարաբերություններ հաստատելու հմտություններ) որոշ չափով կախված են նախորդ և ներկա միջավայրերի հետ շփման փորձից։ Միջավայրային ռեսուրսները (ֆորմալ կազմակերպական ռեսուրսներ, մտերիմների, ընկերների, հարևանների ոչ ֆորմալ աջակցություն) կախված են դրանց հասանելիությունից և անհատի կողմից դրանց հասնելու և օգտագործելու կարողությունից։ Միջավայրային տեսությունը նշում է նաև, որ երբ մարդիկ ունենում են միջավայրի հետ հարաբերվելու դրական փորձ, նրանք ձեռք են բերում արդյունավետության փորձ, որը ենթադրում է փորձառության բարձրացում։ Փորձառությունը, իր հերթին, մարդու մոտ զարգացնում է ինքնահարգանք և ինքնորոշում։ Միջավայրային տեսությունը քննարկում է ևս մեկ շատ կարևոր հասկացություն՝ «բնական միջավայր» (habitat), որը բնութագրում է վայրը կամ տեղը, որտեղ գտնվում է տվյալ օրգանիզմը։ Փոխաբերական իմաստով այս հայեցակարգը բնութագրում է որոշակի ֆիզիկական և սոցիալական պայմանները որպես անհատի բնակավայր։ Միջավայրային մոտեցման սահմաններում բնակատեղին համայնքի սոցիալական կառուցվածքում դրա անհատների և խմբերի կողմից զբաղեցրած սոցիալական կարգավիճակն է։ Քանի որ միջավայրային մոտեցումը ենթադրում է օրգանիզմի ուսումնասիրությունը իր իսկ միջավայրում, ապա այն հատկապես կիրառելի է սոցիալական աշխատանքում որպես անհատին իր իսկ միջավայրում դիտարկելու և ուսումնասիրելու միջոց։
Հեմեյնը և Հիտտերմանը 1980–ական թվականներին ներկայացրեցին միջին տևողության «կյանքի մոդելը», որը հանդես եկավ որպես համակարգային–միջավայրային տեսության կիրառում սոցիալական աշխատանքում։ Բնականաբար, «կյանքի մոդելը» մարդկանց դիտարկում է որպես իրենց միջավայրի հետ անընդհատ փոխազդող և մշտապես վերջինիս հարմարվող էակների։ Մարդիկ ոչ միայն փոխվում են այդ միջավայրի ազդեցության տակ, այլ նաև իրենք փոխոխության են ենթարկում այն։ Նրանք զարգանում են այդ միջավայրում, իսկ վերջինս կարող է դրան խոչընդոտել կամ աջակցել։ Սոցիալական հիմնախնդիրները խոչընդոտում են փոխադարձ հարմարմանը, իսկ ոչ բավարար ռեսուրսները զարգանալու հնարավորություն չեն տալիս։ Այսպիսով՝ հիմնախնդիրների լուծումն աջակցում է մարդու և միջավայրի փոխհարմարմանը և հնարավորություն է տալիս անհատներին, խմբերին և ընտանիքներին գործել արդյունավետ:
Գոյություն ունեն մի շարք իրավիճակներ, որոնք առաջացնում են տարատեսակ սթրեսներ և խախտում են փոխադարձ հարմարման ընթացքը։ Դրանք են.
§  կյանքի փոփոխությունները, օրինակ` նոր դերի ստանձնումը,
§  միջավայրային ճնշումները, օրինակ`շահագործումը կամ խտրականությունը,
§  միջանձնային բախումները, օրինակ` ներընտանեկան կոնֆլիկտներ կամ բախումներ անհամապատասխան սպասումների պատճառով:
Ըստ այս մոդելի աշխատանքի նպատակն է ուժեղացնել անհատի կամ ընտանիքի ադապտատիվ ունակությունները և ազդել նրանց միջավայրի վրա` երկու կողմերին միմյանց հարմարեցնելով։ Այս առումով «կյանքի մոդելի» իրականացումը կատարվում է երկու հիմնական մասով՝
§  աշխատանք խորհրդառուի հետ,
§  աշխատանք խորհրդառուի միջավայրի հետ:
Խորհրդառուի հետ աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատողը շեշտը դնում է հետևյալ գործոնների վրա.
§  ունակությունների ուժեղացում, օրինակ` խորհրդառուի կողմից նպատակների արժևորում, հուզական աջակցություն,
§  ուսուցում, օրինակ` սովորեցնել հիմնախնդիրների լուծման հմտություններ, տալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել ընկալումները,
§  ֆասիլիտացիա (հեշտացում), օրինակ` օգնել նպատակների սահմանման ընթացքում, հեշտացնել շփումները, հեռացնել չհիմնավորված կոնստրուկտները մարդու գործողությունների շարքից:
