суббота, 29 сентября 2018 г.

«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՎԱՂԸ»․ Հ․ Բունիաթյան





«Եթե դատես այլոց այնպես, ինչպես այս համակարգն է քեզ դատել, դրանով դու ավելի լավը չես դառնա, քան նրանք, որ քեզ մահապատժի են ենթարկել:
Խաղաղվիր քո Աստծու հետ, ով էլ որ նա լինի։»
Դուայթ Ադանանդուս
Բարև՜, Ընթերցող։ 
Եթե դու գտել ես մի քանի րոպե ժամանակ՝ լսելու այն, ինչը ես ապրել եմ տարիների ընթացքում, ուրեմն, շնորհակալ եմ, որ հանդիպել ենք իրար երկրային այս կյանքում։
Գուցե խոսքերս քեզ թվան պարզ ու հասարակ, և իրենք հենց այդպիսին էլ կան, բայց նրանք իրական, և որ ամենակարևորն է՝ ապրված են։
Ես ու դու այս աշխարհ ենք թափանցել ուրույն առաքելությամբ՝ արարելու, սիրելու ու սիրվելու, ապրելու ու ապրեցնելու սուրբ պատգամները մեր ներսում ամրացած, և մեզանից յուրաքանչյուրը նրանց կյանքի է կոչում յուրովի։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ «ճակատագիր» ասված ունայնությունն իր կործանող հեգնանքներով թակում է մեր դուռը՝ ծնկի բերելով մեզ ինքներս մեր առաջ։ Երբ մեր ներսում կորցնում ենք մեր գոյության «ինչու»-ի և «ինչպես»-ի իմաստները։ Ի՞նչ ենք մենք զգում այդ պահին, ակնթարթի մեջ, ժամերի, օրերի, ամիսների, և վերջապես՝ տարիների ընթացքում։ Երբ ախտահարվում է մեր հոգին, փշրվում ամեն լուսավորը։ Երբ մեզ սկսում է երազանք թվալ անգամ այն ամսվա ապրելը, որում ծնվել ենք, քանզի վախենում ենք, որ այն կապրենք մեռած․․․։
Անպիտանելիության հաստատակամ զգացողությամբ համակված՝ դիմում ենք քայլերի, որոնց պատասխանատվությունը միայն կատարելուց հետո ենք հասկանում, բայց այնքան ուշ է լինում հետդարձի համար։ Չէ՞ որ կյանքը, չէ՞ որ մարդիկ մեզ չեն սպասում․․․։
Բոլորս էլ ծնվում ենք արդարության հասնելու, արդարություն ճաշակելու անհրաժեշտ ու բնական պահանջով, որի համար պայքարում ենք մեր գիտակցական ամբողջ կյանքում՝ անցնելով քառուղիներ, փորձություններ, որոնցից միայն կոփվում է մեր կամքը։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ արդարության դրոշակը ձեռքներիս քայլելիս բախվում ենք անազատության կապանքներին, ամենատարբեր համակարգերի ճնշումներին ու բռնությանը մեր ազատ ոգու վրա։
Շալակելով իսկական խենթի հոգեբանություն՝ փորձում ենք փոխել համակարգեր, որոնք հետո մեզ կուլ են տալիս, բայց որը, սակայն, մենք ինքներս ենք թույլ տվել։ Եվ միայն մահվան անդունդի առջև կանգնած ենք ինքնագիտակցում, որ, այո, փոխել է պետք հենց միայն ու նախևառաջ ինքներս մեզ։ 
Չէ՞ որ ինքներս էլ մի համակարգ ենք մեզանից ներկայացնում, որն ունակ է ժանգոտվելու, խափանվելու, և որը ևս փոփոխության կարիք է զգում։ 
Եվ հենց այդ ժամանակ, երբ աշխարհը մեզանում բաժանված է լինում սև/սպիտակի, երբ աշխարհը մեր աչքերով թվում է օտար մի հարազատ, մեզանում ծնունդ է առնում ամենավերջին շանսը՝ անվերջ թվացող խավարում մոմի բոցկլտացող լույսը՝ այն վերջում մեռնող, բայց գոյություն ունեցող հավատը, որին ինքներս ենք մեզանում սպանում կամ էլ քնեցնում ժամանակի ընթացքում։
Հավատ առ մեր ներսի, առ այն, որ մենք կարող ենք և կարող ենք ավելին․․․։
Եվ հենց այդ հավատին էլ փարված, հենց այդ հույսով էլ մեր ներսի սառույցները հալեցրած, աշխարհի ու մեր միջև վեր խոյացած պատնեշները քանդած՝ փորձում ենք վարից բարձրանալ վեր՝ նորից ու կրկին մեզանում արթնացնելով այն հույզերն ու զգացումները, որոնցով սիրահարված ենք եղել կյանքին։
Ինքնամաքրվելով ու վերածնվելով մեր ներսում որպես մի մանուկ, ով դարձյալ ամենքին ու ամենին նայում է ներքևից, ով նետվում է այս կյանքում սովորելու, ճանաչելու, իր վերաիմաստավորված գոյությունը սեփական առաքելությամբ հիմնավորելու, նորից արբում ենք երկրային այս կյանքի սիրո գինուց՝ այդկերպ գրանցելով կյանքի ամենաշքեղ հաղթանակը՝ ինքնահաղթությունը։
Եվ վերջապես՝ ներում ենք նրանց, ովքեր մեզ ինչ-որ մի պահի կործանել են։ 
Ներում ենք մի պարզ պատճառով՝ նրանք չգիտեն, թե ինչ են արել ․․․:
Ապրելով այսօր, մեզ նվիրելով հավերժական ներկային՝ կերտում ենք ապագան, մեր վաղվա օրը, օր, որի գույները ինքներս ենք սահմանում, երբ մեզանում վերագտնում ենք այն կյանքի շունչը, որին արժանացել ենք, երբ ի վերջո  վերազգում ենք, որ մոտ է վաղը, երբ գալիս է վաղը․․․։
ՀԳ Ընտրված խորագիրը պատահական չէ այն կրում է Նանոն Վիլյամսի համանուն՝ «Երբ գալիս է վաղը» իրական դեպքերի վրա հիմնված պատմվածքի վերնագիրը, և ըստ էության, արտացոլում է տվյալ ստեղծագործության բովանդակային առավել ընդհանրական իմաստը։
 Հասմիկ Բունիաթյան

среда, 19 сентября 2018 г.

«Սոցիալական աշխատողի ձայնը» Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայում




Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության անդամները հյուրընկալվեցին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա, որտեղ հանդիպում ունեցան Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին վերջին շրջանում մասնագիտական դաշտում մեծ հետաքրքրություն առաջացրած նախաձեռնության առանցքային հարցերը: Նախաձեռնության անդամները ներկայացրին ծրագրի նպատակը, էությունը, բովանդակային կառուցվածքը, ինչպես նաև այն հետազոտության արդյունքները, որոնք ստացել էին առցանց եղանակով հարցման միջոցով՝ փորձելով վերհանել մասնագիտության կրթական գործընթացում առկա հնարավոր բացթողումները: Հնչեցին կարծիքներ, ուղղորդումներ, առաջարկներ՝ գործընթացն առավել արդյունավետ ու նշանակալի կերպով շարունակելու համար: 
Ասոցիացիան հայտնեց պատրաստակամություն իր հնարավորությունների շրջանակներում աջակցել նախաձեռնության իրականացմանը:
Անդամների խոսքերով, այն փոփոխությունները, որոնք կկրի նախաձեռնությունը կառուցվածքային առումով, միտում ունեն էլ ավելի հիմնավոր դարձնելու այն նպատակի իրագործումը, որին ուղղված են ներդրված ջանքերը, իրականացվող և դեռ իրականացվելիք քայլերը:

среда, 29 августа 2018 г.

Ամփոփվեցին «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության առաջին փուլի արդյունքները



Հայտնի են «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության առաջին՝ սոցիոլոգիական հետազոտության ձևաչափ ունեցող փուլի արդյունքները: Հետազոտությունն ուղղված էր սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության գործընթացում հնարավոր բացթողումների վերհանմանը:
2018թ.ի մայիսից սկիզբ դրված նախաձեռնությունն իրականացվում է «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով գաղափարի շուրջ միավորելու մասնագիտության ուսանողներին, մասնագետներին և համատեղ ջանքերի շնորհիվ հասնելու դրական փոփոխությունների:
Հարցումն իրականացվել է առցանց եղանակով, որին մասնակցություն են ցուցաբերել թվով 148 սոցիալական աշխատողներ, ովքեր ուսանել կամ ուսանում են հետևյալ կրթական կառույցներում`



ներկա մասնագետներ հետևյալ ոլորտներից՝


ովքեր աշխատում են հետևյալ սոցիալական խմբերի հետ՝



Հարցին, թե ի՞նչ խոչընդոտների եք բախվել/բախվում որպես սոցիալական աշխատանքի ուսանող, հնչել են հետևյալ պատասխանները՝


