суббота, 29 сентября 2018 г.

«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՎԱՂԸ»․ Հ․ Բունիաթյան





«Եթե դատես այլոց այնպես, ինչպես այս համակարգն է քեզ դատել, դրանով դու ավելի լավը չես դառնա, քան նրանք, որ քեզ մահապատժի են ենթարկել:
Խաղաղվիր քո Աստծու հետ, ով էլ որ նա լինի։»
Դուայթ Ադանանդուս
Բարև՜, Ընթերցող։ 
Եթե դու գտել ես մի քանի րոպե ժամանակ՝ լսելու այն, ինչը ես ապրել եմ տարիների ընթացքում, ուրեմն, շնորհակալ եմ, որ հանդիպել ենք իրար երկրային այս կյանքում։
Գուցե խոսքերս քեզ թվան պարզ ու հասարակ, և իրենք հենց այդպիսին էլ կան, բայց նրանք իրական, և որ ամենակարևորն է՝ ապրված են։
Ես ու դու այս աշխարհ ենք թափանցել ուրույն առաքելությամբ՝ արարելու, սիրելու ու սիրվելու, ապրելու ու ապրեցնելու սուրբ պատգամները մեր ներսում ամրացած, և մեզանից յուրաքանչյուրը նրանց կյանքի է կոչում յուրովի։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ «ճակատագիր» ասված ունայնությունն իր կործանող հեգնանքներով թակում է մեր դուռը՝ ծնկի բերելով մեզ ինքներս մեր առաջ։ Երբ մեր ներսում կորցնում ենք մեր գոյության «ինչու»-ի և «ինչպես»-ի իմաստները։ Ի՞նչ ենք մենք զգում այդ պահին, ակնթարթի մեջ, ժամերի, օրերի, ամիսների, և վերջապես՝ տարիների ընթացքում։ Երբ ախտահարվում է մեր հոգին, փշրվում ամեն լուսավորը։ Երբ մեզ սկսում է երազանք թվալ անգամ այն ամսվա ապրելը, որում ծնվել ենք, քանզի վախենում ենք, որ այն կապրենք մեռած․․․։
Անպիտանելիության հաստատակամ զգացողությամբ համակված՝ դիմում ենք քայլերի, որոնց պատասխանատվությունը միայն կատարելուց հետո ենք հասկանում, բայց այնքան ուշ է լինում հետդարձի համար։ Չէ՞ որ կյանքը, չէ՞ որ մարդիկ մեզ չեն սպասում․․․։
Բոլորս էլ ծնվում ենք արդարության հասնելու, արդարություն ճաշակելու անհրաժեշտ ու բնական պահանջով, որի համար պայքարում ենք մեր գիտակցական ամբողջ կյանքում՝ անցնելով քառուղիներ, փորձություններ, որոնցից միայն կոփվում է մեր կամքը։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ արդարության դրոշակը ձեռքներիս քայլելիս բախվում ենք անազատության կապանքներին, ամենատարբեր համակարգերի ճնշումներին ու բռնությանը մեր ազատ ոգու վրա։
Շալակելով իսկական խենթի հոգեբանություն՝ փորձում ենք փոխել համակարգեր, որոնք հետո մեզ կուլ են տալիս, բայց որը, սակայն, մենք ինքներս ենք թույլ տվել։ Եվ միայն մահվան անդունդի առջև կանգնած ենք ինքնագիտակցում, որ, այո, փոխել է պետք հենց միայն ու նախևառաջ ինքներս մեզ։ 
Չէ՞ որ ինքներս էլ մի համակարգ ենք մեզանից ներկայացնում, որն ունակ է ժանգոտվելու, խափանվելու, և որը ևս փոփոխության կարիք է զգում։ 
Եվ հենց այդ ժամանակ, երբ աշխարհը մեզանում բաժանված է լինում սև/սպիտակի, երբ աշխարհը մեր աչքերով թվում է օտար մի հարազատ, մեզանում ծնունդ է առնում ամենավերջին շանսը՝ անվերջ թվացող խավարում մոմի բոցկլտացող լույսը՝ այն վերջում մեռնող, բայց գոյություն ունեցող հավատը, որին ինքներս ենք մեզանում սպանում կամ էլ քնեցնում ժամանակի ընթացքում։
Հավատ առ մեր ներսի, առ այն, որ մենք կարող ենք և կարող ենք ավելին․․․։
Եվ հենց այդ հավատին էլ փարված, հենց այդ հույսով էլ մեր ներսի սառույցները հալեցրած, աշխարհի ու մեր միջև վեր խոյացած պատնեշները քանդած՝ փորձում ենք վարից բարձրանալ վեր՝ նորից ու կրկին մեզանում արթնացնելով այն հույզերն ու զգացումները, որոնցով սիրահարված ենք եղել կյանքին։
Ինքնամաքրվելով ու վերածնվելով մեր ներսում որպես մի մանուկ, ով դարձյալ ամենքին ու ամենին նայում է ներքևից, ով նետվում է այս կյանքում սովորելու, ճանաչելու, իր վերաիմաստավորված գոյությունը սեփական առաքելությամբ հիմնավորելու, նորից արբում ենք երկրային այս կյանքի սիրո գինուց՝ այդկերպ գրանցելով կյանքի ամենաշքեղ հաղթանակը՝ ինքնահաղթությունը։
Եվ վերջապես՝ ներում ենք նրանց, ովքեր մեզ ինչ-որ մի պահի կործանել են։ 
Ներում ենք մի պարզ պատճառով՝ նրանք չգիտեն, թե ինչ են արել ․․․:
Ապրելով այսօր, մեզ նվիրելով հավերժական ներկային՝ կերտում ենք ապագան, մեր վաղվա օրը, օր, որի գույները ինքներս ենք սահմանում, երբ մեզանում վերագտնում ենք այն կյանքի շունչը, որին արժանացել ենք, երբ ի վերջո  վերազգում ենք, որ մոտ է վաղը, երբ գալիս է վաղը․․․։
ՀԳ Ընտրված խորագիրը պատահական չէ այն կրում է Նանոն Վիլյամսի համանուն՝ «Երբ գալիս է վաղը» իրական դեպքերի վրա հիմնված պատմվածքի վերնագիրը, և ըստ էության, արտացոլում է տվյալ ստեղծագործության բովանդակային առավել ընդհանրական իմաստը։
 Հասմիկ Բունիաթյան

Комментариев нет:

Отправить комментарий