_Բարև Ձեզ, Արևիկ ջան, կներկայանա՞ք:
_Ես Արևիկ Բաբայանն եմ, մասնագիտությամբ սոցիալական աշխատող, չնայած մասնագիտությունս նաև սոցիալական մանկավարժություն և կառավարման հոգեբանություն է:
_Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին:
_Ես շուրջ 7 տարի է, ինչ աշխատում եմ սոցիալական ոլորտում, ընթացքում իրականացրել եմ կամավոր աշխատանք և համատեղ աշխատել կամ սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտություններով:
_Ինչպե՞ս եք հանդիպել Ձեր մասնագիտությանը:
_Այն տարածաշրջանում, որտեղ ապրում էի, եղել եմ ներառական կրթությունում առաջին պրակտիկ սոցիալական մանկավարժը, ինչպես նաև սոցիալական աշխատողը, այստեղից էլ սկսվել է նկատվել իմ՝ սոցիալական աշխատողի գործունեությունը: Ընթացքում եղան ՀԿ-ներից աշխատանքի հրավերներ և այդպես աճեցի տվյալ մասնագիտությունում:
_Ի՞նչը դրդեց մասնակցելու մեր հայտարարած ֆոտոմրցույթին:
_Հայտարարությունը կարդալուց հետո ես հասկացա ինչ եմ ուզում, ինչ եմ արել, ըստ իս սոցիալական աշխատողը ինչ է անում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հետ, դրա համար ինձ պետք էր օգնություն միայն գրաֆիկական մասով և այդպես էլ եղավ, և եթե ես գիտեմ ինչ եմ ուզում, կարող եմ վստահորեն մասնակցել:
_Ինչպե՞ս ծնվեց լուսանկարի գաղափարը:
Գաղափարը հետևյալն էր, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած անձ կարիք ունի աջակցության, որն իրականացնում է սոցիալական աշխատողը կամ սոցիալական ոլորտի այլ ներկայացուցիչ:
_Դուք նշեցիք, որ 7 տարի է ինչ ոլորտում եք, բնականաբար ունեցել եք և ունենում եք դժվարություններ, կպատմեք, թե ինչ դժվարությունների եք հանդիպում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:
_ Սկզբի տարիների դժվարություններից էր այն, որ հասարակությունը չի ճանաչում մասնագիտությունս, անընդհատ կարիք կար բացատրելու՝ ինչ մասնագիտության տեր եմ և ինչ գործունեություն եմ իրականացնում պրակտիկայում: Հիմա պատկերն այլ է՝ մասնագիտության մասին խոսում ու ներկայացնում են անհամեմատ ավելի շատ, նույն ծնողները ավելի տեղեկացված են, իսկ հետագա դժվարությունները արդեն որոշակի թերացումներ կարող են լինել, սակայն արդյունավետ աշխատանքի դեպքում այն չի դիտարկվում որպես դժվարություն:
_Ի՞նչ բնորոշում կտաք մասնագիտությանը:
_Անձ, որը օգնության ձեռք է մեկնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն:
_Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ՀՀ-ում սոցիալական աշխատանքում, պատճառներն ըստ Ձեզ որոնք են, և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել:
_Խնդիրները բավականին շատ են, հատկապես թղթաբանությունը, խնդիր կա նաև սոցիալական աշխատանքի լուսաբանման հետ կապված, քանի որ խնդրահարույց իրավիճակում գտնվող մարդիկ չգիտեն ում և որտեղ դիմել:
_Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա և ապագա մասնագետներին:
_Ապագա մասնագետներին խորհուրդ կտամ ավելի լավ մտածել ընտրություն անելիս, եթե մասնագիտությունն իրենցը չէ, թող չշարունակեն, եթե իրենցն է, ուրեմն իրենք կարող են դրա միջով անցնել, որովհետև պրակտիկայում հանդիպում ենք մարդկանց, որոնց խնդիրը պետք է կարողանալ տեսնել, օգնել ու աջակցել:
_Որևիցե արտահայտությամբ Ձեր շնորհավորանքը հղեք տոնի առթիվ:
_Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր սոցիալական ոլորտի աշխատողներ են, ցանկանում եմ, որ աշխատանքում ունենան մասնագիտական աճ, բազում հաջողություններ և բարձր վարձատրություն (ժպտում է):
Комментариев нет:
Отправить комментарий