  • Սովորածը պրակտիկ դաշտում կիրառելու հնարավորության պակասը, պրակտիկային հատկացված քիչ ժամանակը
  •  Հայալեզու մասնագիտական գրականության, նյութերի սակավությունը 
  •  Տեսական գիտելիքների հաճախ հանդիպող անհամապատասխանությունը պրակտիկային 
  •  Թերի կրթությունը և տարբեր կուրսերում նյութերի կրկնությունը, միայն տեսական գիտելիքների տրամադրումը 
  •  Մասնագիտության արժևորման պակաս/բացակայությունը և մասնագիտության վերաբերյալ հասարակության իրազեկվածության պակասը  
  •  Ոչ մասնագիտական առարկաների բավական մեծ քանակը  
  •  Տրամադրվող տեսական նյութերի արդի չլինելը
  •  Ինտերակտիվ մեթոդների բացակայությունը դասավանդման պրոցեսում  
  • Մասնագիտական որակներ ունեցող դասախոսների անհրաժեշտությունը
  •  Պրակտիկայի համար առանձնացված ոլորտների սահմանափակությունը, ոչ ճիշտ կազմակերպումը, ինչի արդյունքում երբեմն որևէ հաստատություն այցելությունը կրում է ձևական բնույթ 
  •  Կրթական գործընթացում որոշ հարցեր (օր.` գենդեր, մտավոր հաշմանդամություն և այլն) խորությամբ չուսումնասիրելը։ 
  •  Իրավական ոլորտի բացերը
  • Հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների պարագայում (սոցիոլոգ, հոգեբան): Ֆակուլտետի, ամբիոնի ղեկավարության կողմից մեր մասնագիտության ու մասնագիտական խմբերի նկատմամբ կողմնապահ վերաբերմունքը  
  • Ուսանողների թվի չափից շատ լինելը (60+), իսկ այդ պայմաններում նպատակահարմար կլիներ փոքր խմբերով դասերը (15-20)
  •  Վարձավճարը 
  •  Բավականին ծանրաբեռնված է ուսումնառությունը, ինչի հետևանքով այն գրեթե հնարավոր չի լինում ուսումը համատեղել աշխատանքի հետ  
  •  Կրթական համակարգում շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդմություն ունեցող անձանց կարիքներին  
  •  Ուսանողի ցածր մոտիվացիայի, քանզի նրանցից շատերը հայտնվում են սոցիալական աշխատանք մասնագիտության ֆակուլտետում, դեռևս չկողմնորոշված 
  •  Անձնական կապերի/ԽԾԲ օգտագործումը
  •  Թերություններ չկան:


Հարցին, թե անցում կատարելով տեսությունից պրակտիկայի՝ ի՞նչ բացեր եք նկատել ձեր մասնագիտական կրթության գործընթացում, որոնք խոչընդոտել են արդյունավետ պրակտիկ սոցիալական աշխատանքի իրականացմանը, մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները՝


  • Պրակտիկ հմտությունների պակասը
  •  Տեսական և պրակտիկ դաշտերի անհամապատասխանությունը 
  •  Մասնագիտության ճանաչվածության խնդիր
  •  Դժվարությունների հարցում ինձ օգնեց կամավորական աշխատանքիս փորձը  
  •  Սուպերվիզորների պակասը/բացակայությունը 
  •  Նյութատեխնիկական ռեսուրսների պակասը  
  •  Խնդիրներ մասնագիտական կրթություն չունեցող սոցիալական աշխատողների հետ աշխատելիս 
  •  էթիկական կոդեքսի պահպանման խնդիրները 
  •  Իրավական դաշտի անկատարությունը  
  •  Դեպքի վարման հետ կապված փաստաթղթերի լրացման հմտության բացակայությունը
  •  Շահագրգիռ կողմերի հետ թերի համագործակցություն 
  •  Հաղորդակցման հմտությունների պակաս, ինչը պայմանավորված է պրակտիկորեն տարբեր սոցիալական խմբերի հետ ուսանողների շփվելու սահմանափակությամբ
  • Չունեմ փորձառություն: Չեմ կարող պատասխանել
  •  Խոչընդոտներ չեն եղել:


Հարցին, թե ինչպե՞ս եք հաղթահարել պրակտիկ դաշտում առաջ եկած խոչընդոտները/խնդիրները, մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները՝


  • Ինքնակրթության և անմիջապես աշխատանքի ընթացքում դրանց իրացման միջոցով 
  •  Բազմաթիվ վերապատրաստումների միջոցով
  •  Փորձառու մասնագետների օգնությամբ 
  •  Սուպերվիզորի օգնությամբ 
  •  Դասախոսների հետ հարց ու պատասխանի միջոցով  
  •  Խնդիրները մնացել են անհաղթահարելի 
  •  Կրթական գործընթացում խաղարկային իրավիճակների հաշվին ձեռք բերած փորձառության միջոցով:

Սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության կազմակերպման գործընթացը բարելավելու և պրակտիկայի հետ ավելի խոսուն դարձնելու համար մասնակիցներն արել են հետևյալ առաջարկությունները՝

  • Տեսականից բացի ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային 
  • Հայերեն լեզվով մասնագիտական գրքերի կազմում 
  • Ավելի շատ սեմինարներ ու համատեղ քննարկումներ կազմակերպել
  • Կազմակերպել դասախոսների և մասնագետների շարունակական վերապատրաստում 
  • Հաճախակի կազմել կազմակերպությունների աշխատողների հետ հանդիպումներ պրակտիկ ոլորտի աշխատողների հետ՝փորձի փոխանակման նպատակով
  • Բարձարցնել պրակտիկայի կազմակերպման արդյունավետությունը
  • Իրազեկել հասարակությանը սոցիալական աշխատանքի գաղափարների մասին
  •  Չունեմ առաջարկ 
  • Դասերի ընթացքում ավելի շատ անցկացնել դերային խաղեր, քննարկել ամենատարբեր իրավիճակներ, որոնց ուսանողը կարող է հանդիպել աշխատանքի ընթացքում  
  • Կազմակերպել ֆիլմերի վերլուծություն մասնագիտական տեսանկյունից 
  • Վերանայել կրթական ծրագրերը 
  • Ապահովել նեղ մասնագիտական ուսուցում
  • Ավելացնել մասնագիտական առարկաների քանակը, նվազեցնել` ոչ մասնագիտական առարկաները  
  • Իրականացնել անվճար վերապատրաստումներ
  • Իրավական առումով պաշտպանել մասնագիտությունը 
  • Փորձել ուսանողներին տեղավորել աշխատանքի
  • Բուհական ու պետական մակարդակով մշակել կամավորությունը խթանող մեխանիզմներ (օր.` աշխատանքային ստաժին համահավասարեցում) 
  • Ձևավորել այնպիսի կառույց որտեղ նորաթուխ մասնագետները կկարողանան իրական մասնագիտական պրակտիկա անցնել` որոշակի որակավորում ձեռք բերելով, որը կհամարվի նաև աշխատանքային ստաժ և հիմք կհանդիսանա ապագայում կայուն և որակյալ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար 
  • Ստեղծել հայերեն գրականություն, որտեղ ավելի շատ կխոսվի հայ իրականության մասին 
  • Պրակտիկան դարձնել գնահատականով 
  • Համագործակցել այնպիսի կազմակերպությունների, ծառայությունների հետ որոնք իսկապես պատրաստ են ուսանողի հետ աշխատել՝ հնարավորություն տալով նրան ինքնուրույն աշխատել
  • Փորձի փոխանակում համալսարանների միջև, ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Եվրոպական համալսարանների հետ 
  • Ինչպես դա կիրառում են օրինակ իրավագիտության ոլորտում, մշակել ամենատարբեր դեպքեր (ոչ պարզունակ) և առաջադրել ուսանողներին, որպեսզի փորձեն լուծել դրանք։ Կարելի է կազմակերպել դերային խաղեր՝ շահառու, սոցիալական աշխատող, համայնք, գործընկերներ և այլն և թույլ տալ, որ մասնակիցներն իրենք զարգացնեն սցենարը (ոչ 15 րոպեում. միգուցե խաղը տևի շաբաթներ)։ Այդ դեպքում ավելի պարզ կդառնան ինչպես այն խնդիրները, որոնց ուսանողը կարող է հանդիպել դեպքի վարման գործընթացում, այնպես էլ, այն կլրացնի հավելյալ, օժանդակ հմտությունների պակասը, որոնք անհրաժեշտ են պրակտիկայում արդյունավետ աշխատելու համար 
  • Ստեղծել լաբորատորիայի նման մի տեղ, որտեղ ուսանողները կարող են վարժեցնել իրենց տեխնիկաներն ու հմտությունները:

Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատանք մասնագիտության կրթական գործընթացում մատնանշված խնդիրները  բազմաշերտ են, և հիմնականը վերաբերում է պրակտիկայի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, հատկացվող ժամանակահատվածի ընդլայնմանը, հայալեզու գրականության և հայկական իրականության մեջ գոյություն ունեցող սոցիալական աշխատանք մասնագիտության վերաբերյալ նյութերի առկայությանը, քանի որ տեսությունն ու հայաստանյան պրակտիկան հաճախ իրար չեն համապատասխանում:
Բացի այդ, նշվել է ուսումնառության ընթացքում օգտագործվող նյութերի թարմացման անհրաժեշտության մասին, ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրը, որը մասնակիցները նախընտրում էին կատարել ավելի ինտերակտիվ կերպով՝ նշելով, որ նման ակտիվությունները նրանց շատ են օգնել պրակտիկ աշխատանքների իրականացման հարցում: Խնդիր է նաև համարվում նաև նյութերի կրկնությունը և միաժամանակ որոշակի թեմաներով, ինչպես օրինակ գենդեր, քիչ ուսումնասիրվածությունը, ինչպես նաև մասնագիտության մասին հասարակության մեջ առկա թյուր պատկերացումները, քիչ արժևորվածությունը, իրավական ոլորտի բացերը և այլն:

вторник, 31 июля 2018 г.

