понедельник, 28 марта 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ Ներանձնային կոնֆլիկտի մասին

Ողջույն,

Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես։ Առաջարկում եմ շարունակենք զրուցել հաշմանդամության, մարդու իրավունքների և հավասարության մասին միասին։

Ինչպես ավելի վաղ նշել եմ, ես սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հոգեկան առողջության խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Իմ առողջական խնդիրը ես ձեռք եմ բերել տարիներ առաջ, միջանձնային մի կոնֆլիկտի ժամանակ՝ պայքարելով ինձ տրված իրավունքների համար։

Համալսարանում եղել եմ ակտիվ ուսանող․ այդ մասին կփաստեն ինձ ճանաչող մարդիկ։ Փորձել եմ չլռել և բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը ինձ թվացել է անարդար և ոչ ճիշտ։

Սակայն ինձ հետ տեղի պիտի ունենար մի դեպք, որից կբեկվեր իմ գիտակցական ողջ կյանքը։

Ունենալով այնպիսի ղեկավար (ամբիոնի նախկին վարիչ), որի նպատակը ուսանողի ազատության վրա ինքնահաստատվելն ու վերջիններիս արժանապատվությունը նվաստացելն էր՝ ես վճռեցի ընդդիմանալ ու դա անել միայնակ։

Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ 

Լինելով հասունացման տարիքում (22 տ․)՝ ես անցա մի մեծ փորձության միջով, ապրեցի հոգեկան և հոգեբանական ծանր սթրես, որի հետևանքը իմ ներկայիս և ամբողջ կյանքում ինձ հետ ընթացող առողջական խնդիրն է։

Միջանձնային այդ կոնֆլիկտը, որը ծնվեց իրավունքների պայքարի արդյունքում և պսակվեց անհաջողությամբ, բխեց երկու անհատների ներսում ընթացող ներանձնային կոնֆլիկտներից։

Որպես խնդրի կրող՝ ես կարող եմ վստահեցնել, որ մեզանում և մեր շուրջը տեղի ունեցող շատ խնդիրներ ի հայտ են գալիս, քանի որ մենք խաղաղ ու ներդաշնակ չենք առաջին ինքներս մեզ հետ, մեր միջավայրի հետ, որտեղ մուտք ենք գործում։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարման արդյունքում ինձ հաճախ թվում է, թե մարդիկ ինձ դեմ են, մարդիկ իմ վատն են կամենում և այլն։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը ինձ սովորեցրեց ճանաչել աշխարհը այն համատեքստում, որ մարդ արարածը ապահովագրված չէ այսօրինակ մարտահրավերներից, որ աշխարհը կառավարող և իշխող մարդը ինքնին գոյության պայքարի մեջ է շարունակ, և ինքն էլ հաճախ չգիտե, թե ինչ է ուզում ինքն իրենից և արտաքին աշխարհից։

Իհարկե, ես ստանում եմ դեղորայքային և բժշկական միջամտություն, սակայն ջանքերը կլինեին ապարդյուն, եթե ես չկարողանայի ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։

Սակայն սա ամենևին չի ենթադրում այն, որ պիտի հարմարվել ստեղծված իրավիճակին և չձեռնարկել դրական փոփոխություններ։ Իրական փոփոխությունները հնարավոր են, եթե ընդունում ես քեզ ու քո շրջապատող ամեն ինչը, այսինքն՝ խաղաղվում ներքուստ և արտաքնապես, նոր վերափոխման քայլեր ձեռնարկում։

Շարունակելի ...


Комментариев нет:

Отправить комментарий