«Միջամտություն ճգնաժամային
իրավիճակին» մոտեցումն առաջարկվել է Կապլանի կողմից հոգեկան հիվանդությունների կանխարգելման
տեխնիկաների հետազոտման ընթացքում։ Ըստ Կապլանի՝ հոգեկան շեղումների կանխարգելումը
հնարավոր է ավելի արդյունավետ դարձնել, եթե աջակցությունն իրականացվի ավելի վաղ ժամանակահատվածում՝
ճգնաժամային իրավիճակում։
Սոցիալական աշխատանքում «միջամտություն ճգնաժամային
իրավիճակին» մոդելի հեղինակն է Նաոմի Գոլանը, ով 1978 թ. ներկայացրել է նույնանուն տեսությունը։ Ըստ Գոլանի՝ ամեն մարդ իր կյանքում հանդիպում է որոշակի ճգնաժամերի, որոնք լինում են սպասելի կամ անսպասելի։ Յուրաքանչյուր լուծված ճգնաժամ
զարգացնում է հիմնախնդրի լուծման ռազմավարություն, իսկ ամեն չլուծվածն ուժեղացնում է լարվածությունը և սթրեսը։ Ճգնաժամի ենթարկված մարդիկ ավելի են հակված օգնություն ընդունել և նոր հմտություններ ձեռք բերել։
Ըստ Լիդիա Ռապոպորտի՝ ճգնաժամ է կոչվում հաստատուն իրավիճակում հավասարակշռության կորուստը։ Այսինքն` ճգնաժամը սթրեսների հետ կապված մի իրավիճակ է, որին մարդը չի կարողանում հարմարվել՝ հենվելով
իր ունեցած հմտությունների և ռազմավարությունների վրա։
Ճգնաժամը
որպես գործընթաց բաղկացած է 3 փուլից.
1. Ճգնաժամի սկիզբ, որի ընթացքում նկատվում է լարվածության աճ` որպես հակազդում
սթրեսին։ Այս փուլում մարդը փորձում է լուծում գտնել իրեն ծանոթ մեթոդներով ու միջոցներով։
Եթե այս փուլում ճգնաժամի լուծումը անհաջող է լինում, ապա այն անցնում է երկրորդ փուլին։
2. Միջնամաս, երբ ճգնաժամն աճում է, քանի որ անհատը չի կարողանում օգտագործել
նախորդ փորձը, իսկ արդյունքում նրա մոտ առաջանում է գրգռվածություն և ուժգին լարվածություն։
Այս փուլը կոչվում է նաև ակտիվ ճգնաժամի իրավիճակ։
3. Ակտիվ ճգնաժամային իրավիճակից հետո
վրա է հասնում ճգնաժամի ավարտը, որը կարող է ունենալ 3 հիմնական արդյունք. 1.
հիմնախնդիրը ստանում է լուծում: 2. Անհատը, ունենալով խնդրից ազատվելու զգացում և չկարողանալով
լուծել այն, վերագնահատում է ճգնաժամի վտանգավորությունը և ուժգնությունը որպես նվազ
սպասռնալի: 3. Անհատը փախչում է հիմնախնդրից:
Ճգնաժամ են առաջացնում հետևյալ սթրեսածին երևույթները.
կորուստը, սպառնալիքը կամ վտանգը, փոփոխությունը, մարտահրավերները:
Ճգնաժամին միջամտելու տեխնիկան: Ճգնաժամի լիակատար հաղթահարումն
ապահովելու և հետագայում դրա կրկնությունը կանխելու նպատակով
հարկավոր է իրականացնել խորհրդառուի վերաինտեգրում, որը պետք է ներառի հետևյալ 3 քայլերը, որոնք հանդիսանում են նշված մոդելի փուլեր.
- Ընկալման կոգնիտիվ ուղղում/շտկում. Ենթադրում է, որ խորհրդառուին տրամադրվում
է ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն
իր հետ պատահածի մասին, ինչն, իր հերթին, հնարավորություն է տալիս ավելի ճիշտ մոտեցում ձևավորել ծագած
ճգնաժամային երևույթի նկատմամբ։
- Զգացմունքների կառավարում, այդ թվում նաև ծայրահեղ զգացմունքների
արտահայտում։ Այս քայլի կարևորագույն տեխնիկաներից են 1) զգացմունքների ընդունումը
և 2) մտքերի
և հույզերի տարանջատումը։
- Վարքային նոր ռազմավարության զարգացում: Այս փուլում սոցիալական աշխատողի
աջակցությամբ խորհրդառուն ձևավորում է այնպիսի վարք, որը հնարավորություն է տալիս նրան հարմարվել նորաստեղծ վիճակին:
Բացի վերը ներկայացված ճգնաժամային
իրավիճակի և դրա հաղթահարման դասական մոտեցումից, կա ևս մեկ մոտեցում, որը զարգացվել
է բրիտանացի սոցիալական աշխատող Ռոբերտսոնի կողմից (1991 թ.)։ Ռոբերտսոնն առաջարկել
է «ճգնաժամային դեպքերի» հետ աշխատանքի հետևյալ 7 փուլերը.