Ադմինիստրատիվ խմբից մինչև ՀԿ: Սոցիալական Աշխատողը 4 տարեկան է:

2014 թվականին facebook.com կայքում սկսեց տարածում գտնել «Սոցիալական Աշխատող» էջը, որի ադմինիստրատիվ խմբի նպատակը մեկն էր՝ հայաստանյան իրականության մեջ ևս հասանելի դարձնել  Սոցիալական աշխատանք մասնագիտության ու Սոցիալական աշխատողի ձայնը: Էջի աշխատանքները սկսվեցին ամենատարբեր գրառումներից, տեղեկատվական բնույթ ունեցող նյութերի հրապարակումից: Կարճ ժամանակ անց հնչեցին ոգևորիչ կարծիքներ նախաձեռնած քայլի համար՝ շեշտադրելով այն համոզմունքը, որ այս մասնագիտությունը արժանի է ճանաչելի լինելու նաև մեր հասարակությունում:
Ժամանակի ընթացքում համացանցում լայն տարածում գտավ նաև Սոցիալական Աշխատանք բլոգը, որտեղ զետեղվում են մասնագիտական ամենատարբեր բնույթի նյութեր, որոնք համակարգվում են ադմինիստրատորների կողմից:
Ադմինիստրատիվ խումբը հաջորդ տարի՝ 2015 թվականին, նախաձեռնեց ու իրականացրեց սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առանցքը շնորհավորական բնույթ ունեցող հոլովակի ցուցադրությունն էր: Հոլովակը, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ցանցում գործառնող մասնագետների ու կառույցների կողմից արժանացավ մեծ գնահատանքի:
Հոլովակի ստեղծումով էլ հիմք դրվեց «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպությանը, որը որոշ ժամանակ հետո սկսեց իր գործունեությունը՝ հիմքում ունենալով այն առաքելության իրագործումը, որը դրել են հիմնադիր անդամներն իրենց առջև:
Մինչ օրս ադմինիստրատիվ խմբի անդամների ջանքերով իրականացվել են տարատեսակ մասնագիտական միջոցառումներ՝ մասնագիտության իրազեկումներ հանրության շրջանում, ֆոտոմրցույթ, սեմինար-քննարկում, էսսեների մրցույթ՝ համագործակցությամբ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի:
Ներկայումս կազմակերպությունը իրականացնում է «Սոցիալական աշխատողի ձայնը» լայնամասշտաբ նախաձեռնությունը, որն ուղղված է սոցիալական աշխատողների կրթական գործընթացը բարելավելուն:

воскресенье, 18 марта 2018 г.

ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԵԿՏԵՂՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ


Մարտի 16-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի  Բնագիտատեխնիկական  գրականության  ընթերցասրահում  տեղի  ունեցավ սեմինար-քննարկում «Հոգեկան առողջությունը և սոցիալական աշխատանքը» թեմայով, որը կազմակերպել էր «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ն: Սեմինարի ընթացքում ներկայացվեց ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ դաշտը, մասնավորապես ներկայացվեց առողջապահության ոլորտը Արաբկիր Բժշկական Համալիրի օրինակով, որը ներկայացրեց կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Մարտիրոսյանը: Ներկայացվեց Համալիրի պատմությունը, անցած ուղին, մասնագիտության կայացումը տվյալ հաստատությունում և այն ճանապարհը, որն անցել է Աննան իր մասնագիտական զարգացման ճանապարհին:
Այնուհետև ելույթ ունեցավ ներկայումս ԵՊՀ-ում դասախոսող, 33 տարի Ֆրանկֆուրտի Միջազգային ընտանեկան կենտրոնում սոցիալական աշխատողի փորձ ունեցող, Գերմանիայում տարբեր հայկական միությունների անդամ հանդիսացած, ինչպես նաև նախագահ եղած, Ֆրանկֆուրտում հոգեսոցիալական խնամքի ոլորտում երկար տարիների ավանդ ունեցող Արթին Աքյուզը, ով ներկայացրեց Գերմանիայի հոգեսոցիալական խնամքի համակարգը՝ Ֆրանկֆուրտում գործառնող մոդելի հիման վրա:

«Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի հիմնադիր անդամ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի սոցիալական աշխատող, ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի «Սոցիալական աշխատանք» բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Մանյա Նիկողոսյանը ներկայացրեց Հոգեկան առողջությունը հանրային առողջության ոլորտում:
Իսկ բակալավր 4-րդ կուրսի ուսանողներ Արմինե Կոստանյանն ու Գայանե Եղիազարյանը ներկայացրին Հոգեկան առողջության պայմանավորող գործոնները և հոգեկան առողջության վերականգնման և սոցիալական ներառման համակարգը:
                                                                                Սեմինարն անցավ ջերմ մթնոլորտում, ինչի շնորհիվ ծնվեցին նոր գաղափարներ և համագործակցության նոր առաջարկներ:


Հ.Գ. Սա «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի առաջին քայլերից էր դեպի մասնագիտական մեծ դաշտ:




понедельник, 20 ноября 2017 г.

ԳԵՇՏԱԼՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԽՄԲԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ. ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ


Գեշտալտ  թերապիան  հոգեբանական  պրակտիկայի  բավականին  հետաքրքիր ու կարևոր  ուղղություններից  մեկն է: Դրա   հիմնադիրը   համարվում է  Ֆրից   Պերլզը: <<Գեշտալտ>>  նշանակում է  ձև, պատկեր: Հոգեբանության  մեջ այդ բառի տակ հասկանում են մասերի մենահատուկ կազմավորում, որը հանդես է գալիս մեկ ամբողջության տեսքով: Այն կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու  դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մադկանց հետ հաղորդակցման կարողությունը:
Ինչպես  նշում  է Ջոն  Էնրայտը . <<Գեշտալտը  գերմաներեն  բառ է:  Այն  նշանակում է  համակարգված  ամբողջություն,  ընդգծում է շփման  մեջ  ամբողջական կոնտեքստի  կարևորությունը: Մեր  շփումը  սահմանափակվում է  սպիտակ  թղթի  վրա  սև  հետքերի  քանակությամբ>>:
Գեշտալտ թերապիան ընդգրկված է ընդհանուր էկզիստենցիալ կամ հումանիստական թերապիայի մեջ: Համաձայն գեշտալտ թերապիայի ներկայացուցիչների կարիք չկա ինչ-որ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել, որ կատարյալ դառնաք, դուք կատարյալ եք առանց դրա: Կատարելության ձևը կարող է նաև փոխվել, բայց այն որ դուք կատարյալ եք, դա կախված չէ ձևից, այնպես ինչպես երջանկության և կատարելության զգացումը կախված չէ ձգտումների մակարդակից, խնդիրերի առարկայությունից, քանի որ այն ամենը, ինչ կապված է երջանկության ձեռք բերման հետ, դա ընկալման փոփոխությունն է: Այս փոփոխությունը կայանում է նրանում, որ սկսես մտածել ոչ թե այն մասին, թե ինչ կարող էր կամ պետք էր արված լիներ, այլ ինչ ունես դու հենց հիմա և հենց այս պահին. հարակավոր է զգալ և վայելել այդ ամենը: Գեշտալտ թերապիան ներառում է հետևյալ դրույթները`
·         Օրգանզիմի գլխավոր ֆունկցիան դրա ամբողջականության կամ գեշտալտների սեղծումն է, որն արտահայտվում է ձևերի, իրավիճակների միջոցով:
·         Չավարտված ձևերի պարբերական գոյությունը հանգեցնում է նյարդային խանգարումների: Այցելուն կարող է հասկանալ և ստեղծել իր <<ես>>-ը որպես ամբողջական անձ, եթե ուշադրությամբ հետևի տեղեկատվության արտաքին կամ ներքին հոսքերին:
·         Լրացնելով և ավարտելով անավարտ իրավիճակները, չբավարարված պահանջմունքները` անհատը ինքնակարգավորում և պահպանում է այլ մարդկանց հետ ունեցած դինամիկ հավասարակշռությունը:
Մի խոսքով, թերապիան ուղղված է սեփական արժեքի և նշանակության գիտակցմանը, ինքնագիտակցմանը:
 Գեշտալտ  թերապիայի  էությունը  հասկանալու  համար պետք  է  ուսումնասիրել այն  հիմնական  սկզբունքները,  որոնցով  իրականացվում  է  գեշտալտ  թերապիան:
Դրանք են.
“Այստեղ և  հիմա”
“Այստեղ և  հիմա”   սկզբունքը կամ ներկա պահի  վրա  կենտրոնացումը, թերևս, կարելի  է համարել  գեշտալտ  թերապիայի  կարևորագույն  սկզբունք: Էությունը  կայանում է  նրանում, որ  սեանսի  ընթացքում  թերապևտը  հաճախ  է  դիմում այցելուին, հասկանալու  համար,  թե  վերջինս ինչ  է  մտածում,  զգում  տվյալ  պահին: Եթե  այցելուն  պատմում է  անցյալից ինչ-որ դեպքի  մասին,  թերապևտը   խնդրում  է ներան  տեղափոխել  այն  ներկա  իրավիճակ և  պատկերացնել, թե  ինչ  զարգացում  կունենա  դեպքը,  եթե  կատարվի  հիմա: Արդյունքում  հաճախ  է պատահում, որ  մարդիկ  խուսափում են ներկայի  հետ  բախումից  և  խորասուզվում  են անցյալի հիշողությունների մեջ  կամ  երևակայում  ապագայի  մասին:
“Ես և դու”
Արտացոլում է մարդկանց մեջ  բաց  անմիջական շփումը: Այցելուները որևէ  մեկին  վերաբերող  հայտարարությունները  հաճախ հասցեատիրոջը  չեն  ուղղում, դրանով  իսկ  բացահայտելով իրենց  ուղիղ ու  միանշանակ արտահայտվելուց  խուսափելն  ու չուզենալը: Շփումից  խուսափելը կարող  է հանգեցնել  այցելուի մեկուսացման,  ուստի  թերապևտը  խրախուսում  է  խմբի  անդամների`  միմյանց  հետ շփվելուն  ու  հաղորդակցմանը:
“Հայտարարությունների սուբյեկտիվացում”
Այս սկզբունքը  կապված է  այցելուի` իրավիճակի մեջ  ներգրավվածության  ու պատասխանատվության  հետ: Հաճախ  մարդիկ խոսում  են իրենց մարմնի,  զգացմունքների,  մտքերի ու  վարքի  մասին կողքից,  սուբյեկտիվորեն:  Թերապևտը  հաճախ  արհեստական  կոնֆլիկտ  է  ստեղծում այցելուի  ու նրա`  սեփական որոշումների  համար  պատասխանատվությունից  խուսափելու,  ուրիշներին  մեղադրելու  խնդրի  հետ:
“Գիտակցման շարունակականություն”
Գիտակցումը  որպես թերապիայի  հիմք նշանակում է զգացմուքների սպոնտան  հոսքի  միտումնավոր  կենտրոնացում,  տվյալ  պահի  ամբողջական  վերահսկում: Այս  սկզբունքը  անհատին  հասցնում է  սեփական  փորձի,  անվերջ  վերբալացումներից հրաժարվելուն, իրավիճակի  մեկնաբանման  ու  նույնականացման:

Պարզագույն  ուսումնասիրությամբ  անգամ  կարելի է տեսնել,  որ սոցիալական  աշխատանքն  ու  գեշտալտ  թերապիան  ունեն, գուցե փոքր,  բայց  ակնհայտ  կապ:
Գեշտալտ  թերապիան  ուղղված  է մարդու գիտակցության  ընդլայնմաը և սեփական մտքերի,  ցանկությունների, նպատակների, արտաքին   աշխարհի հնարավորինս  լավ  գիտակցմանը, մարդու` սեփական արարքների  համար  պատասխանատվության զգացման  առկայությանը, ինքնուրույն որոշումներ  կայացնելու  կարողության  զարգացմանը: Իսկ սոցիալական  աշխատանքն  օգնում է  մարդուն զարգացնել իր  կյանքում  առկա խնդիրների   ինքնուրույն  լուծման  հնարավորություններն  ու  կարողություննրը:  Կարելի  է  ասել,  որ  սոցիալական  աշխատանքն ու  գեշտալտ  թերապիան  որոշակի  համատեքստում  մի  ամբողջություն են  կազմում:  Գեշտալտ  թերապիան  կիրառվում  է  սոցիալական աշխատանքում մարդու  անհատական  զարգացման,  սեփական  խնդիրների  հաղթահարման գործընթացում  որպես  շարժիչ, ուղորդող գործոն:   Բացի  այդ, գեշտալտ  թերապիայի  պես  սոցիալական  աշխատանքու ևս կիրառվում է “այստեղ և  հիմա” սկզբունքը “միջամտություն ճգնաժամային  իրավիճակում” մոդելի  իրականացման  ժամանակ:
Աղբյուրը՝
1.  Гештальт, ведущий к просветлению или  пробуждение от  кошмара: Перевод Центр гумаництичестких технологий “Человек”.: СПБ.: 1994.: Терминологическая  правка  В.Данченко. К., 2002

2.  Кьелл Рудестам: Групповая Психотерапия:  Психокорекционные Группи: Теория и практика; М. :Прогресс, 1990 – СПБ. : Питер Ком, 1998

воскресенье, 5 ноября 2017 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» ԱՐԵՎԻԿ ԲԱԲԱՅԱՆ


_Բարև Ձեզ, Արևիկ ջան, կներկայանա՞ք:
_Ես Արևիկ Բաբայանն եմ, մասնագիտությամբ սոցիալական աշխատող, չնայած մասնագիտությունս նաև սոցիալական մանկավարժություն և կառավարման հոգեբանություն է:
_Կպատմե՞ք մի փոքր Ձեր մասին:
_Ես շուրջ 7 տարի է, ինչ աշխատում եմ սոցիալական ոլորտում, ընթացքում իրականացրել եմ կամավոր աշխատանք և համատեղ աշխատել կամ սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտություններով:
_Ինչպե՞ս եք հանդիպել Ձեր մասնագիտությանը:
_Այն տարածաշրջանում, որտեղ ապրում էի, եղել եմ ներառական կրթությունում առաջին պրակտիկ սոցիալական մանկավարժը, ինչպես նաև սոցիալական աշխատողը, այստեղից էլ սկսվել է նկատվել իմ՝ սոցիալական աշխատողի գործունեությունը: Ընթացքում եղան ՀԿ-ներից  աշխատանքի հրավերներ և այդպես աճեցի տվյալ մասնագիտությունում:




















_Ի՞նչը դրդեց մասնակցելու մեր հայտարարած ֆոտոմրցույթին:
_Հայտարարությունը կարդալուց հետո ես հասկացա ինչ եմ ուզում, ինչ եմ արել, ըստ իս սոցիալական աշխատողը ինչ է անում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հետ, դրա համար ինձ պետք էր օգնություն միայն գրաֆիկական մասով և այդպես էլ եղավ, և եթե ես գիտեմ ինչ եմ ուզում, կարող եմ վստահորեն մասնակցել:
_Ինչպե՞ս ծնվեց լուսանկարի գաղափարը:
Գաղափարը հետևյալն էր, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած անձ կարիք ունի աջակցության, որն իրականացնում է սոցիալական աշխատողը կամ սոցիալական ոլորտի այլ ներկայացուցիչ:
_Դուք նշեցիք, որ 7 տարի է ինչ ոլորտում եք, բնականաբար ունեցել եք և ունենում եք դժվարություններ, կպատմեք, թե ինչ դժվարությունների եք հանդիպում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:
_ Սկզբի տարիների դժվարություններից էր այն, որ հասարակությունը չի ճանաչում մասնագիտությունս, անընդհատ կարիք կար բացատրելու՝ ինչ մասնագիտության տեր եմ և ինչ գործունեություն եմ իրականացնում պրակտիկայում: Հիմա  պատկերն այլ է՝ մասնագիտության մասին խոսում ու ներկայացնում են անհամեմատ ավելի շատ, նույն ծնողները ավելի տեղեկացված են, իսկ հետագա դժվարությունները արդեն որոշակի թերացումներ կարող են լինել, սակայն արդյունավետ աշխատանքի դեպքում այն չի դիտարկվում որպես դժվարություն:
_Ի՞նչ բնորոշում կտաք մասնագիտությանը:
_Անձ, որը օգնության ձեռք է մեկնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն:
_Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ՀՀ-ում սոցիալական աշխատանքում, պատճառներն ըստ Ձեզ որոնք են, և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել:
_Խնդիրները բավականին շատ են, հատկապես թղթաբանությունը, խնդիր կա նաև սոցիալական աշխատանքի լուսաբանման հետ կապված, քանի որ խնդրահարույց իրավիճակում գտնվող մարդիկ չգիտեն ում և որտեղ դիմել:
_Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա և ապագա մասնագետներին:
_Ապագա մասնագետներին խորհուրդ կտամ ավելի լավ մտածել ընտրություն անելիս, եթե մասնագիտությունն իրենցը չէ, թող չշարունակեն, եթե իրենցն է, ուրեմն իրենք կարող են դրա միջով անցնել, որովհետև պրակտիկայում հանդիպում ենք մարդկանց, որոնց խնդիրը պետք է կարողանալ տեսնել, օգնել ու աջակցել:
_Որևիցե արտահայտությամբ Ձեր շնորհավորանքը հղեք տոնի առթիվ:
_Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր սոցիալական ոլորտի աշխատողներ են, ցանկանում եմ, որ աշխատանքում ունենան մասնագիտական աճ, բազում հաջողություններ և բարձր վարձատրություն (ժպտում է):