понедельник, 30 октября 2017 г.

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ_ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ



Այս մոտեցումը ձևավորվել է ընդհանուր համակարգային տեսության հիման վրա,  սակայն հարստացվել «միջավայր» և «միջավայրային փոխազդեցություն» հասկացություններով, որոնցից և ստացել է իր անվանումը։
Միջավայրային մոտեցումը ենթադրում է ադապտիվ, զարգացնող հայացք մարդու վերաբերյալ միջավայրի տարրերի փոփոխությունների պայմաններում, որոնք կարող են զարգացնել մարդկային պոտենցիալը կամ դժվարեցնել զարգացումը։ Բոլոր միջավայրային հայեցակարգերը տրանսակցիոնալ բնույթ ունեն։ Մարդիկ, ֆիզիկական և սոցիալական միջավայրերը հստակորեն բացատրվում են միայն իրենց հարաբերությունների համատեքստում, իսկ այդ հարաբերությունները ենթադրում են, որ անհատները, խմբերը և ֆիզիկական ու սոցիալական միջավայրերը շարունակաբար փոխազդում են որոշակի պատմական և մշակութային համատեքստում։
Ըստ միջավայրային մոտեցման՝ արտաքին կենսական և ներքին սթրեսորները ենթադրում են անհատական միջավայրում բացասական հարաբերությունների առկայություն։ Կենսական սթրեսորները բնութագրում են վախը, անզորությունը, տագնապը ապագա վտանգի կամ կորստի մասին։ Ներքին հուզական կամ հոգեբանական սթրեսը անհատ–միջավայր հարաբերություններում կենսական սթրեսների հետ համակերպվելու անհատի առաջնային պատասխանն է։ Երկրորդային արձագանքի ընթացքում անհատը փորձում է հարմարվել սթրեսորներին և մշակել համակերպման չափորոշիչներ։ Անձնային ռեսուրսները (մոտիվացիա, խնդիրների լուծման և հարաբերություններ հաստատելու հմտություններ) որոշ չափով կախված են նախորդ և ներկա միջավայրերի հետ շփման փորձից։ Միջավայրային ռեսուրսները (ֆորմալ կազմակերպական ռեսուրսներ, մտերիմների, ընկերների, հարևանների ոչ ֆորմալ աջակցություն) կախված են դրանց հասանելիությունից և անհատի կողմից դրանց հասնելու և օգտագործելու կարողությունից։ Միջավայրային տեսությունը նշում է նաև, որ երբ մարդիկ ունենում են միջավայրի հետ հարաբերվելու դրական փորձ, նրանք ձեռք են բերում արդյունավետության փորձ, որը ենթադրում է փորձառության բարձրացում։ Փորձառությունը, իր հերթին, մարդու մոտ զարգացնում է ինքնահարգանք և ինքնորոշում։ Միջավայրային տեսությունը քննարկում է ևս մեկ շատ կարևոր հասկացություն՝ «բնական միջավայր» (habitat), որը բնութագրում է վայրը կամ տեղը, որտեղ գտնվում է տվյալ օրգանիզմը։ Փոխաբերական իմաստով այս հայեցակարգը բնութագրում է որոշակի ֆիզիկական և սոցիալական պայմանները որպես անհատի բնակավայր։ Միջավայրային մոտեցման սահմաններում բնակատեղին համայնքի սոցիալական կառուցվածքում դրա անհատների և խմբերի կողմից զբաղեցրած սոցիալական կարգավիճակն է։ Քանի որ միջավայրային մոտեցումը ենթադրում է օրգանիզմի ուսումնասիրությունը իր իսկ միջավայրում, ապա այն հատկապես կիրառելի է սոցիալական աշխատանքում որպես անհատին իր իսկ միջավայրում դիտարկելու և ուսումնասիրելու միջոց։
Հեմեյնը և Հիտտերմանը 1980–ական թվականներին ներկայացրեցին միջին տևողության «կյանքի մոդելը», որը հանդես եկավ որպես համակարգային–միջավայրային տեսության կիրառում սոցիալական աշխատանքում։ Բնականաբար, «կյանքի մոդելը» մարդկանց դիտարկում է որպես իրենց միջավայրի հետ անընդհատ փոխազդող և մշտապես վերջինիս հարմարվող էակների։ Մարդիկ ոչ միայն փոխվում են այդ միջավայրի ազդեցության տակ, այլ նաև իրենք փոխոխության են ենթարկում այն։ Նրանք զարգանում են այդ միջավայրում, իսկ վերջինս կարող է դրան խոչընդոտել կամ աջակցել։ Սոցիալական հիմնախնդիրները խոչընդոտում են փոխադարձ հարմարմանը, իսկ ոչ բավարար ռեսուրսները զարգանալու հնարավորություն չեն տալիս։ Այսպիսով՝ հիմնախնդիրների լուծումն աջակցում է մարդու և միջավայրի փոխհարմարմանը և հնարավորություն է տալիս անհատներին, խմբերին և ընտանիքներին գործել արդյունավետ:
Գոյություն ունեն մի շարք իրավիճակներ, որոնք առաջացնում են տարատեսակ սթրեսներ և խախտում են փոխադարձ հարմարման ընթացքը։ Դրանք են.
