Հումանիստական ուղղությունը
սոցիալական աշխատանքում կարելի է համարել ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային ուղղություն:
Հիմնական, քանի որ հումանիստական բազմաթիվ սկզբունքներ կիրառվում են սոցիալական աշխատողների
կողմից որպես հիմնարար դիրքորոշումներ սոցիալական պրակտիկայում (Մալելի 2003): Երկրորդային, քանի որ հումանիստական ուղղությունը
սոցիալական աշխատանքում ներկայանում է ավելի շուտ ընդհանրացված փիլիսոփայական դիրքորոշումների
տեսքով, այլ ոչ թե որպես սոցիալական աշխատանքի հատուկ մոդել:
Այնուհանդերձ, սոցիալական
աշխատանքի նպատակների ու գաղափարների հումանիստական ուղղվածությունը հնարավորություն
է տալիս վերականգնել սոցիալական աշխատանքի` որպես թերապևտիկ գործունեության կարգավիճակը:
Հումանիզմն ու էքզիստենցիալիզմն այն գաղափարներն են, որոնք օգնում են մարդուն
հասկանալ, թե որոնք են կյանքի ըմբռնման իր ուղիներն ու մոտեցումները, և կառուցում են
նրա աշխարհայացքը:
Հիմնական գաղափարն հումանիստական մոտեցման մեջ այն է, որ անհատը գնահատում
է կյանքի հանգամանքներն ու տեղի ունեցող իրադարձությունները` ելնելով իր փորձից, որն
իր հերթին ձևավորվում է այդ իրադարձությունների վերապրման և հաղթահարման փորձի հիման
վրա: Սոցիալական աշխատողն այս մոդելի ներքո օգնում է խորհրդառուին ուսումնասիրել իր
անձը, զգացմունքները, դիրքորոշումներն ու այն նշանակություններն ու բացատրությունները,
որոնք անձը տալիս է կյանքի այս կամ այն իրադարձությանը (օգնում է բացահայտել մարդկային
անհատականությունը, հուզազգայական վիճակը):
Հումանիստական մոտեցման ներկայացուցիչները հակված են մարդուն տեսնել որպես
ի բնե ակտիվ, պայքարող, ինքնահաստատվող, իր հնարավորությունները մեծացնող, պոզիտիվ
աճին ձգտող գո: Այդ իսկ պատճառով սոցիալական աշխատողի ջանքերն ուղղված են խորհրդառուի
անձնային աճին, այլ ոչ թե հիվանդության ախտորոշմանն ու բուժմանը: Այստեղ ախտաբանությունը
ընկալվում է որպես ինքնադրսևորման հնարավորությունների սահմանափակում, մարդկային հնարավորությունների
կորուստ կամ անիրագործելիություն:
Հումանիստական մոդելն ավելի շատ կենտրոնացած է անհատի սեփական անձի ըմբռնման
վրա և այդ իսկ պատճառով աշխատանքի ընթացքում առավել շեշտադրված են սոցիալական աշխատող-խորհրդառու
փոխհարաբերությունները, որտեղ սոցիալական աշխատողը բարձր է գնահատում խորհրդառուին
որպես անհատի և, ստեղծելով վստահելի ու հարգալից մթնոլորտ, ներգրավում է խորհրդառուին
սեփական անձի հետազոտման և վերլուծության մեջ:
Հումանիստական մոդելի
հիմքում ընկած է գաղափարն այն մասին, որ մարդը փորձում է իմաստ հաղորդել այն աշխարհին,
որում նա ապրում է: Սոցիալական
աշխատողները փորձում են օգնել մարդկանց ձեռք բերել ինքնաճանաչման հմտություններ և ուղղել
դրանք անձնային իմաստի որոնմանը` հենվելով նրանց փորձառության և արտաքին ազդեցության
վրա: Հումանիստական մոդելը կառուցված է սեփական գոյության մեկնությունների արժեքայնության
և հիմնավորվածության վրա:
Սոցիալական
աշխատանքի պրակտիկայում լայն տարածում են գտել
հումանիստական հոգեբան Կարլ
Ռոջերսի
հայացքները: Ռոջերսի թերապևտիկ
հայեցակարգում աշխատանքային սկզբունքը պետք է լինի
չհրահանգող
(ոչ դիրեկտիվ), անքննադատական և հիմնված
լինի ակտիվ լսելու ունակության վրա:
Հումանիստական
մոդելի մյուս առանձնահատկությունն արտահայտվում է «այստեղ
և այժմ» սկզբունքի մեջ, որին հետևելով` սոցիալական աշխատողը ոչ թե կենտրոնանում է խորհրդառուի
հիմնախնդրի զարգացման
պատմության ուսումնասիրության վրա,
այլ շեշտադրում է անհատի,
տվյալ պահին, տվյալ հիմնախնդրի վերաբերյալ ունեցած զգացմունքների
ու մտքերի ուսումնասիրության վրա:
Կարլ Ռոջերսը սոցիալական աշխատանք ներմուծեց խորհրդատվության (counseling) գաղափարը
և գտնում
էր, որ խորհրդատվության հաջող ընթացքի