1)
Խորհրդառուի շրջապատին սպառնացող ռիսկերի և անվտանգության գնահատում,
2)
Խորհրդառուի հետ կապի, շփման և հաղորդակցության հաստատում,
3)
Հիմնական հիմնախնդիրների նույնացում,
4)
Զգացմունքների կառավարում և հուզական գիտակցում,
5)
Այլընտրանքների հայտնաբերում,
6)
Գործողությունների պլանի մշակում,
7)
Աջակցության իրականացում/տրամադրում և իրավիճակի վերահսկում:
Այս երկու մոտեցումները
ենթադրում են, որ սոցիալական աշխատանքի նշյալ մոդելը կոչված է զարգացնելու խորհրդառուի
վարքային ռազմավարությունները և կարողությունները՝ նոր վիճակին հարմարվելու և սեփական
ուժերը ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:
Միջամտության
սկզբնական փուլում հիմնականը աջակցող գործողություններն են`
անհանգստության,
լարվածության, մեղավորության զգացման
մակարդակը իջեցնելու համար:
Աջակցող
գործողությունները լինում են վերբալ (խոսքային) և ոչ վերբալ: Առաջին հարցազրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել
ճգնաժամային
իրավիճակի ընթացքի վրա: Սոցիալական աշխատողը խրախուսում է խորհրդառուին
հասկանալ և պատկերացում
կազմել իր վիճակի մասին, օգնում
է ի հայտ
բերել խորհրդառուի մտածելու կարողությունը սահմանափակող հուզական ռեակցիաներն ու ապրումները: Սոցիալական աշխատողն ու խորհրդառուն միասին փորձում են գնահատել
տեղի ունեցող դեպքերն ու դրանք առաջացնող պատճառները: Ոչ վերբալ աջակցությունը ցավակցող շարժումների, ժեստերի, ուշադիր լսելու մեջ է, ինչը
խրախուսում է խորհրդառուին
արտահայտել զսպված զգացմունքներ:
Ակնհայտ
է, որ տվյալ փուլում առաջարկվում է ոչ
թե ճգնաժամը
հաղթահարելու բանաձևը, այլ մշակվում են նախադրյալներ. սոցիալական աշխատողը շարունակում է հուսադրել
խորհրդառուին, վստահություն ներշնչել հաջողության հասնելու համար` խնդիրը բաժանելով ավելի լուծելի մասերի:
Միջանկյալ
փուլում սոցիալական աշխատողը անցնում է ռեֆլեքսիվ
տեխնիկայի, որն օգնում
է խորհրդառուին կենտրոնանալ իր մտքերի և զգացմունքների վրա, կապել ներկա իրավիճակն անցյալի չլուծված իրավիճակների հետ: Հնարավոր կապերի բնութագրումն
անձին օգնում
է ճշտել ճգնաժամի
ճանաչողական ընկալումը: Ռեֆլեքսիվ քննարկման ժամանակ մշակվում են գործողությունների ընթացակարգի տարբերակները և այս
կամ այն տարբերակի ընտրության հետևանքները:
Քնարկվում են այլընտրանքային լուծումներ, օգտագործվում են անցյալում չօգտագործված ներուժը` հավասարակշռությունը վերականգնելու
և սովորությունները զարգացնելու
համար:
Մոդելում
կիրառվող առավել արդյունավետ տեխնիկաներից է կոնֆրոնտացիան: Սոցիալական աշխատողը խորհրդառուին ցույց է տալիս
նրա զգացմունքների
և վարքի միջև գոյություն
ունեցող անահամապատասխանությունը:Ճգնաժամային իրավիճակին միջամտության վերջնական փուլը կառուցվում է համաձայնության վրա:
Հենց որ ճգնաժամային
իրավիճակը հաղթահարվում է, և
հավասարակշռությունը
վերականգնվում է, սոցիալական
աշխատողը պետք է անի
ամեն ինչ հետագայում խորհրդառուի կախվածությունը կանխելու համար: Սակայն միջամտության անժամանակ ընդատումը կարող է բացասական
լուրջ հետևանքներ ունենալ. հրաժեշտը խորհրդառուի կողմից կարող է ընկալվել
որպես նոր փոխազդեցության կորուստ:
Աղբյուրը՝
Осипова А.А. Справочник психолога по работе в
кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm
Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and
Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).
Комментариев нет:
Отправить комментарий