Անհատական սոցիալական աշխատանքը սահմանվում է որպես սոցիալական աշխատողի և մեկ անձի միջև եղած մի գործընթաց, որի ընթացքում մասնագետը, փորձում է լուծել խորհրդառուի սոցիալական և անձնական դժվարությունները, հենարան է ստեղծում նրա համար՝ խրապուսելով և ակտիվացնելով այդ անձին, որպեսզի նա ինքնուրույն լուծի սեփական խնդիրները:
Անհատական աշխատանքի մեթոդի ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել Մերի Ռիչմոնդը ԱՄՆ-ից, որը 1917թ. «Սոցիալական աշխատորոշումներ» աշխատության մեջ մանրամասնորեն ներկայացրել է իր աշխատանքային մեթոդը: Այն ձևավորվել է հիմնականում բժշկական գործընթացի և տերմինաբանության հիման վրա, ինչպես նաև հոգեբանությունում լայն զարգացում ստացած բիհևորիստական դպրոցի և Զ. Ֆրոյդի հոգեվերլուծության վրա: Մ. Ռիչմոնդի կողմից առաջարկված մեթոդը հետագայում ստացել է social casework անվանումը, որը հայերեն բառացիորեն թարգմանվում է որպես «աշխատանք առանձին դեպքի հետ»:
Դեպքի հետ սոցիալական աշխատանքը «արհեստավարժ սոցիալական աշխատողների գործունեություն է՝ հիմնված հոգեսոցիալական, վարքաբանական, համակարգային, ճանաչողական հայեցակարգերի և կանոնակարգված արժեքների վրա, որն օգնում է հաղթահարել անհատներին և ընտանիքներին միջանձնային, ներհոգեկան, սոցիոտնտեսական, զարգացման հիմնախնդիրները և իրականացվում է խորհրդառուի հետ անմիջական փոխազդեցության ժամանակ»:
Անհատական հոգեսոցիալական աշխատանքն իրականացվում է «դեմ առ դեմ», երբ սոցիալական աշխատողը լուծում է խորհրդառուի անձնային և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները:
«Դեմ առ դեմ» իրավիճակը ենթադրում է սոցիալական աշխատողի և խորհրադռուի միջև որոշակի յուրատիպ օգնող հարաբերություններ:
Դեպքի հետ աշխատանքի գործընթացը ներառում է հետևյալ 3 փուլերը՝
1. սկզբնական,
2. աշխատանքային,
3. ավարտական:
1. Սկզբնական փուլ
Սոցիալական աշխատողի և խորհրդառուի հանդիպումից սկսում է սկզբանական փուլը, որը փոխադարձ ծանոթության և ուսումնասիրության փուլն է: Առաջին հանդիպումից ստացված տպավորությունը մեծ ազդեցություն է ունենում հետագա աշխատանքի ընթացքի վրա: Այս փուլում է, որ սոցիալական աշխատողի կողմից օգտագործվում են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ ապրումակցումը, անկեղծությունը, հարգանքը: Սրանք խորհրդատվությանը հաղորդում են անհրաժեշտ վստահության մթնոլորտ:
Ապրումակցումը (empathia) հունարեն բառ է, որը նշանակում է «ուրիշի զգացմունքների հետ միացում» կամ «զգալ մեկի հետ միասին»:
Ըստ Կ. Ռոջերսի, ապրումակցումն ուրիշի ներքին աշխարհի, որպես սեփականի ընկալման ունակությունն է:
Հարգանքը սոցիալական աշխատող-խորհրդառու փոխհարաբերություններում ենթադրում է վերջինիս նկատմամբ ջերմ, հոգատար վերաբերմունք, որն ըստ Կ. Ռոջերսի կոչվում է «անվերապահ դրական վերաբերմունք»: Դա նշանակում է, որ սոցիալական աշխատողը պետք է հարգալից վերաբերվի իր խորհրդառուին, բարձր գնահատի նրան արդեն իսկ նրա յուրահատուկ անհատականություն լինելու համար և ընդունի նրան այնպիսին, ինչպիսին նա կա:
Անկեղծությունը նույնպես սոցիալական աշխատողի կողմից ցուցաբերվող մասնագիտական վարքի մի տարր է, որը ենթադրում է նրա կողմից անկաշկանդ, բնական, անկեղծ պահելաձև:
2. Աշխատանքային փուլ
Ի տարբերություն սկզբնական փուլի, այստեղ աշխատանքն ուղղված է ոչ այնքան անհատ-հիմնախնդիր-իրավիճակ համակարգի հետազոտմանը և գնահատմանը, որքան դրա փոփոխմանը: Այս փուլում մասնագետը դիմում է այնպիսի թերապևտիկ գործողությունների, ինչպիսիք են՝
- Դերային խաղը
- Կենտրոնացում հիմնախնդրի շուրջ
- Գործողությունների գնահատում
- Կրթում
- Խորհուրդների տրամադրում
- Այստեղ և հիմա հմտությունը
- Վերաձևակերպում կամ բառափոխում
- Առճակատում
- Աշխատանքի ավարտի ուրվագծում
Այն հարաբերությունները, որոնք նշանակալից են եղել մարդու համար, միշտ դժվար է դադարեցնել: Խորհրդատվության ընթացքում սոցիալական աշխատողի և խորհրդառուի միջև ստեղծվում են բավականին ջերմ հարաբերություններ, որոնց ավարտը կարող է առաջացնել տխրության, կորստի զգացում, ընդ որում թե՛ սոցիալական աշխատողի և թե՛ խորհրդառուի մոտ: Սոցիալական աշխատողը պետք է տիրապետի այն հմտություններին, որոնց միջոցով կարելի է թեթևացնել բաժանման պահը՝
- Գործընթացի վերանայում
- Վերջնական գնահատում
- Զգացմունքների քննարկում
- Գրավոր ամփոփում:
«Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002
Комментариев нет:
Отправить комментарий