§  կյանքի փոփոխությունները, օրինակ` նոր դերի ստանձնումը,
§  միջավայրային ճնշումները, օրինակ`շահագործումը կամ խտրականությունը,
§  միջանձնային բախումները, օրինակ` ներընտանեկան կոնֆլիկտներ կամ բախումներ անհամապատասխան սպասումների պատճառով:
Ըստ այս մոդելի աշխատանքի նպատակն է ուժեղացնել անհատի կամ ընտանիքի ադապտատիվ ունակությունները և ազդել նրանց միջավայրի վրա` երկու կողմերին միմյանց հարմարեցնելով։ Այս առումով «կյանքի մոդելի» իրականացումը կատարվում է երկու հիմնական մասով՝
§  աշխատանք խորհրդառուի հետ,
§  աշխատանք խորհրդառուի միջավայրի հետ:
Խորհրդառուի հետ աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատողը շեշտը դնում է հետևյալ գործոնների վրա.
§  ունակությունների ուժեղացում, օրինակ` խորհրդառուի կողմից նպատակների արժևորում, հուզական աջակցություն,
§  ուսուցում, օրինակ` սովորեցնել հիմնախնդիրների լուծման հմտություններ, տալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել ընկալումները,
§  ֆասիլիտացիա (հեշտացում), օրինակ` օգնել նպատակների սահմանման ընթացքում, հեշտացնել շփումները, հեռացնել չհիմնավորված կոնստրուկտները մարդու գործողությունների շարքից:
Միջավայրի հետ աշխատանքի ընթացքում սոցիալական աշխատողը  շեշտը դնում է  հետևյալ գործոնների վրա.
§  միջնորդում, օրինակ` օգնում է խորհրդառուին և տարբեր համակարգերին հանդիպել և համագործակցել ռացիոնալ սկզբունքներով,
§  իրավունքների և շահերի պաշտպանություն, օրինակ` սոցիալական աշխատողը ճնշում է գործադրում կազմակերպությունների վրա խորհրդառուի իրավունքներն իրացնելու համար` ներառելով նաև սոցիալական ակցիաների կազմակերպումը,
§  կազմակերպում, օրինակ` որոշակի արտոնություններ ունենալու համար պետք է ստանալ որոշ կառույցների աջակցությունը: Սոցիալական աշխատողը կազմակերպում է աջակցային ցանցի ստեղծումը. աջակցային ցանցը մեծ նշանակություն ունի այս մոդելով աշխատանքի շրջանակներում:
«Կյանքի մոդելով» աշխատանքն իրականացվում է հետևյալ փուլերով.
