пятница, 11 марта 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ Իմ առողջական խնդրի մասին


Ողջույն,
 
Առաջարկում եմ պարբերաբար խոսենք իրար հետ մի թեմայի շուրջ, որը պայմանական կարող ենք անվանել հավասար իրավունքներ, մարդու հիմնարար արժեքներ, և այն ամենը, ինչը կապ ունի մեր ողջ կենսընթացի հետ։

Ես սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանն եմ և ունեմ հոգեկան առողջության խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Խնդիրը ձեռք եմ բերել տարիներ առաջ և կրում եմ մինչև այժմ, և գիտեմ, որ կրելու եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, սակայն այն ինձ չի կարողացել և չի կարողանա խանգարել՝ ապրել իմ կյանքը հնարավորինս լիարժեք։

Իմ առողջական խնդիրը ես ձեռք եմ բերել միջանձնային մի կոնֆլիկտի արդյունքում՝ պայքարելով ինձ տրված իրավունքների համար և, տանուլ տալով առաջնային այդ պայքարը՝ ես հայտնվել եմ մահվան ճիրաններում, այդ ժամանակ։ Սակայն ամենի մասին մենք կխոսենք ժամանակի հետ միասին և ըստ առաջնահերթության։


Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը հետաքրքիր և միևնույն ժամանակ՝ անսովոր մի աշխարհ է քեզ տանում, և դու սկսում ես դիտարկել աշխարհը, մարդկանց և հենց ինքդ քեզ ամբողջությամբ այլ աչքերով։

Դու պայքար ես մղում ամենից առաջ ինքդ քո ներսում, քո ներսի խաղաղության և հանգստության հաղթանակի համար։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը քեզ դարձնում է լուռ և խոսուն․ այսպես են բնորոշում մարդիկ քեզ, երբ կարողանում են ճանաչել քեզ։

Ես իմ սեփական փորձը ունեմ ներքին պայքարներ մղելու և հաղթանակներ տոնելու դժվարին ճանապարհին, և ուզում եմ քեզ վստահեցնել՝ մեզանից յուրաքանչյուրն էլ մղում է իր գոյաբանական պայքարն ու ունենում գոյաբանական իր տագնապները, և գոյության պայքարի այդ ճանապարհին մենք ի զորու ենք վերացնելու ամեն տեսակի խոչընդոտ, միայն թե, հասնենք ցանկալիին, բայց ոչ անհրաժեշտին մեր ներսի, մեր հոգու խաղաղության ու ներդաշնակության համար։

Շարունակելի․․․

Комментариев нет:

Отправить комментарий