Միջավայրի հետ աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատողը  շեշտը դնում է  հետևյալ գործոնների վրա.
§  միջնորդում, օրինակ` օգնում է խորհրդառուին և տարբեր համակարգերին հանդիպել և համագործակցել ռացիոնալ սկզբունքներով,
§  իրավունքների և շահերի պաշտպանություն, օրինակ` սոցիալական աշխատողը ճնշում է գործադրում կազմակերպությունների վրա խորհրդառուի իրավունքներն իրացնելու համար` ներառելով նաև սոցիալական ակցիաների կազմակերպումը,
§  կազմակերպում, օրինակ` որոշակի արտոնություններ ունենալու համար պետք է ստանալ որոշ կառույցների աջակցությունը: Սոցիալական աշխատողը կազմակերպում է աջակցային ցանցի ստեղծումը. աջակցային ցանցը մեծ նշանակություն ունի այս մոդելով աշխատանքի շրջանակներում:
«Կյանքի մոդելով» աշխատանքն իրականացվում է հետևյալ փուլերով.
1. Սկզբնական փուլ, որտեղ սոցիալական աշխատողը գնահատում է խորհրդառուի կարիքները, փորձում է հասկանալ, թե որ օգնող համակարգերի հետ է խզված կապը, և ինչն է խանգարում փոխադարձ հարմարմանը։ Մեծ նշանակություն ունի նախկինում ունեցած հիմնախնդրի լուծման խորհրդառուի փորձի ուսումնասիրությունը։ Ըստ այս մոդելի հեղինակների՝ չափազանց կարևոր է, որ սոցիալական աշխատողն ունենա շատ խորը տեսական գիտելիքներ տվյալ հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս փուլում ստեղծվում է խորհրդառուի ընտանիքի գենոգրամը և նրա շրջապատի էկոգրամը, որոնք տեղեկությունների գրաֆիկական արտահայտումն են։ Գենոգրամը և էկոգրամը հնարավորություն են տալիս պարզ, պատկերավոր տեսքով ներկայացնել մարդու անմիջական միջավայրը և նրա շփման, ինչպես նաև աջակցության ցանցերը։
2. Ընթացակարգային փուլ, որի ընթացքում փորձ է կատարվում տալ հիմնախնդրի լուծումներ, վերականգնել կամ ստեղծել հարաբերություններ համապատասխան համակարգերի միջև, ինչպես նաև աշխատել փոխադարձ հարմարվողականությունը վերականգնելու ուղղությամբ, ինչը հիմնականում իրականցվում է վերը թվարկված գործողությունների միջոցով։ Այս փուլում կարևոր է ձեռք բերված փոփոխությունների, այդ թվում՝ ձևական, ամրագրումը։
3. Ավարտական փուլ, որը ներառում է սոցիալական աշխատողի հեռանալը խորհրդառուի համակարգից։ Այս հեռացումը պետք է հնարավորինս անցավ անցնի խորհրդառուի համար, այդ իսկ պատճառով սոցիալական աշխատողը հարաբերությունների ստեղծման ամենաառաջին փուլում արդեն պետք է պահպանի խորհրդառուի անկախությունը և չներխուժի նրա կյանք ավելին, քան դա պահանջում է աշխատանքի նպատակը։ Ավարտական փուլի մյուս կարևոր մասը աշխատանքի առաջընթացի գնահատումն է խորհրդառուի և սոցիալական աշխատողի քննարկման արդյունքում։ Ընդհանուր առմամբ, այս մոդելը ունի կիրառման լայն հնարավորություններ և հատկապես օգտավետ է միջավայրի կողմից մերժված, մեկուսացված, խտրականության և հատկապես բռնության ենթարկված խորհրդառուների հետ աշխատանքում։ Այն հավասարաչափ արդյունավետ է ինչպես անհատների, այնպես էլ խմբերի և հատկապես ընտանիքների հետ աշխատանքում։

Ընդհանրացնելով` նշենք, որ «կյանքի մոդելը» շեշտը դնում է արտաքին աշխարհի հետ փոխազդեցությունը հասկանալու և ղեկավարելու հնարավորության ու կարևորության վրա: Այս դեպքում սոցիալական աշխատանքի հիմնական գործունեությունն ուղղված է խորհրդառուի հարմարվելու կարողությունների զարգացմանը և նրա միջավայրի վրա ազդեցության ուժեղացմանը` խորհրդառուի և միջավայրի միջև ավելի ադապտատիվ փոխհարաբերություններ հաստատելու նպատակով:
Աղբյուրը՝
Осипова А.А. Справочник психолога по работе в кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).

Комментариев нет:

Отправить комментарий