1. Սկզբնական փուլ, որտեղ սոցիալական աշխատողը գնահատում է խորհրդառուի կարիքները, փորձում է հասկանալ, թե որ օգնող համակարգերի հետ է խզված կապը, և ինչն է խանգարում փոխադարձ հարմարմանը։ Մեծ նշանակություն ունի նախկինում ունեցած հիմնախնդրի լուծման խորհրդառուի փորձի ուսումնասիրությունը։ Ըստ այս մոդելի հեղինակների՝ չափազանց կարևոր է, որ սոցիալական աշխատողն ունենա շատ խորը տեսական գիտելիքներ տվյալ հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս փուլում ստեղծվում է խորհրդառուի ընտանիքի գենոգրամը և նրա շրջապատի էկոգրամը, որոնք տեղեկությունների գրաֆիկական արտահայտումն են։ Գենոգրամը և էկոգրամը հնարավորություն են տալիս պարզ, պատկերավոր տեսքով ներկայացնել մարդու անմիջական միջավայրը և նրա շփման, ինչպես նաև աջակցության ցանցերը։
2. Ընթացակարգային փուլ, որի ընթացքում փորձ է կատարվում տալ հիմնախնդրի լուծումներ, վերականգնել կամ ստեղծել հարաբերություններ համապատասխան համակարգերի միջև, ինչպես նաև աշխատել փոխադարձ հարմարվողականությունը վերականգնելու ուղղությամբ, ինչը հիմնականում իրականցվում է վերը թվարկված գործողությունների միջոցով։ Այս փուլում կարևոր է ձեռք բերված փոփոխությունների, այդ թվում՝ ձևական, ամրագրումը։
3. Ավարտական փուլ, որը ներառում է սոցիալական աշխատողի հեռանալը խորհրդառուի համակարգից։ Այս հեռացումը պետք է հնարավորինս անցավ անցնի խորհրդառուի համար, այդ իսկ պատճառով սոցիալական աշխատողը հարաբերությունների ստեղծման ամենաառաջին փուլում արդեն պետք է պահպանի խորհրդառուի անկախությունը և չներխուժի նրա կյանք ավելին, քան դա պահանջում է աշխատանքի նպատակը։ Ավարտական փուլի մյուս կարևոր մասը աշխատանքի առաջընթացի գնահատումն է խորհրդառուի և սոցիալական աշխատողի քննարկման արդյունքում։ Ընդհանուր առմամբ, այս մոդելը ունի կիրառման լայն հնարավորություններ և հատկապես օգտավետ է միջավայրի կողմից մերժված, մեկուսացված, խտրականության և հատկապես բռնության ենթարկված խորհրդառուների հետ աշխատանքում։ Այն հավասարաչափ արդյունավետ է ինչպես անհատների, այնպես էլ խմբերի և հատկապես ընտանիքների հետ աշխատանքում։

Ընդհանրացնելով` նշենք, որ «կյանքի մոդելը» շեշտը դնում է արտաքին աշխարհի հետ փոխազդեցությունը հասկանալու և ղեկավարելու հնարավորության ու կարևորության վրա: Այս դեպքում սոցիալական աշխատանքի հիմնական գործունեությունն ուղղված է խորհրդառուի հարմարվելու կարողությունների զարգացմանը և նրա միջավայրի վրա ազդեցության ուժեղացմանը` խորհրդառուի և միջավայրի միջև ավելի ադապտատիվ փոխհարաբերություններ հաստատելու նպատակով:
Աղբյուրը՝
Осипова А.А. Справочник психолога по работе в кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).

среда, 25 октября 2017 г.

ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ


Հումանիստական ուղղությունը սոցիալական աշխատանքում կարելի է համարել ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային ուղղություն: Հիմնական, քանի որ հումանիստական բազմաթիվ սկզբունքներ կիրառվում են սոցիալական աշխատողների կողմից որպես հիմնարար դիրքորոշումներ սոցիալական պրակտիկայում (Մալելի 2003): Երկրորդային, քանի որ հումանիստական ուղղությունը սոցիալական աշխատանքում ներկայանում է ավելի շուտ ընդհանրացված փիլիսոփայական դիրքորոշումների տեսքով, այլ ոչ թե որպես սոցիալական աշխատանքի հատուկ մոդել:
Այնուհանդերձ, սոցիալական աշխատանքի նպատակների ու գաղափարների հումանիստական ուղղվածությունը հնարավորություն է տալիս վերականգնել սոցիալական աշխատանքի` որպես թերապևտիկ գործունեության կարգավիճակը:
Հումանիզմն ու էքզիստենցիալիզմն այն գաղափարներն են, որոնք օգնում են մարդուն հասկանալ, թե որոնք են կյանքի ըմբռնման իր ուղիներն ու մոտեցումները, և կառուցում են նրա աշխարհայացքը:
Հիմնական գաղափարն հումանիստական մոտեցման մեջ այն է, որ անհատը գնահատում է կյանքի հանգամանքներն ու տեղի ունեցող իրադարձությունները` ելնելով իր փորձից, որն իր հերթին ձևավորվում է այդ իրադարձությունների վերապրման և հաղթահարման փորձի հիման վրա: Սոցիալական աշխատողն այս մոդելի ներքո օգնում է խորհրդառուին ուսումնասիրել իր անձը, զգացմունքները, դիրքորոշումներն ու այն նշանակություններն ու բացատրությունները, որոնք անձը տալիս է կյանքի այս կամ այն իրադարձությանը (օգնում է բացահայտել մարդկային անհատականությունը, հուզազգայական վիճակը):
Հումանիստական մոտեցման ներկայացուցիչները հակված են մարդուն տեսնել որպես ի բնե ակտիվ, պայքարող, ինքնահաստատվող, իր հնարավորությունները մեծացնող, պոզիտիվ աճին ձգտող գո: Այդ իսկ պատճառով սոցիալական աշխատողի ջանքերն ուղղված են խորհրդառուի անձնային աճին, այլ ոչ թե հիվանդության ախտորոշմանն ու բուժմանը: Այստեղ ախտաբանությունը ընկալվում է որպես ինքնադրսևորման հնարավորությունների սահմանափակում, մարդկային հնարավորությունների կորուստ կամ անիրագործելիություն:
Հումանիստական մոդելն ավելի շատ կենտրոնացած է անհատի սեփական անձի ըմբռնման վրա և այդ իսկ պատճառով աշխատանքի ընթացքում առավել շեշտադրված են սոցիալական աշխատող-խորհրդառու փոխհարաբերությունները, որտեղ սոցիալական աշխատողը բարձր է գնահատում խորհրդառուին որպես անհատի և, ստեղծելով վստահելի ու հարգալից մթնոլորտ, ներգրավում է խորհրդառուին սեփական անձի հետազոտման և վերլուծության մեջ:
Հումանիստական մոդելի հիմքում ընկած է գաղափարն այն մասին, որ մարդը փորձում է իմաստ հաղորդել այն աշխարհին, որում նա ապրում է: Սոցիալական աշխատողները փորձում են օգնել մարդկանց ձեռք բերել ինքնաճանաչման հմտություններ և ուղղել դրանք անձնային իմաստի որոնմանը` հենվելով նրանց փորձառության և արտաքին ազդեցության վրա: Հումանիստական մոդելը կառուցված է սեփական գոյության մեկնությունների արժեքայնության և հիմնավորվածության վրա:
Սոցիալական աշխատանքի պրակտիկայում լայն տարածում են գտել հումանիստական հոգեբան Կարլ Ռոջերսի հայացքները: Ռոջերսի թերապևտիկ հայեցակարգում աշխատանքային սկզբունքը պետք է լինի չհրահանգող (ոչ դիրեկտիվ), անքննադատական և հիմնված լինի ակտիվ լսելու ունակության վրա:
Հումանիստական մոդելի մյուս առանձնահատկությունն արտահայտվում է «այստեղ և այժմ» սկզբունքի մեջ, որին հետևելով` սոցիալական աշխատողը ոչ թե կենտրոնանում է խորհրդառուի հիմնախնդրի զարգացման պատմության ուսումնասիրության վրա, այլ շեշտադրում է անհատի, տվյալ պահին, տվյալ հիմնախնդրի վերաբերյալ ունեցած զգացմունքների ու մտքերի ուսումնասիրության վրա:
Կարլ Ռոջերսը սոցիալական աշխատանք ներմուծեց խորհրդատվության (counseling) գաղափարը և գտնում էր, որ խորհրդատվության հաջող ընթացքի համար կարևորագույն պայմաններ են` ապրումակցումը (empatheia), անկեղծությունը և ջերմությունը: Այս բաղկացուցիչ տարրերն են, որ ապահովում են խորհրդատվության դրական և հաջող ընթացքը:
Ապրումակցումը մասնագետի կարողությունն է զգալ և հասկանալ մեկ այլ մարդու ներքին աշխարհը, այնքան լավ, կարծես իր սեփական աշխարհն է: Սակայն կարևորագույն գաղափարն այս սահմանման մեջ «կարծես»  բառի նշանակության մեջ է: Սոցիալական աշխատողը պետք է ունակ լինի ապրումակցել խորհրդառուին` երբեք չմոռանալովկարծես բառը: Սա նշանակում է, որ փորձառու մասնագետը պետք է ի վիճակի լինի ներգրավվել ուրիշի զգացմունքների և մտքերի մեջ, այդ անհատին առավելագույնս հասկանալու նպատակով, սակայն զուգահեռաբար կարողանա տարանջատել իր անձնային զգացմունքներն ու մտքերը խորհրդառուի զգացմունաներից ու մտքերից: Ապրումակցման տեխնիկան սոցիալական աշխատողին հնրավորություն է տալիս կենտրոնանալ խորհրդառուի կողմից արտահայտած զգացմունքների, մտքերի վրա` ցույց տալով, որ ինքը շահագրգռված է և պատրաստ է հասկանալ խորհրդառուի բոլոր զգացմունքները, անգամ ենթատեքստային, և հասկանալ հենց խորհրդառուի տեսանկյունից: Սա այն նախապայմաններից է, որը  օգնում է խորհրդառուին հասկանալ, որ սոցիալական աշխատող-խորհրդառու փոխազդեցությունում առաջնայինը իրեն հասկանալն է իր աշխարհայացքի ներքո  և իր տեսանկյունից:
Ջերմությունը սոցիալական աշխատող-խորհրդառու փոխհարաբերություններում մյուս անհրաժեշտ պայմանն է, որպեսզի առաջարկվող օգնությունն առավել դրական արդյունքի բերի: Ջերմություն ասելով Ռոջերսը հասկանում էր «անվերապահ դրական վերաբերմունք» անհատին: Հումանիստական մոդելի սահմաններում աշխատող սոցիալական աշխատողը  պետք է բարձր գնահատի իր ցանկացած խորհրդառուին, հարգի նրան իր յուրահատկության և անհատականության համար: Մասնագետն աշխատանքը անհատի հետ պետք է սկսի մի այնպիսի համոզմունքով, որ նա պարտավոր է անքննադատաբար ընդունել խորհրդառուին անկախ նրանից, թե ինչ խոսելաոճ կամ պահելաձև է ցուցաբերում նա: Այլ կերպ ասած, սոցիալական աշխատողը պետք է կարողանա այնպիսի մթնոլորտ ստեղծել, որում խորհրդառուն իրեն անվտանգ կզգա և պատրաստ կլինի որևէ փոփոխության:
Անկեղծություն ասելով, Ռոջերսը հասկանում է, որ հարաբերությունները խորհրդառուի հետ չպետք է տարբերվեն այն հարաբերություններից, որոնցում գտնվում է մարդն իր աշխատակիցների կամ այլ մարդկանց հետ: Այսինքն երկկողմանի շահագրգռվածություն պետք է լինի աշխատանքի ընթացքում` ինչպես խորհրդառուի մոտ, այնպես էլ սոցիալական աշխատողի:
Կարկուֆն ու Բերենսոնը /1977թ/ ևս նշում են, որ հաջող թերապիայի պայմանների բազմակերպությունում ներառվում են ազնվությունն ու անկեղծությունը, ջերմությունը, հարգանը և ընդունումը, էմպատիկ ընկալումը: Կարկուֆն առաջարկել է սանդղակ, որի օգնությամբ հնարավոր կլիներ գնահատել թերապևտիկ փոխհարաբերություններում այդ պայմանների իրականացման աստիճանը:
Անձային աճը թերապիայի ընթացքում հնարավոր են վերը նկարագրված պայմանների պահպանման ժամանակ և այն դեպքում, երբ անհատը գիտակցում է իր ինքնությունը: Ինքնությունը, ըստ Ռոջերսի անհատի պատկերացումն է իր մասին, որը հիմնված է նրա անցյալ փորձի, ներկայի փաստերի և ապագայի մասին ունեցած սպասելիքների վրա: Ինքնությունը կայուն վիճակ չէ, այն հասկացություն է, որը ենթակա է փոփոխման, զարգացման և աճի: Ցանկացած անհատ ունի նաև իդեալական ինքնություն, այսինքն անհատի պատկերացումներն են իր մասին, որոնք նույնպես կայուն չեն: Հումանիստական մոդելի շրջանակներում սոցիալական աշխատողի  նպատակն է օգնել խորհրդառուին տարբերել իր իրական ինքնությունն իդեալականից, ընդունել իրականը` ձգտելով դեպի իդեալականը:
Հաճախ մարդկանց մոտ առաջացող հիմնախնդիրների պատճառն անհատի` իր մասին ունեցած անհամապատասխան պատկերացումներն են: Նա գնահատում է իր քայլերը և իր հնարավորությունները` ելնելով իդեալական ինքնությունից, և երբ բախվում է ինքնության ու իդեալական ինքնության միջև եղած անհավասարությանը, անհատի մոտ առաջ են գալիս դիսկոմֆորտ, անբավարարվածություն:
Հաջորդ պատճառը, երբ անհատը դառնում է սոցիալական աշխատողի խորհրդառու, նրա մոտ այսպես կոչված համապատասխանության (կոնգրուենտության) աստիճանի խախտված լինելն է: Համապատասխանությունը անհատի կողմից ասվածի, զգացածի և գործածի միջև եղած համապատասխանության աստիճանն է: Օրինակ` երբ մարդը քաղցած է, նա պետք է սնվի, երբ հոգնած է` հանգստանա: Սոցիալական աշխատողն օգնում է անհատին ձգտել դեպի համապատասխանության առավել հասու աստիճանի, որը նրան հնարավորություն կտա լինել ավելի լիարժեք, ամբողջական, և ինքնիրականացված անձ:
Հումանիստական հոգեբանությունում բազմաթիվ գաղափարներ կապված են «ինքնիրականացում» հասկացության և մարդկային ներուժի իրականացման հիմնահարցի հետ, որն առաջադրվել է Աբրահամ Մասլոուի կողմից (1970): Ըստ Մասլոուի` ինքնաիրականացումը  ընդունակությունների, կարողությունների, և տաղանդների լիարժեք օգտագործումն է: Ինքնիրականացումը ենթադրում է աճ, զարգացում: Մենք հաճախ ստիպված ենք լինում ընտրություն կատարել աճի և անվտանգության, առաջընթացի և ետընթացի միջև: Յուրաքանչյուր ընտրություն ունի իր դրական ու բացասական տեսանկյունները: Ընտրել անվտանգը` նշանակում է մնալ հայտնի և ծանոթ վիճակում` միևնույն ժամանակ համարձակվելով դառնալ ծիծաղելի և հնացած: Ընտրել աճը` նշանակում է բացահայտել նորը, փորձին անծանոթը` միաժամանակ համարձակվելով հայտնվել անորոշության մեջ: Մասլոուն խորհուրդ է տալիս հարցերի պատասխանները փնտրել անձի ներսում, այլ ոչ թե ջանալ գոհացնել քո պատասխաններով մյուսներին: Յուրաքանչյուր անգամ, երբ մենք պատասխանները որոնում ենք մեր ներսում, բախվում ենք մեր ներքին ինքնության հետ: Մենք սովորում ենք հավատալ և վստահել մեր մտքերին ու բնազդներին և գործել դրանց համապատասխան: Ինքնիրականացման հաջորդ քայլը «անձնային պաշտպանական մեխանիզմների» բացահայտումն է և դրանցից հրաժարումը, քանի որ պաշտպանական մեխանիզմների միջոցով մենք աղավաղում ենք մեր անձնային կերպարը և արտաքին աշխարհի կերպարը:
Սոցիալական աշխատանքի մեկ այլ տեսաբան Բրենդոնը (1976, 2000) ցույց է տալիս ձեն-բուդդայական փիլիսոփայության գաղափարների գործածման հնարավորությունը սոցիալական աշխատանքում: Նրա կարծիքով սոցիալական աշխատողները պետք է գործածեն իրենց անձնային ներուժը սթրեսային իրավիճակում գտնվող մարդկանց հետ անկեղծ հարաբերություններ կառուցելու համար: Բրենդոնի հայեցակարգում աշխատանքը ենթադրում է և սոցիալական աշխատողի, և խորհրդառուի ինքնաճանաչման զարգացում, լուսավորում (ձեն-բուդայականության մեջ գործածվում է սատոր հասկացությունը` ինտուիտիվ ներթափանցում) և անձնային աճ: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում այն պայմանները, որոնք խոչընդոտում են խորհրդառուի ինքնաճանաչումը, ինչպես նաև  նմանօրինակ արտաքին հանգամանքները հաղթահարելու հնարավորությունները: Բրենդոնի հայեցակարգում ընդգծվում է խորհրդառուի և սոցիալական աշխատողի անձնային խարիզմայի և արդյունավետ փոխադեցության նշանակությունը:

Այսպիսով` հումանիստական մոդելի հիմնական ուղղվածությունը կայանում է անհատի զարգացման, անձնային աճի կարողությունների բացահայտման և դրա միջոցով կյանքի լիարժեքությանը հասնելու մեջ:
Աղբյուրը՝
Осипова А.А. Справочник психолога по работе в кризисных ситуациях. — Р. н/Д , 2006
Payne, Malcolm Stuart (1991, 1997) Modern Social Work theory, 2nd edititon (Macmillan).
Pincus, Allen and Anna Minahan (1973) Social work practice։ Model and Method (Itasca, IL, Peacock).