вторник, 4 декабря 2018 г.

Տեղի ունեցավ «Սիմվոլների ներշնչող ազդեցությունը» հետազոտության ամփոփման միջոցառումը


Դեկտեմբերի 4-ին, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Ճգնաժամային հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Սիմվոլների ներշնչող ազդեցությունը» հետազոտության ամփոփումը, որն իրականացրել էին ԿՀՍ ֆակուլտետի Սոցիոլոգիա և Սոցիալական աշխատանք բաժնինների մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները՝ ՀՊՄՀ դասախոս, հ․գ․թ․ Անի Խուդոյանի ղեկավարությամբ։ Հետազոտության նպատակն էր պարզել հասարակությանը ծանոթ ու անծանոթ սիմվոլների ներշնչող ազդեցությունը հասարակության որոշակի հատվածի շրջանում։ Հարցմանը մասնակցած 127 անձանց շրջանում կային տարբեր տարիքի խմբերի և սեռի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց սիմվոլների ընդհանուր նկարագիրը, նրանց դերն ու հնարավոր ազդեցությունը մեր կյանքում։
Այնուհետև ներկայացվեցին հետազոտության արդյունքները, որին մասնակցություն էին ունեցել նաև ներկա մասնակիցները։
Միջոցառման հաջորդ հատվածում տեղի ունեցավ հետաքրքիր փորձարկում՝
մասնակիցներից մի քանիսին բաժանվեցին սիմվոլներ, այնուհետև ներկայացվեց սիմվոլներից յուրաքանչյուրի նկարագրությունը հակառակ իմաստով՝ նպատակ ունենալով վեր հանել
վերջիններիս ներշնչող ազդեցությունը մասնակիցների վրա։  Այս արդյունքները ևս փաստեցին սիմվոլների որոշակի ներգործության մասին։
Միջոցառման ամփոփ հատվածում թիմի ղեկավար Անի Խուդոյանը նկատեց, որ հետազոտությունը ծառայեց իր նպատակին՝ շնորհիվ ստացված պատասխանների և կատարված արդյունավետ աշխատանքի։

Միջոցառման մասնակիցների խոսքերով՝ հանդիպումն իր ֆորմատով բավականին ուսուցողական, հետաքրքիր և ինֆորմատիվ էր, որն անցավ գեղեցիկ ու անմիջական մթնոլորտում։
Հ․Գ․ Նշենք, որ միջոցառման մուտքը գրենական պիտույքներով էր, որոնք, ինչպես նաև դրանք տրամադրած անձանց ջերմ ժպիտները, մոտ ժամանակներս կուղղվեն մի խումբ լուսավոր երեխաների։


воскресенье, 4 ноября 2018 г.

Բանավեճ-մրցույթ՝ մասնագիտական տոնին


Նոյեմբերի 4-ին՝ Հայաստանում սոցիալական աշխատողի օրը, «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության շրջանակներում, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթությունը ՀՀ-ում» թեմայով բանավեճ-մրցույթ, որին մասնակցում էին ուսանողներ ԵՊՀ-ից և ՀՊՄՀ-ից։ Ուսանողները բաժանվեցին 2 թիմերի՝ կողմ և դեմ։


Կողմ թիմը ներկայացրեց տարբեր բուհերում սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության կազմակերպման առավելությունները, իսկ դեմ թիմը՝ թերությունները։
Բանավեճից հետո դուրս բերվեցին ընդհանուր առմամբ ՀՀ-ում սոցիալական աշխատանք մասնագիտության մեջ առկա խնդիրները, որոնք հիմնականում կապված էին կրթության մատչելիության, մասնագիտական գրականության, տեսության և պրակտիկայի չհամընկման, ուսանողների մոտ մոտիվացիայի պակասի, ավելորդ առարկաների անցնելու հետ։
Որպես առավելություն ուսանողների կողմից նշվեց դասախոսների մեծ մասին բարձր գիտականա ստիճան ունենալը, փոխանակման տարբեր ծրագրերի առկայությունը, մասնագիտական գրականությունը և՛ օնյալն, և՛ թղթային տարբերակի հասանելիությունը և այլն։ Բանավեճին իրենց մասնագիտական գնահատականը տվեցին պրակտիկ սոցիալական աշխատողներ տարբեր հասարակական կազմակերպություններից։ Մասնակիցները դիտեցին նաև հոլովակ, որը նվիրված էր ՀՀ-ում սոցիալական աշխատողի օրվան։ Հանդիպման վերջում մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր և ստացան հնարավորություն կիսվելու իրենց տպավորություններով, շնորհավորելու միմյանց մասնագիտական տոնի առթիվ։

Նյութի աղբյուրը և լուսանկարները՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության

среда, 17 октября 2018 г.

«Սոցիալական աշխատողի ձայնը»․ Գայանե Մխիթարյան


Ինչպես արդեն հայտնի է, «Սոցիալական աշխատողի ձայնը» երգի խոսքերի/տեքստի/ մրցույթում հաղթող է ճանաչվել Երևանի մշակույթի պետական քոլեջի սան, վոկալիստ Գայանե Մխիթարյանի ներկայացրած տարբերակը։
Գայանեն 24 տարեկան է, ներկայացնում է Արարատի մարզը, իր խոսքերով՝ մրցույթի մասին տեղեկացել է համացանցից և անվարանորեն դիմել մասնակցելու՝ այդկերպ ցանկություն ունենալով բառերի օգնությամբ ներկայացնել այս եզակի հանդիպող մասնագիտության իր մեկնությունը։
Մեզ հետ զրույցում Գայանեն նշեց, որ սոցիալական աշխատանք մասնագիտությանը ծանոթանալն այսօր դժվար չէ, քանզի հասարակությունն ունի նրա կարիքը մշտապես, սակայն ծանոթությունից բացի շատ կարևոր է նրա գնահատումն ու արժևորումը՝ այս դեպքում նաև երգի միջոցով։
Հարցին, թե ինչու հենց այդ տարբերակով որոշեց հանդես գալ, հեղինակը նշեց, որ իր տարբերակի հիմքում ընկած է ոչ թե բուն մասնագիտական գործունեության նկարագրությունը, այլ այն հիմնական ու կարևոր արժեքների, գաղափարների արտահայտումը, որոնց կրողն ու փոխանցողն է սոցիալական աշխատողը, ինչպիսիք են սերը, կարեկցանքն ու հավատն առ լույսի։
Որպես զրույցի վերջաբան հեղինակը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին՝ ընձեռած հնարավորության, երաժշտության հեղինակին՝ համահունչ ստեղծագործության և քվեարկությանը մասնակցած մասնագետներին՝ նման պատասխանատու գործը հենց իրեն վստահելու համար։ Նշեց, որ այն ամենը, ինչը կախված է իրենից աշխատանքի լավագույն արդյունքի հասնելու համար, ինքը կանի մեծագույն սիրով ու պատրաստակամությամբ՝ այդկերպ փորձելով բարձրացնել, ինչպես ինքը բնորոշեց, այս արդար գործի ջատագովների՝ սոցիալական աշխատողների ձայնը նաև երգի միջոցով։
Հաղթողը պարգևատրվեց հավաստագրով և խրախուսական անակնկալներով նախաձեռնության կողմից։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ մրցույթի ավարտից անմիջապես հետո հետևում են կատարման մշակման, ձայնագրման աշխատանքները, ինչին կհաջորդի հոլովակի սցենարային կազմման գործընթացը, նախագիծը կեզրափակվի թեմատիկ հոլովակի նկարահանմամբ և ցուցադրմամբ։
Նյութը և լուսանկարները՝
Հասմիկ Սարգսյանի և Հասմիկ Բունիաթյանի

суббота, 29 сентября 2018 г.

«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՎԱՂԸ»․ Հ․ Բունիաթյան





«Եթե դատես այլոց այնպես, ինչպես այս համակարգն է քեզ դատել, դրանով դու ավելի լավը չես դառնա, քան նրանք, որ քեզ մահապատժի են ենթարկել:
Խաղաղվիր քո Աստծու հետ, ով էլ որ նա լինի։»
Դուայթ Ադանանդուս
Բարև՜, Ընթերցող։ 
Եթե դու գտել ես մի քանի րոպե ժամանակ՝ լսելու այն, ինչը ես ապրել եմ տարիների ընթացքում, ուրեմն, շնորհակալ եմ, որ հանդիպել ենք իրար երկրային այս կյանքում։
Գուցե խոսքերս քեզ թվան պարզ ու հասարակ, և իրենք հենց այդպիսին էլ կան, բայց նրանք իրական, և որ ամենակարևորն է՝ ապրված են։
Ես ու դու այս աշխարհ ենք թափանցել ուրույն առաքելությամբ՝ արարելու, սիրելու ու սիրվելու, ապրելու ու ապրեցնելու սուրբ պատգամները մեր ներսում ամրացած, և մեզանից յուրաքանչյուրը նրանց կյանքի է կոչում յուրովի։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ «ճակատագիր» ասված ունայնությունն իր կործանող հեգնանքներով թակում է մեր դուռը՝ ծնկի բերելով մեզ ինքներս մեր առաջ։ Երբ մեր ներսում կորցնում ենք մեր գոյության «ինչու»-ի և «ինչպես»-ի իմաստները։ Ի՞նչ ենք մենք զգում այդ պահին, ակնթարթի մեջ, ժամերի, օրերի, ամիսների, և վերջապես՝ տարիների ընթացքում։ Երբ ախտահարվում է մեր հոգին, փշրվում ամեն լուսավորը։ Երբ մեզ սկսում է երազանք թվալ անգամ այն ամսվա ապրելը, որում ծնվել ենք, քանզի վախենում ենք, որ այն կապրենք մեռած․․․։
Անպիտանելիության հաստատակամ զգացողությամբ համակված՝ դիմում ենք քայլերի, որոնց պատասխանատվությունը միայն կատարելուց հետո ենք հասկանում, բայց այնքան ուշ է լինում հետդարձի համար։ Չէ՞ որ կյանքը, չէ՞ որ մարդիկ մեզ չեն սպասում․․․։
Բոլորս էլ ծնվում ենք արդարության հասնելու, արդարություն ճաշակելու անհրաժեշտ ու բնական պահանջով, որի համար պայքարում ենք մեր գիտակցական ամբողջ կյանքում՝ անցնելով քառուղիներ, փորձություններ, որոնցից միայն կոփվում է մեր կամքը։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ արդարության դրոշակը ձեռքներիս քայլելիս բախվում ենք անազատության կապանքներին, ամենատարբեր համակարգերի ճնշումներին ու բռնությանը մեր ազատ ոգու վրա։
Շալակելով իսկական խենթի հոգեբանություն՝ փորձում ենք փոխել համակարգեր, որոնք հետո մեզ կուլ են տալիս, բայց որը, սակայն, մենք ինքներս ենք թույլ տվել։ Եվ միայն մահվան անդունդի առջև կանգնած ենք ինքնագիտակցում, որ, այո, փոխել է պետք հենց միայն ու նախևառաջ ինքներս մեզ։ 
Չէ՞ որ ինքներս էլ մի համակարգ ենք մեզանից ներկայացնում, որն ունակ է ժանգոտվելու, խափանվելու, և որը ևս փոփոխության կարիք է զգում։ 
Եվ հենց այդ ժամանակ, երբ աշխարհը մեզանում բաժանված է լինում սև/սպիտակի, երբ աշխարհը մեր աչքերով թվում է օտար մի հարազատ, մեզանում ծնունդ է առնում ամենավերջին շանսը՝ անվերջ թվացող խավարում մոմի բոցկլտացող լույսը՝ այն վերջում մեռնող, բայց գոյություն ունեցող հավատը, որին ինքներս ենք մեզանում սպանում կամ էլ քնեցնում ժամանակի ընթացքում։
Հավատ առ մեր ներսի, առ այն, որ մենք կարող ենք և կարող ենք ավելին․․․։
Եվ հենց այդ հավատին էլ փարված, հենց այդ հույսով էլ մեր ներսի սառույցները հալեցրած, աշխարհի ու մեր միջև վեր խոյացած պատնեշները քանդած՝ փորձում ենք վարից բարձրանալ վեր՝ նորից ու կրկին մեզանում արթնացնելով այն հույզերն ու զգացումները, որոնցով սիրահարված ենք եղել կյանքին։
Ինքնամաքրվելով ու վերածնվելով մեր ներսում որպես մի մանուկ, ով դարձյալ ամենքին ու ամենին նայում է ներքևից, ով նետվում է այս կյանքում սովորելու, ճանաչելու, իր վերաիմաստավորված գոյությունը սեփական առաքելությամբ հիմնավորելու, նորից արբում ենք երկրային այս կյանքի սիրո գինուց՝ այդկերպ գրանցելով կյանքի ամենաշքեղ հաղթանակը՝ ինքնահաղթությունը։
Եվ վերջապես՝ ներում ենք նրանց, ովքեր մեզ ինչ-որ մի պահի կործանել են։ 
Ներում ենք մի պարզ պատճառով՝ նրանք չգիտեն, թե ինչ են արել ․․․:
Ապրելով այսօր, մեզ նվիրելով հավերժական ներկային՝ կերտում ենք ապագան, մեր վաղվա օրը, օր, որի գույները ինքներս ենք սահմանում, երբ մեզանում վերագտնում ենք այն կյանքի շունչը, որին արժանացել ենք, երբ ի վերջո  վերազգում ենք, որ մոտ է վաղը, երբ գալիս է վաղը․․․։
ՀԳ Ընտրված խորագիրը պատահական չէ այն կրում է Նանոն Վիլյամսի համանուն՝ «Երբ գալիս է վաղը» իրական դեպքերի վրա հիմնված պատմվածքի վերնագիրը, և ըստ էության, արտացոլում է տվյալ ստեղծագործության բովանդակային առավել ընդհանրական իմաստը։
 Հասմիկ Բունիաթյան