համար կարևորագույն պայմաններ են` ապրումակցումը (empatheia), անկեղծությունը և ջերմությունը:
Այս բաղկացուցիչ տարրերն են, որ ապահովում են խորհրդատվության դրական և հաջող
ընթացքը:
Ապրումակցումը
մասնագետի կարողությունն է զգալ և հասկանալ
մեկ այլ մարդու ներքին աշխարհը, այնքան լավ, կարծես իր սեփական աշխարհն է: Սակայն
կարևորագույն գաղափարն
այս սահմանման մեջ «կարծես» բառի
նշանակության մեջ է: Սոցիալական
աշխատողը պետք է ունակ
լինի ապրումակցել խորհրդառուին` երբեք չմոռանալով “կարծես” բառը: Սա նշանակում է, որ
փորձառու մասնագետը
պետք է ի
վիճակի լինի ներգրավվել
ուրիշի զգացմունքների
և մտքերի մեջ, այդ անհատին առավելագույնս
հասկանալու նպատակով, սակայն զուգահեռաբար
կարողանա տարանջատել իր անձնային զգացմունքներն
ու մտքերը խորհրդառուի զգացմունաներից
ու մտքերից: Ապրումակցման
տեխնիկան սոցիալական աշխատողին հնրավորություն է տալիս կենտրոնանալ խորհրդառուի կողմից արտահայտած զգացմունքների, մտքերի վրա` ցույց տալով, որ ինքը շահագրգռված է և
պատրաստ է հասկանալ
խորհրդառուի բոլոր զգացմունքները,
անգամ
ենթատեքստային, և հասկանալ հենց խորհրդառուի տեսանկյունից: Սա այն նախապայմաններից է, որը օգնում է խորհրդառուին հասկանալ, որ սոցիալական աշխատող-խորհրդառու փոխազդեցությունում առաջնայինը իրեն հասկանալն է իր
աշխարհայացքի ներքո և
իր տեսանկյունից:
Ջերմությունը սոցիալական աշխատող-խորհրդառու փոխհարաբերություններում մյուս անհրաժեշտ պայմանն է, որպեսզի
առաջարկվող օգնությունն
առավել դրական արդյունքի բերի: Ջերմություն ասելով Ռոջերսը հասկանում էր «անվերապահ դրական վերաբերմունք» անհատին: Հումանիստական մոդելի սահմաններում աշխատող սոցիալական աշխատողը պետք
է բարձր գնահատի
իր ցանկացած խորհրդառուին, հարգի
նրան իր յուրահատկության և անհատականության համար:
Մասնագետն
աշխատանքը անհատի հետ պետք է սկսի
մի այնպիսի համոզմունքով, որ նա պարտավոր է անքննադատաբար ընդունել
խորհրդառուին անկախ նրանից, թե ինչ խոսելաոճ կամ պահելաձև է ցուցաբերում
նա: Այլ կերպ ասած, սոցիալական աշխատողը պետք է կարողանա
այնպիսի մթնոլորտ ստեղծել, որում խորհրդառուն իրեն անվտանգ
կզգա
և պատրաստ կլինի որևէ փոփոխության:
Անկեղծություն ասելով, Ռոջերսը հասկանում է, որ
հարաբերությունները խորհրդառուի հետ չպետք է տարբերվեն
այն հարաբերություններից, որոնցում գտնվում
է մարդն իր աշխատակիցների կամ այլ մարդկանց հետ: Այսինքն երկկողմանի շահագրգռվածություն պետք է լինի
աշխատանքի ընթացքում` ինչպես խորհրդառուի մոտ, այնպես էլ սոցիալական աշխատողի:
Կարկուֆն ու Բերենսոնը
/1977թ/ ևս նշում են, որ հաջող թերապիայի պայմանների բազմակերպությունում ներառվում
են ազնվությունն ու անկեղծությունը, ջերմությունը, հարգանը և ընդունումը, էմպատիկ ընկալումը:
Կարկուֆն առաջարկել է սանդղակ, որի օգնությամբ հնարավոր կլիներ գնահատել թերապևտիկ
փոխհարաբերություններում այդ պայմանների իրականացման աստիճանը:
Անձային աճը թերապիայի ընթացքում հնարավոր են վերը նկարագրված
պայմանների պահպանման ժամանակ և այն
դեպքում, երբ անհատը գիտակցում
է իր ինքնությունը: Ինքնությունը, ըստ Ռոջերսի անհատի պատկերացումն է իր
մասին, որը հիմնված է նրա
անցյալ փորձի, ներկայի փաստերի և ապագայի մասին ունեցած սպասելիքների վրա: Ինքնությունը կայուն վիճակ չէ, այն հասկացություն է, որը
ենթակա է փոփոխման,
զարգացման
և աճի: Ցանկացած անհատ ունի նաև իդեալական ինքնություն, այսինքն անհատի պատկերացումներն են իր մասին, որոնք նույնպես կայուն չեն: Հումանիստական մոդելի շրջանակներում սոցիալական աշխատողի նպատակն
է օգնել
խորհրդառուին տարբերել իր իրական ինքնությունն իդեալականից, ընդունել իրականը` ձգտելով
դեպի իդեալականը:
Հաճախ մարդկանց մոտ առաջացող հիմնախնդիրների պատճառն անհատի` իր մասին ունեցած անհամապատասխան պատկերացումներն են: Նա գնահատում
