вторник, 17 октября 2017 г.

ՀՈԳԵԴԻՆԱՄԻԿ ՄՈԴԵԼԻ ՏԵԽՆԻԿԱՆ. ԱՋԱԿՑՈՂ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ


Սոցիալական աշխատանքում հոգեդինամիկ մոդելի հիմքում ընկած է հոգեվերլուծության տեսությունը, որի հիմնադիրն է ավստրիացի նշանավոր հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը: Հոգեվերլուծությունը հոգեբանական տեսությունների մեջ առավել ազդեցիկներից է և չէր կարող չանդրադառնալ սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի վրա: Հոգեվերլուծության ազդեցությունն առաջին անգամ զգացվել է 1920-ական թթ հատկապես Մեծ Բրիտանիայում, սակայն առավել ցայտուն այդ ազդեցությունն արտահայտվեց 1960-ական թթ. վերջին (Ֆլորենս Հոլիս 1964, հոգեսոցիալական մոտեցում):  
Հոգեդինամիկ մոդելը, հիմքում ունենալով հոգեվերլուծության հիմնական գաղափարները, ելնում է այն կանխադրույթներից, որ
§  անհատի ցանկացած վարք պայմանավորված է գիտակցության մեջ տեղի ունեցող                                          գործընթացներով, կապերով, փոփոխություններով,
§  գիտակցությունը ոչ միայն խթանում է անհատի վարքը, այլև նրա միջոցով ազդում է սոցիալական միջավայրի վրա,
§  անհատի վարքը ազդում է և ազդեցություն է կրում սոցիալական միջավայրի կողմից:
Հենց այս կանխադրույթների հիման վրա է, որ մոդելը կրում է հոգեդինամիկ անվանումը: Հոգեդինամիկ մոդելի առաջին առանձնահատկությունն այն է, որ այն պատկանում է չհրահանգող (ոչ դիրեկտիվ) մոդելների շարքին: Դա արտահայտվում է խորհրդառուի և սոցիալական աշխատողի միջև բաց, «թույլատրելի» և վստահելի հարաբերությունների մեջ` բացառելով վարչարարական, վերահսկող ոճը:
Հոգեդինամիկ մոդելի մյուս առանձնահատկությունն այն է, որ սովորաբար կիրառվում է այն պայմաններում, երբ անհրաժեշտ է ախտորոշում կատարել խորհրդառուի հիմնախնդրի բնույթի և պատճառների վերաբերյալ: Հաճախ խորհրդառուն բախվում է այնպիսի դժվարությունների, երբ չի կարող բացատրություն տալ դրանց առաջացման պատճառների մասին կամ, երբ խորհրդառուն գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր, ճնշված վիճակումդրսևորում է անհամապատասխան վարք ու զգացմունքներ և չի կարողանում հասկանալ, տրամաբանական կապ ստեղծել իր վիճակի և կյանքի որոշ իրադարձությունների միջև` հայտնվելով խառնաշփոթության մեջ:
Այս պարագայում հոգեդինամիկ մոդելով աշխատող մասնագետը կարող է օգնել խորհրդառուին  մանրամասն հետազոտել իր սեփական անձը, իր անցյալը, մանկությունը, ծնողների հետ փոխհարաբերությունները և անցում կատարել ներկայիս իրավիճակ: Այն դեպքում, երբ սոցիալական աշխատողի հետ աշխատանքի ընթացքում խորհրդառուի կողմից տեղի է ունենում թաքնված, անգիտակից մտքերի ու զգացումների վերարտադրություն, նրանց դուրսմղում հրատապ, գիտակից իրավիճակ, այդ դեպքում մենք գործ ունենք Ֆրոյդի կողմից սահմանված ինսայթի հետ: Եթե փորձենք բառացիորեն թարգմանել, ապա ինսայթը նշանակում է «նայել ներս», «ներհայել», այսինքն` դա անհատի կարողությունն է` ներթափանցել իր իսկ ներքինի մեջ: Ինսայթը խորհրդառուին հնարավորություն է տալիս անցյալում գիտակցաբար ճնշված կոնֆլիկտը բերել ներկա և լուծել: Խորհրդառուի մոտ կարծես «փայլատակում է» տեղի ունենում և նա գիտակցում է անցյալի և ներկա հիմնախնդրի միջև եղած կապը:
Ինսայթը սովորաբար տեղի է ունենում խորհրդատուի և սոցիալական աշխատողի համատեղ աշխատանքի ընթացքում, երբ խորհրդառուն մասնագետի օգնությամբ քննարկում է հիմնախնդրի հետ կապված անցյալում տեղի ունեցած իրադարձությունները, փաստերը, զգացմունքները` բացահայտելով և ներկայի նյութ դարձնելով հիմնախնդրի առաջացման պատճառները:
Այստեղ կարող է հարց առաջանալ. ի՞նչ «ներքին», «թաքնված» կոնֆլիկտների մասին է խոսքը, ինչպե՞ս է անհատին հաջողվում դրանք «թաքցնել»: Դա տեղի է ունենում էգո-ի, Սուպեր էգո-ի և Իդ-ի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ժամանակ: Էգո-ի, Սուպեր էգո-ի և Իդ-ի միջև ծագող կոնֆլիկտների լուծմանն են ուղղված պաշտպանական մեխանիզմները: Այսինքն, անհատի հիմնական բնութագրերից մեկն այն է, թե ինչպես է նրա «էգոն» (գիտակցությունը) կառավարում, հաղթահարում կոնֆլիկտային իրավիճակները, որոնք սովորաբար առաջանում են այն ժամանակ, երբ «Իդ»-ի պահանջմունքները  (բնազդները) բախվում են «էգոյի» և «Սուպեր էգոյի» (անհատի կողմից յուրացված հասարակական արժեքներ և նորմեր) պահանջմունքների հետ: Նմանատիպ պայմաններում մարդու մեջ առաջանում է տագնապալիության զգացում, որը «էգոն» փորձում է հաղթահարել կամ չեզոքացնել պաշտպանական մեխանիզմների միջոցով:
Եվ հոգեդինամիկ մոդելի շրջանակներում սոցիալական աշխատողն օգնում է խորհրդառուին հասկանալ իր վարքի շարժառիթները, տագնապալիության զգացման առաջացման պատճառները` հիմնվելով խորհրդառուի մանկությունից եկած փորձի, չլուծված կոնֆլիկտների և կյանքի ընթացքում նրա կողմից օգտագործվող պաշտպանական մեխանիզմների բացատրության վրա:
Այս ամենն իրականացնելու համար պահանջվում է երկարատև աշխատանք, այդ իսկ պատճառով հոգեդինամիկ մոդելը դասվում է երկարատև մոդելների շարքին:
Հոգեդինամիկ մոդելով աշխատելիս առավել կարևոր գործոններից է սոցիալական աշխատողի և խորհրդառուի միջև այնպիսի էմոցիոնալ կապի և փոխհարաբերությունների ստեղծումը, որը կնպաստի խորհրդառուի թաքնված խնդիրների  և չբավարարված զգացմունքների բացահայտմանը, որն էլ բուժիչ ազդեցություն է ունենում: Այս երևույթը Ֆրոյդն անվանում է տրանսֆեր: Հոգեվերլուծական սեանսների ընթացքում խորհրդառուները հոգեվերլուծողին ընդունում են որպես իրենց վաղ մանկությունում կարևոր անձանց փոխարինող և նրա վրա են տեղափոխում իրենց զգացումներն ու հույզերը, օրինակ` սերը, թշնամանքը: Տրանսֆերը խորհրդառուի անգիտակցական ցանկությունն է բավարարել իր անցյալում անգիտակցորեն չբավարարված պահանջմունքը այն մարդու հաշվին, որը նրան տվյալ պահին օգնություն է մատուցում: Տրանսֆերի մեթոդն անհրաժեշտ է, քանի որ նրա օգնությամբ սոցիալական աշխատողը ցույց է տալիս է խորհրդառուին անցյալի մանկական զգացմունքների նախատիպերը: Տրանսֆերը խորհրդառուի անգիտակցական նյութի առավել արժեքավոր և հիմնական աղբյուրն է վերլուծության համար և միևնույն ժամանակ լուրջ խոչընդոտ խորհրդատվության հաջողության համար: Տրանսֆերը անցյալից «ձերբազատվելն» է, ներկայի թյուր ընկալումը անցյալի միջոցով:
Աշխատանքի ընթացքում կարող է տեղի ունենալ նաև հակատրանսֆերի (կոնտրտրանսֆեր) երևույթը, երբ մասնագետն իր անձնական զգացմունքներն ու թաքնված մտքերը` կապված անհատական չլուծված խնդիրների հետ, վերագրում է խորհրդառուին: Սա այնքան էլ ցանկալի երևույթ չէ և կարող է վնասել համատեղ աշխատանքին:
Հոգեդինամիկ մոդելի շրջանակներում խորհրդառուի Էգոն հակվածություն ունի դիմադրել անցյալի նյութի վերարտադրմանը. նա վախեցած է անբավարարության հնարավորությունից, որը կարող է առաջանալ գիտակցականի կողմից ճնշված նյութի ուսումնասիրումից: Էգոն պաշտպանում է իրեն ճնշող Իդից դիմադրության օգնությամբ: Դիմադրությունը Էգոյի` իրեն պաշտպանելու փորձն է, իր հոգեբանական հավասարակշռությանը սպառնացող վտանգից փախուստը, որը ծագում է հոգեվերլուծական սեանսի ընթացքում: Դիմադրությունը, Ֆրոյդի բնորոշմամբ, միտված է խանգարել անընդունելի մտքերին, զգացմունքներին կամ ցանկություններին դառնալ գիտակցված: Դիմադրությունը առկա է ողջ աշխատանքի ընթացքում և այն ուժն է, որը խանգարում է խորհրդառուին ներգրավելու սոցիալական աշխատանքի գործընթացի մեջ:
Դիմադրության մակարդակը կախված է խնդրի բնույթից, օգտագործվող պաշտպանողական մեխանիզմներից (օրինակ` ցածր ինքնագնահատականն ուղեկցվում է տագնապալիության բարձր աստիճանով և մեծացնում է դիմադրությունը):
Աջակցող և վերափոխող ընթացակարգերը սոցիալական աշխատանքում: Ընդունված է տարբերակել բուժման ընթացակարգի երկու հիմնական տեսակ` աջակցող (ուղղված է տագնապալիության նվազեցմանը և խորհրդառուին գործողությունների շարժառիթների ակտիվացմանը) և վերափոխող (բարձրացնում է ինքնավստահությունը, ակտիվացնում է իրավիճակին տիրապետելու կարողությունը և զգացումները, ինչպես նաև տագնապալիության աստիճանի նվազեցման արդյունքում իր կյանքը փոխելու ընդունակությունը):
Աջակցող ընթացակարգերը ներառում են տեխնիկական միջոցների հետևյալ խմբերը`
  • Վենտիլյացիա (հերթագայություն). խորհրդառուն բարձրաձայն արտահայտում է իր մտքերն ու զգացումները (հաճախ թաքցված կամ ճնշված, օրինակ` թշնամություն, ագրեսիա)` դրանով թեթևացնելով ծանրաբեռնված էգո-ն և ազատելով էներգիան կոնկրետ խնդրի լուծման համար:
  • Թուլացումն  օգնում է խորհրդառուին սթափ տեսնելու իրականությունը` այն խոստումների բացակայությունը, որոնք չեն կարող կատարվել: Սա մեծացնում է էգո-ի` իրավիճակը ճիշտ գնահատելու ընդունակությունը:
  • Համբերատարությունը մասնագիտական հարաբերությունների ժամանակ թույլ է տալիս մեղմացնել Սուպեր էգո-ի ճնշումը. անհատը պակասեցնում է ինքնաքննադատությունը, հոգնածությունը, խստությունն իր հանդեպ և դադարում է ամաչել պրոբլեմի գոյությունից, ավելի հանգիստ է տանում բացասական զգացմունքները:
  • Տրամաբանական քննարկումները թույլ են տալիս սոցիալական աշխատողին գնահատել խորհրդառուի ընդունակությունները` բացատրելու և հակադրվելու  իրականությանը` առանց նրանից փախչելու:
  • Խորհրդառուին տեղեկատվությամբ ապահովելն ուժեղացնում է էգո-ի մղումը` լուծելու պրոբլեմը, քանի որ այն օգնում է խորհրդառուին առանձնացնել իրականը մտացածինից:
  • Խորհուրդներն ու ցուցումներն հոգեսոցիալական մոդելի շրջանակներում նշանակում են սոցիալական աշխատողի կողմից հնարավորությունների մեծացում` հասկանալու խորհրդառուի պրոբլեմը և խրախուսում են նրա սեփական ջանքերի և ներուժի օգտագործումն`ուղղված իրավիճակի վերահսկման մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, անհայտության և կասկածելիության նկատմամբ վախի պակասը նպաստում են էգո-ի հարմարմանը:
  • Փոփոխությունները միջավայրի օգնությամբ ենթադրում են, որ անհրաժեշտության դեպքում աշխատողը փորձում է փոխել խորհրդառուի անմիջական միջավայրը` օգնելով նրան նյութապես, տնտեսության մեջ կամ կատարելով փաստաբանի գործառույթներ: Գտնելով անհրաժեշտ ռեսուրսներ` սոցիալական աշխատողը խորհրդառուի հետ կիսում է պրոբլեմի ծանրությունը, իսկ անհանգստության նվազեցումը նպաստում է խորհրդառուի վստահության աճին:
Աղբյուրը՝
Осипова А.А. Справочник психолога по работе в кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).

Комментариев нет:

Отправить комментарий