среда, 19 сентября 2018 г.

«Սոցիալական աշխատողի ձայնը» Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայում




Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության անդամները հյուրընկալվեցին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա, որտեղ հանդիպում ունեցան Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին վերջին շրջանում մասնագիտական դաշտում մեծ հետաքրքրություն առաջացրած նախաձեռնության առանցքային հարցերը: Նախաձեռնության անդամները ներկայացրին ծրագրի նպատակը, էությունը, բովանդակային կառուցվածքը, ինչպես նաև այն հետազոտության արդյունքները, որոնք ստացել էին առցանց եղանակով հարցման միջոցով՝ փորձելով վերհանել մասնագիտության կրթական գործընթացում առկա հնարավոր բացթողումները: Հնչեցին կարծիքներ, ուղղորդումներ, առաջարկներ՝ գործընթացն առավել արդյունավետ ու նշանակալի կերպով շարունակելու համար: 
Ասոցիացիան հայտնեց պատրաստակամություն իր հնարավորությունների շրջանակներում աջակցել նախաձեռնության իրականացմանը:
Անդամների խոսքերով, այն փոփոխությունները, որոնք կկրի նախաձեռնությունը կառուցվածքային առումով, միտում ունեն էլ ավելի հիմնավոր դարձնելու այն նպատակի իրագործումը, որին ուղղված են ներդրված ջանքերը, իրականացվող և դեռ իրականացվելիք քայլերը:

среда, 29 августа 2018 г.

