среда, 19 ноября 2014 г.

Երեխայի նկատմամբ դրսևորվող բռնության երևույթը, տեսակները և հետևանքները

Երեխայի նկատմամբ ցուցաբերվող բռնությունն ու չարաշահումը համընդհանուր երևույթներ են: Դրանք տեղի են ունենում բոլոր հասարակարգերում և բոլոր երկրներում, և ներառում են երեխայի իրավունքների ոտնահարում ենթադրող վերաբերմունքի բոլոր ձևերը:
Բռնության վերաբերյալ համաշխարհային զեկույցում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքը սահմանվում է որպես ֆիզիկական, հուզական, սեռական չարաշահման, վատ վերաբերմունքի, անտեսման և շահագործման բոլոր ձևերն ընդգրկող հասկցություն, որի հետևանքով վնաս է հասցվում երեխայի առողջությանը, գոյությանը, զարգացմանը կամ արժանապատվությանը` ուժի, վստահության, պատասխանատվության հարաբերությունների համատեքստում: /Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1999 և 2002թթ./:
Բռնության հետևանքները բազմազան են: Լինում են թեթև վնասվածքներ, տարբեր աստիճանի տրավմաներ, ներքին օրգանների հիվանդություններ, հոգեկան շեղումներ, մինչև անգամ ծանր հոգեկան հիվանդություններ: Բռնության հետևանքները չափազանց ծանր են ու խորը: Վերացնել այդ հետևանքները դժվար է, առավել նպատակահարմար է, ինչպես ցանկացած խնդրի պարագայում, կանխարգելումը: Բռնությունները երեխաների վրա տարբեր բնույթի շեղումներ են առաջացնում: Կախված երեխայի տարիքից` շեղումները լինում են տարբեր:
Երեխայի նկատմամբ բռնության երևույթի պատճառները բազմազան են` պայմանավորված ծնողի և երեխայի, ընտանիքի և հասարակության ժողովրդագրական ու մշակութային առանձնահատկությոններով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների նկատմամբ բռնությունը և չարաշահումը հաճախ քողարկվում են /տարիքից ելնելով երեխան չի կարողանում հայտնել կատարվածի մասին, վախենում է բռնություն գործադրողի սպառնալիքներից և այլն/:
Տարբերակում են բռնության հետևյալ տեսակները.
·         Ֆիզիկական բռնություն,
·         Հոգեբանական բռնություն,
·         Սեռական բռնություն,
·         Անտեսում:
Ֆիզիկական բռնությունը երեխայի նկատմամբ նպատակաուղղված ֆիզիկական վնաս հասցնելն է` երեխային ձեռքով հարվածելը /խփել, ապտակել/, ոտքով կամ որևէ իրով, գործիքով տարբեր աստիճանի վնասվածքների, այտուցների, կտրվածքների պատճառումը, թափահարելը, շպրտելը և այլն:
Հոգեբանական բռնությունը երեխայի հոգեկան վիճակի կամ վարքի ձևավորման վրա բացասական ազդեցության գործադրումն է, որը դրսևորվում է վիրավորանքների, քննադատության, նվաստացման, սպառնալու, վախեցնելու, ծաղրելու, մերժումների, զրկանքների, մեկուսացման և այլ ձևերով:
Սեռական բռնությունը երեխայի հանդեպ սեռական գործողության իրականացումն է: Առանձնացնում են երեխայի նկատմամբ սեռական բռնության երկու տեսակ` ներընտանեկան և արտաընտանեկան: Ի տարբերություն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, որոնք հաճախ դասվում են քաղաքացիական զանցանքների շարքին` սեռական բռնությունը միանշանակ քրեական հանցանք է:
Անտեսումը երեխայի կենսական պահանջների բավարարման և վերահսկման անհրաժեշտ աստիճանը չապահովելն է, այսինքն, երբ երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխային չի տրամադրում բավարար ֆիզիկական և հոգեբանական խնամք:
Բռնությունը երեխաների համար կարող է ճակատագրական լինել և ավերիչ ազդեցություն ունենալ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ անհրաժեշտ է ակտիվ և միասնական գործողություններ իրականացնել երեխաների   հանդեպ բռնութան կանխարգելման ուղղությամբ, քանի որ երեխաները հանդիսանում են մեր ապագան կերտողները, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ և ճիշտ զարգացման համար անհհրաժեշտ պայմաններ: Պետությունը պետք է հստակեցնի իր օրենքները, հասարակությունը ցուցաբերի անհանդուրժողականություն, իսկ ՀԿ-ները հոգեբանական, իրավաբանական խորհրդատվությամբ և բարոյական աջակությամբ օգնեն ընտանիքներին` ձերբազատվելու ընտանեկան բռնությունների արատավոր ու վնասակար երևույթից:

Աղբյուրը`
 <<Երեխաների պաշտպանություն>>, ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 2009թ.
<<Մասնագիտական աշխատանք բռնության ենթարկված երեխայի հետ>>, ուղեցույց, Երևան, 2013թ.
Ընտանեկան բռնությունները Շիրակի մարզում, 2002թ., <<Զանգակ- 97>> հրատ.


понедельник, 17 ноября 2014 г.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


Սոցիալական աշխատանքը Հայաստանում նոր ձևավորվող ոլորտներից է։
Սոցիալական աշխատանքի օբյեկտ է համարվում մարդը, որն օգնության կարիք ունի: Բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ են օգնություն ցուցաբերելու համար, իրականացնում են սոցիալական աշխատանքի սուբյեկտները: Սուբյեկտների թվին դասվում են բոլոր մարդիկ և կազմակերպությունները, որոնք իրականացնում են սոցիալական աշխատանքը:

            Համաձայն Ուիլյամ Շվարցի սահմանման` սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն` միջնորդ է ծառայում մի գործընթացում, որտեղ անհատը և հասարակությունը ձգտում են օգնել իրար` բավարարելով ընդհանուր պահանջմունքները և փոխլրացնելով դրանք: Նրա միջնորդային մոտեցումը հիմնված է անձի և հասարակության շահերի նույնացման վրա:

Գործառույթներն են.
  • Սոցիալական վերահսկողություն. Սոցիալական աշխատողները հանդիսանում են հասարակության ներկայացուցիչները և օգնում են վերաբաշխել միջոցներն ու բարիքները, վերահաստատել խախտված սկզբունքները:
  • Սոցիալական աշխատանքի ինստիտուտն իր մասնակցությունն է ունենում մշակութային տարրերի ստեղծման, պահպանման ու զարգացման գործում: Սոցիալական աշխատողները մուտք են գործում տարբեր խմբեր, ընտանիքներ, համայնքներ` իրենց հետ տանելով իրենց մասնագիտության և գործունեության, և վերջին հաշվով, հասարակության մշակույթը:
  • Փոփոխություն. Սոցիալական աշխատողներն առաջին հերթին աշխատում են փոփոխություններ առաջացնել այն անհատների ու խմբերի մոտ, որոնք տուժում են արագ փոփոխություններից, ունեն հարմարման դժվարություններ և այլն: Այն կարող է շարժիչի դեր կատարել այն փոփոխությունների համար, որոնք սոցիալապես ցանկալի են, որոնք հասարակությունը պահանջում է:
  • Կոնֆլիկտի կարգավորում. Այս գործառույթի շնորհիվ սոցիալական աշխատողներն օգնում են թուլացնել հասարակության մեջ տեղ գտած սոցիալական լարվածությունը, մեղմել հակասությունները:
Սոցիալական աշխատանքն այն մասնագիտություններից է, որի զարգացումը և կայացումն անմիջականորեն կապված է մարդու իրավունքների պաշտպանության հետ: Մարդու իրավունքների ոլորտում սոցիալական աշխատանքի մասնագետն ունի կարևոր ներուժ և կարող է իրականացնել նշանակալի ներդրումներ մարդու իրավունքների շարժումներում: Սոցիալական աշխատողները պարզ հասկանում են իրավունքների անօտարելիության ասպեկտը: Սոցիալական աշխատողներն իրականացնում են գործողություններ, որոնցով ապահովում են անհատների, խմբերի և համայնքների մարդու իրավունքների իրացումը:

Սոցիալական աշխատանքի հիմքում դրված են հետևյալ կարևորագույն արժեքները.

  • Սոցիալական արդարություն,
  • Անձի արժանապատվություն և բարեկեցություն,
  • Մարդասիրություն, մարդկային փոխհարաբերությունների նշանակությունը, կարևորությունը և դերը,
  • Անկողմնակալություն և անաչառություն,
  • Կոմպետենտություն և այլն:
Սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության սկզբունքներն են.

  • Շահառուի անվերապահ դրական ընդունում,
  • Ինքնորոշում,
  • Անհատականացում,
  • Երկկողմանի պատասխանատվություն,
  • Շահառուն չի հանդիսանում պասիվ օբյեկտ,այլ հավասարազոր սուբյեկտ է,
  • Ուժեղ կողմերի վրա հիմնում:
Սոցիալական աշխատողները կարող են գործել արդարադատության, առողջապահության, կրթության  և մի շարք այլ ոլորտներում` ստանձնելով և իրականացնելով միջնորդի, իրավապաշտպանի, ուղղորդողի, աջակցողի, կրթողի և մի շարք այլ դերեր:

Սոցիալական աշխատանքը կարող է իրականացվել մակրո, մեզո և միկրո մակարդակներում:

Առանձնացնում են սոցիալական աշխատանքի հետևյալ 4 հիմնական մեթոդները.
·         Անհատական
·         Խմբայինն
·         Ընտանեկան
·        Համայնքային


Այսպիսով, սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, որն ուղղված է բնակչության զանազան խմբերի, սոցիալապես երաշխավորված և անձնական շահերի ու պահանջմունքների բավարարմանը, այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են մարդկանց սոցիալական գործունեության ընդունակության վերականգնմանը կամ բարելավմանը:

Աղբյուր`
Սոցիալական աշխատանքի տեսություններ և մոդելներ, Աննա Ոսկանյան, Երևան, 2013




четверг, 13 ноября 2014 г.

Ողջունում ենք Ձեզ մեր Սոցիալական Աշխատանք բլոգում,շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածություն ցուցաբերելու ու այցելելու համար,հուսով ենք բլոգի ներկա ու հետագա աշխատանքը Ձեզ դուր կգա: