среда, 27 сентября 2017 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ



Սոցիալական աշխատանքը որպես գիտություն առաջ է քաշում տարբեր տեսություններ, որոնք նկարագրում և մեկնաբանում են սոցիալական աշխատանքի դերը և գործառույթները հասարակությունում։ Այս ամենը ավելի լավ հասկանալու համար պետք է նախ և առաջ պատկերացնել, թե ինչպիսի տեսություններ կան սոցիալական աշխատանքում։
Սոցիալական աշխատանքի տեսությունները բաժանվում են երեք խմբի`
·         տեսություններ, որոնք քննարկում են այն հարցը, թե ինչ է սոցիալական աշխատանքը, և որն է դրա նպատակը ու դերը հասարակությունում. ընդհանուր տեսություններ,
·          տեսություններ, որոնք ուսումնասիրում են խորհրդառուի ով լինելը՝ խոցելի խմբերի առանձնահատկությունները, իրավիճակը և հիմնախնդիրները, դրանց առաջացման պատճառները և հետևանքները,
·         տեսություններ, որոնք ներկայացնում են, թե ինչպես պետք է իրականացնել սոցիալական աշխատանքը, այսինքն` ինչպես պետք է հաղթահարվեն հիմնախնդիրները:
Ընդ որում՝ վերջիններում առանձնանում են՝ 1) մեթոդներ, որոնք ներկայացնում են խորհրդառուի հետ աշխատանքի հնարավորությունները և մոտեցումները ըստ միավորումների՝ անհատ, խումբ, ընտանիք կամ համայնք՝ ելնելով առանձին անհատի կամ միավորման առանձնահատկությունից և գործունեության օրինաչափություններից, և 2) մոդելներ, որոնք հանդիսանում են տարբեր հիմնախնդիրների վերլուծություններ և դրանց լուծման եղանակներ։
Այսինքն` սոցիալական աշխատանքի արդյունավետ պրակտիկան անհնար է առանց սոցիալական աշխատանքի մոդելների, որոնք հանդիսանում են տարբեր հիմնախնդիրների տեսական վերլուծություններ և դրանց լուծման եղանակներ։
Մոդելը տեսության վրա հիմնված մասնագիտական հնարքների ամբողջություն է, որի հետևողական իրականացումը բերում է հիմնախնդրի լուծման։ Մոդելի հիմքում ընկած տեսությունը մեկնաբանում է հիմնախնդիրը, բացահայտում դրա պատճառները և մատնանշում լուծման ուղիները։
Հիմք ընդունելով տևողության չափորոշիչը` սոցիալական աշխատանքում առանձնացնում են կարճատև, միջին տևողության և երկարատև մոդելներ։ Կարճատև մոդելները ստեղծված են հրատապ հիմնախնդիրների լուծման կամ կարճատև իրավիճակների հաղթահարման նպատակով, իսկ միջին տևողության և երկարատև մոդելներն ուղղված են խորը արմատացած հիմնախնդիրների հաղթահարմանը։
Սոցիալական աշխատանքի գիտակարգի կայացման ու նաև գիտականության տեսադաշտի ու իմաստի նորովի հասկացմանն ուղղված այդ մտորումների համար որպես նշանակալի` հարկ է նաև գործնական կիրառության տեսակետից նշանակալի ու առավել տարածված մոտեցումներն ու մոդելները խմբավորել 3 ուղղորդվածություններում`
1)           սոցիալական աշխատանքի հոգեբանական ուղղվածության տեսություններ, որոնք հնարավորություն են ընձեռում սոցիալական աշխատողին ակտիվացնել իրավիճակի փոփոխությանն ուղղված խորհրդառուի սեփական ջանքերն ու ներուժը:
2)           սոցիալական աշխատանքի սոցիոլոգիական ուղղվածության տեսություններ, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական աշխատանքին օգնել խորհրդառուին նոր սոցիալական կապեր հաստատել, հարթել արդեն իսկ գոյություն ունեցող խզված սոցիալական փոխազդեցությունները:
3)           սոցիալական աշխատանքի միջառարկայական ուղղվածության տեսություններ, որոնք հնարավորություն են տալիս սոցիալական հիմնախնդիրների հաղթահարմանը մոտենալ համակողմանիորեն: Վերոնշյալ մոտեցումները սոցիալական աշխատողին հնարավորություն են ընձեռում մի կողմից` անհատին և իր հիմնախնդիրները դիտել նրա անմիջական միջավայրում կենսական գործառնության տեսակետից, մյուս կողմից` անդրադառնալով ներանձնային խնդիրներին, օգտագործել նույնաբնույթ և զարգացողական հոգեթերապիայի մեթոդներն ու տեխնիկաները անձի առավել խորը ճանաչողության նպատակով:
Այստեղից հետևություն, որ մոդելների օգտագործումը սոցիալական աշխատանքում հնարավոր է երկու ձևով՝
·         դոգմատիկ, երբ մոդելը օգտագործվում է միայն իր տեսության կողմից առաջադրված հնարքներիտեխնիկաների օգտագործմամբ,
·         էկլեկտիկ, երբ մոդելը օգտագործվում է սեփական և այլ մոդելների տեսությունների կողմից առաջակված տեխնիկաների համակցությամբ։
Հիմնականում սոցիալական աշխատանքի արհեստավարժ պրակտիկան ենթադրում է մոդելի դոգմատիկ օգտագործում, սակայն առանձին դեպքերում հնարավոր է և էկլեկտիկ պրակտիկան։

 Աղբյուրը՝
Սոցիալական աշխատանքի տեսություններ և մոդելներ, Ա.Ոսկանյան,Եր.,2013։
Осипова А.А. Справочник психолога по работе в кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).

Комментариев нет:

Отправить комментарий