Ամփոփվեցին «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության առաջին փուլի արդյունքները



Հայտնի են «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության առաջին՝ սոցիոլոգիական հետազոտության ձևաչափ ունեցող փուլի արդյունքները: Հետազոտությունն ուղղված էր սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության գործընթացում հնարավոր բացթողումների վերհանմանը:
2018թ.ի մայիսից սկիզբ դրված նախաձեռնությունն իրականացվում է «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով գաղափարի շուրջ միավորելու մասնագիտության ուսանողներին, մասնագետներին և համատեղ ջանքերի շնորհիվ հասնելու դրական փոփոխությունների:
Հարցումն իրականացվել է առցանց եղանակով, որին մասնակցություն են ցուցաբերել թվով 148 սոցիալական աշխատողներ, ովքեր ուսանել կամ ուսանում են հետևյալ կրթական կառույցներում`



ներկա մասնագետներ հետևյալ ոլորտներից՝


ովքեր աշխատում են հետևյալ սոցիալական խմբերի հետ՝



Հարցին, թե ի՞նչ խոչընդոտների եք բախվել/բախվում որպես սոցիալական աշխատանքի ուսանող, հնչել են հետևյալ պատասխանները՝


  • Սովորածը պրակտիկ դաշտում կիրառելու հնարավորության պակասը, պրակտիկային հատկացված քիչ ժամանակը
  •  Հայալեզու մասնագիտական գրականության, նյութերի սակավությունը 
  •  Տեսական գիտելիքների հաճախ հանդիպող անհամապատասխանությունը պրակտիկային 
  •  Թերի կրթությունը և տարբեր կուրսերում նյութերի կրկնությունը, միայն տեսական գիտելիքների տրամադրումը 
  •  Մասնագիտության արժևորման պակաս/բացակայությունը և մասնագիտության վերաբերյալ հասարակության իրազեկվածության պակասը  
  •  Ոչ մասնագիտական առարկաների բավական մեծ քանակը  
  •  Տրամադրվող տեսական նյութերի արդի չլինելը
  •  Ինտերակտիվ մեթոդների բացակայությունը դասավանդման պրոցեսում  
  • Մասնագիտական որակներ ունեցող դասախոսների անհրաժեշտությունը
  •  Պրակտիկայի համար առանձնացված ոլորտների սահմանափակությունը, ոչ ճիշտ կազմակերպումը, ինչի արդյունքում երբեմն որևէ հաստատություն այցելությունը կրում է ձևական բնույթ 
  •  Կրթական գործընթացում որոշ հարցեր (օր.` գենդեր, մտավոր հաշմանդամություն և այլն) խորությամբ չուսումնասիրելը։ 
  •  Իրավական ոլորտի բացերը
  • Հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների պարագայում (սոցիոլոգ, հոգեբան): Ֆակուլտետի, ամբիոնի ղեկավարության կողմից մեր մասնագիտության ու մասնագիտական խմբերի նկատմամբ կողմնապահ վերաբերմունքը  
  • Ուսանողների թվի չափից շատ լինելը (60+), իսկ այդ պայմաններում նպատակահարմար կլիներ փոքր խմբերով դասերը (15-20)
  •  Վարձավճարը 
  •  Բավականին ծանրաբեռնված է ուսումնառությունը, ինչի հետևանքով այն գրեթե հնարավոր չի լինում ուսումը համատեղել աշխատանքի հետ  
  •  Կրթական համակարգում շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդմություն ունեցող անձանց կարիքներին  
  •  Ուսանողի ցածր մոտիվացիայի, քանզի նրանցից շատերը հայտնվում են սոցիալական աշխատանք մասնագիտության ֆակուլտետում, դեռևս չկողմնորոշված 
  •  Անձնական կապերի/ԽԾԲ օգտագործումը
  •  Թերություններ չկան:


Հարցին, թե անցում կատարելով տեսությունից պրակտիկայի՝ ի՞նչ բացեր եք նկատել ձեր մասնագիտական կրթության գործընթացում, որոնք խոչընդոտել են արդյունավետ պրակտիկ սոցիալական աշխատանքի իրականացմանը, մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները՝