է իր քայլերը և իր
հնարավորությունները` ելնելով իդեալական ինքնությունից, և երբ
բախվում է ինքնության
ու իդեալական ինքնության միջև եղած անհավասարությանը, անհատի մոտ առաջ են գալիս
դիսկոմֆորտ, անբավարարվածություն:
Հաջորդ պատճառը, երբ անհատը դառնում է սոցիալական
աշխատողի խորհրդառու, նրա մոտ այսպես կոչված համապատասխանության (կոնգրուենտության)
աստիճանի խախտված լինելն է: Համապատասխանությունը անհատի կողմից ասվածի, զգացածի
և գործածի
միջև եղած համապատասխանության աստիճանն է: Օրինակ`
երբ մարդը քաղցած է, նա
պետք է սնվի,
երբ հոգնած
է` հանգստանա:
Սոցիալական աշխատողն օգնում
է անհատին ձգտել
դեպի համապատասխանության առավել հասու աստիճանի, որը նրան հնարավորություն կտա լինել ավելի լիարժեք, ամբողջական, և ինքնիրականացված անձ:
Հումանիստական հոգեբանությունում
բազմաթիվ գաղափարներ կապված են «ինքնիրականացում» հասկացության և մարդկային ներուժի
իրականացման հիմնահարցի հետ, որն առաջադրվել է Աբրահամ
Մասլոուի կողմից (1970): Ըստ Մասլոուի` ինքնաիրականացումը ընդունակությունների, կարողությունների, և
տաղանդների լիարժեք օգտագործումն է: Ինքնիրականացումը ենթադրում
է աճ, զարգացում:
Մենք հաճախ ստիպված ենք լինում ընտրություն կատարել աճի և անվտանգության, առաջընթացի և ետընթացի
միջև: Յուրաքանչյուր ընտրություն ունի իր դրական ու բացասական տեսանկյունները: Ընտրել անվտանգը`
նշանակում է մնալ
հայտնի և ծանոթ
վիճակում` միևնույն ժամանակ համարձակվելով դառնալ ծիծաղելի և հնացած:
Ընտրել աճը` նշանակում է բացահայտել
նորը, փորձին անծանոթը` միաժամանակ համարձակվելով հայտնվել անորոշության մեջ: Մասլոուն խորհուրդ է տալիս
հարցերի պատասխանները փնտրել անձի ներսում, այլ ոչ թե ջանալ գոհացնել
քո պատասխաններով մյուսներին: Յուրաքանչյուր անգամ,
երբ մենք պատասխանները որոնում ենք մեր ներսում, բախվում ենք մեր ներքին ինքնության հետ: Մենք սովորում ենք հավատալ և վստահել
մեր մտքերին ու բնազդներին և գործել դրանց համապատասխան: Ինքնիրականացման
հաջորդ քայլը «անձնային պաշտպանական մեխանիզմների» բացահայտումն է և
դրանցից հրաժարումը, քանի որ պաշտպանական մեխանիզմների միջոցով մենք աղավաղում ենք մեր անձնային կերպարը և արտաքին
աշխարհի կերպարը:
Սոցիալական աշխատանքի
մեկ այլ տեսաբան Բրենդոնը (1976, 2000) ցույց
է տալիս ձեն-բուդդայական փիլիսոփայության գաղափարների գործածման հնարավորությունը սոցիալական
աշխատանքում: Նրա կարծիքով սոցիալական
աշխատողները պետք է գործածեն իրենց անձնային ներուժը սթրեսային իրավիճակում գտնվող
մարդկանց հետ անկեղծ հարաբերություններ կառուցելու համար: Բրենդոնի հայեցակարգում աշխատանքը
ենթադրում է և սոցիալական աշխատողի, և խորհրդառուի ինքնաճանաչման զարգացում, լուսավորում
(ձեն-բուդայականության մեջ գործածվում
է սատոր հասկացությունը` ինտուիտիվ ներթափանցում)
և անձնային աճ: Առանձնահատուկ ուշադրության
են արժանանում այն պայմանները, որոնք խոչընդոտում են խորհրդառուի ինքնաճանաչումը, ինչպես
նաև նմանօրինակ արտաքին հանգամանքները հաղթահարելու
հնարավորությունները: Բրենդոնի հայեցակարգում ընդգծվում է խորհրդառուի և սոցիալական
աշխատողի անձնային խարիզմայի և արդյունավետ փոխադեցության նշանակությունը:
Այսպիսով`
հումանիստական մոդելի հիմնական ուղղվածությունը կայանում է անհատի
զարգացման,
անձնային աճի կարողությունների բացահայտման և դրա
միջոցով կյանքի լիարժեքությանը հասնելու մեջ:
Աղբյուրը՝
Осипова А.А. Справочник психолога по работе в
кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm
Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and
Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).
Комментариев нет:
Отправить комментарий