  • Պրակտիկ հմտությունների պակասը
  •  Տեսական և պրակտիկ դաշտերի անհամապատասխանությունը 
  •  Մասնագիտության ճանաչվածության խնդիր
  •  Դժվարությունների հարցում ինձ օգնեց կամավորական աշխատանքիս փորձը  
  •  Սուպերվիզորների պակասը/բացակայությունը 
  •  Նյութատեխնիկական ռեսուրսների պակասը  
  •  Խնդիրներ մասնագիտական կրթություն չունեցող սոցիալական աշխատողների հետ աշխատելիս 
  •  էթիկական կոդեքսի պահպանման խնդիրները 
  •  Իրավական դաշտի անկատարությունը  
  •  Դեպքի վարման հետ կապված փաստաթղթերի լրացման հմտության բացակայությունը
  •  Շահագրգիռ կողմերի հետ թերի համագործակցություն 
  •  Հաղորդակցման հմտությունների պակաս, ինչը պայմանավորված է պրակտիկորեն տարբեր սոցիալական խմբերի հետ ուսանողների շփվելու սահմանափակությամբ
  • Չունեմ փորձառություն: Չեմ կարող պատասխանել
  •  Խոչընդոտներ չեն եղել:


Հարցին, թե ինչպե՞ս եք հաղթահարել պրակտիկ դաշտում առաջ եկած խոչընդոտները/խնդիրները, մասնակիցները տվել են հետևյալ պատասխանները՝


  • Ինքնակրթության և անմիջապես աշխատանքի ընթացքում դրանց իրացման միջոցով 
  •  Բազմաթիվ վերապատրաստումների միջոցով
  •  Փորձառու մասնագետների օգնությամբ 
  •  Սուպերվիզորի օգնությամբ 
  •  Դասախոսների հետ հարց ու պատասխանի միջոցով  
  •  Խնդիրները մնացել են անհաղթահարելի 
  •  Կրթական գործընթացում խաղարկային իրավիճակների հաշվին ձեռք բերած փորձառության միջոցով:

Սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության կազմակերպման գործընթացը բարելավելու և պրակտիկայի հետ ավելի խոսուն դարձնելու համար մասնակիցներն արել են հետևյալ առաջարկությունները՝

  • Տեսականից բացի ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային 
  • Հայերեն լեզվով մասնագիտական գրքերի կազմում 
  • Ավելի շատ սեմինարներ ու համատեղ քննարկումներ կազմակերպել
  • Կազմակերպել դասախոսների և մասնագետների շարունակական վերապատրաստում 
  • Հաճախակի կազմել կազմակերպությունների աշխատողների հետ հանդիպումներ պրակտիկ ոլորտի աշխատողների հետ՝փորձի փոխանակման նպատակով
  • Բարձարցնել պրակտիկայի կազմակերպման արդյունավետությունը
  • Իրազեկել հասարակությանը սոցիալական աշխատանքի գաղափարների մասին
  •  Չունեմ առաջարկ 
  • Դասերի ընթացքում ավելի շատ անցկացնել դերային խաղեր, քննարկել ամենատարբեր իրավիճակներ, որոնց ուսանողը կարող է հանդիպել աշխատանքի ընթացքում  
  • Կազմակերպել ֆիլմերի վերլուծություն մասնագիտական տեսանկյունից 
  • Վերանայել կրթական ծրագրերը 
  • Ապահովել նեղ մասնագիտական ուսուցում
  • Ավելացնել մասնագիտական առարկաների քանակը, նվազեցնել` ոչ մասնագիտական առարկաները  
  • Իրականացնել անվճար վերապատրաստումներ
  • Իրավական առումով պաշտպանել մասնագիտությունը 
  • Փորձել ուսանողներին տեղավորել աշխատանքի
  • Բուհական ու պետական մակարդակով մշակել կամավորությունը խթանող մեխանիզմներ (օր.` աշխատանքային ստաժին համահավասարեցում) 
  • Ձևավորել այնպիսի կառույց որտեղ նորաթուխ մասնագետները կկարողանան իրական մասնագիտական պրակտիկա անցնել` որոշակի որակավորում ձեռք բերելով, որը կհամարվի նաև աշխատանքային ստաժ և հիմք կհանդիսանա ապագայում կայուն և որակյալ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար 
  • Ստեղծել հայերեն գրականություն, որտեղ ավելի շատ կխոսվի հայ իրականության մասին 
  • Պրակտիկան դարձնել գնահատականով 
  • Համագործակցել այնպիսի կազմակերպությունների, ծառայությունների հետ որոնք իսկապես պատրաստ են ուսանողի հետ աշխատել՝ հնարավորություն տալով նրան ինքնուրույն աշխատել
  • Փորձի փոխանակում համալսարանների միջև, ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Եվրոպական համալսարանների հետ 
  • Ինչպես դա կիրառում են օրինակ իրավագիտության ոլորտում, մշակել ամենատարբեր դեպքեր (ոչ պարզունակ) և առաջադրել ուսանողներին, որպեսզի փորձեն լուծել դրանք։ Կարելի է կազմակերպել դերային խաղեր՝ շահառու, սոցիալական աշխատող, համայնք, գործընկերներ և այլն և թույլ տալ, որ մասնակիցներն իրենք զարգացնեն սցենարը (ոչ 15 րոպեում. միգուցե խաղը տևի շաբաթներ)։ Այդ դեպքում ավելի պարզ կդառնան ինչպես այն խնդիրները, որոնց ուսանողը կարող է հանդիպել դեպքի վարման գործընթացում, այնպես էլ, այն կլրացնի հավելյալ, օժանդակ հմտությունների պակասը, որոնք անհրաժեշտ են պրակտիկայում արդյունավետ աշխատելու համար 
  • Ստեղծել լաբորատորիայի նման մի տեղ, որտեղ ուսանողները կարող են վարժեցնել իրենց տեխնիկաներն ու հմտությունները:

Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատանք մասնագիտության կրթական գործընթացում մատնանշված խնդիրները  բազմաշերտ են, և հիմնականը վերաբերում է պրակտիկայի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, հատկացվող ժամանակահատվածի ընդլայնմանը, հայալեզու գրականության և հայկական իրականության մեջ գոյություն ունեցող սոցիալական աշխատանք մասնագիտության վերաբերյալ նյութերի առկայությանը, քանի որ տեսությունն ու հայաստանյան պրակտիկան հաճախ իրար չեն համապատասխանում:
Բացի այդ, նշվել է ուսումնառության ընթացքում օգտագործվող նյութերի թարմացման անհրաժեշտության մասին, ուսումնական գործընթացի կազմակերպման խնդիրը, որը մասնակիցները նախընտրում էին կատարել ավելի ինտերակտիվ կերպով՝ նշելով, որ նման ակտիվությունները նրանց շատ են օգնել պրակտիկ աշխատանքների իրականացման հարցում: Խնդիր է նաև համարվում նաև նյութերի կրկնությունը և միաժամանակ որոշակի թեմաներով, ինչպես օրինակ գենդեր, քիչ ուսումնասիրվածությունը, ինչպես նաև մասնագիտության մասին հասարակության մեջ առկա թյուր պատկերացումները, քիչ արժևորվածությունը, իրավական ոլորտի բացերը և այլն:

вторник, 31 июля 2018 г.

Ադմինիստրատիվ խմբից մինչև ՀԿ: Սոցիալական Աշխատողը 4 տարեկան է:

2014 թվականին facebook.com կայքում սկսեց տարածում գտնել «Սոցիալական Աշխատող» էջը, որի ադմինիստրատիվ խմբի նպատակը մեկն էր՝ հայաստանյան իրականության մեջ ևս հասանելի դարձնել  Սոցիալական աշխատանք մասնագիտության ու Սոցիալական աշխատողի ձայնը: Էջի աշխատանքները սկսվեցին ամենատարբեր գրառումներից, տեղեկատվական բնույթ ունեցող նյութերի հրապարակումից: Կարճ ժամանակ անց հնչեցին ոգևորիչ կարծիքներ նախաձեռնած քայլի համար՝ շեշտադրելով այն համոզմունքը, որ այս մասնագիտությունը արժանի է ճանաչելի լինելու նաև մեր հասարակությունում:
Ժամանակի ընթացքում համացանցում լայն տարածում գտավ նաև Սոցիալական Աշխատանք բլոգը, որտեղ զետեղվում են մասնագիտական ամենատարբեր բնույթի նյութեր, որոնք համակարգվում են ադմինիստրատորների կողմից:
Ադմինիստրատիվ խումբը հաջորդ տարի՝ 2015 թվականին, նախաձեռնեց ու իրականացրեց սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առանցքը շնորհավորական բնույթ ունեցող հոլովակի ցուցադրությունն էր: Հոլովակը, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ցանցում գործառնող մասնագետների ու կառույցների կողմից արժանացավ մեծ գնահատանքի:
Հոլովակի ստեղծումով էլ հիմք դրվեց «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական հասարակական կազմակերպությանը, որը որոշ ժամանակ հետո սկսեց իր գործունեությունը՝ հիմքում ունենալով այն առաքելության իրագործումը, որը դրել են հիմնադիր անդամներն իրենց առջև:
Մինչ օրս ադմինիստրատիվ խմբի անդամների ջանքերով իրականացվել են տարատեսակ մասնագիտական միջոցառումներ՝ մասնագիտության իրազեկումներ հանրության շրջանում, ֆոտոմրցույթ, սեմինար-քննարկում, էսսեների մրցույթ՝ համագործակցությամբ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի:
Ներկայումս կազմակերպությունը իրականացնում է «Սոցիալական աշխատողի ձայնը» լայնամասշտաբ նախաձեռնությունը, որն ուղղված է սոցիալական աշխատողների կրթական գործընթացը բարելավելուն:

воскресенье, 18 марта 2018 г.

ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԵԿՏԵՂՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ


Մարտի 16-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի  Բնագիտատեխնիկական  գրականության  ընթերցասրահում  տեղի  ունեցավ սեմինար-քննարկում «Հոգեկան առողջությունը և սոցիալական աշխատանքը» թեմայով, որը կազմակերպել էր «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ն: Սեմինարի ընթացքում ներկայացվեց ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ դաշտը, մասնավորապես ներկայացվեց առողջապահության ոլորտը Արաբկիր Բժշկական Համալիրի օրինակով, որը ներկայացրեց կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Մարտիրոսյանը: Ներկայացվեց Համալիրի պատմությունը, անցած ուղին, մասնագիտության կայացումը տվյալ հաստատությունում և այն ճանապարհը, որն անցել է Աննան իր մասնագիտական զարգացման ճանապարհին:
Այնուհետև ելույթ ունեցավ ներկայումս ԵՊՀ-ում դասախոսող, 33 տարի Ֆրանկֆուրտի Միջազգային ընտանեկան կենտրոնում սոցիալական աշխատողի փորձ ունեցող, Գերմանիայում տարբեր հայկական միությունների անդամ հանդիսացած, ինչպես նաև նախագահ եղած, Ֆրանկֆուրտում հոգեսոցիալական խնամքի ոլորտում երկար տարիների ավանդ ունեցող Արթին Աքյուզը, ով ներկայացրեց Գերմանիայի հոգեսոցիալական խնամքի համակարգը՝ Ֆրանկֆուրտում գործառնող մոդելի հիման վրա:

«Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի հիմնադիր անդամ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի սոցիալական աշխատող, ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի «Սոցիալական աշխատանք» բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Մանյա Նիկողոսյանը ներկայացրեց Հոգեկան առողջությունը հանրային առողջության ոլորտում:
Իսկ բակալավր 4-րդ կուրսի ուսանողներ Արմինե Կոստանյանն ու Գայանե Եղիազարյանը ներկայացրին Հոգեկան առողջության պայմանավորող գործոնները և հոգեկան առողջության վերականգնման և սոցիալական ներառման համակարգը:
                                                                                Սեմինարն անցավ ջերմ մթնոլորտում, ինչի շնորհիվ ծնվեցին նոր գաղափարներ և համագործակցության նոր առաջարկներ:


Հ.Գ. Սա «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի առաջին քայլերից էր դեպի մասնագիտական մեծ դաշտ: