воскресенье, 18 марта 2018 г.

ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԵԿՏԵՂՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ


Մարտի 16-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի  Բնագիտատեխնիկական  գրականության  ընթերցասրահում  տեղի  ունեցավ սեմինար-քննարկում «Հոգեկան առողջությունը և սոցիալական աշխատանքը» թեմայով, որը կազմակերպել էր «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ն: Սեմինարի ընթացքում ներկայացվեց ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ դաշտը, մասնավորապես ներկայացվեց առողջապահության ոլորտը Արաբկիր Բժշկական Համալիրի օրինակով, որը ներկայացրեց կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Մարտիրոսյանը: Ներկայացվեց Համալիրի պատմությունը, անցած ուղին, մասնագիտության կայացումը տվյալ հաստատությունում և այն ճանապարհը, որն անցել է Աննան իր մասնագիտական զարգացման ճանապարհին:
Այնուհետև ելույթ ունեցավ ներկայումս ԵՊՀ-ում դասախոսող, 33 տարի Ֆրանկֆուրտի Միջազգային ընտանեկան կենտրոնում սոցիալական աշխատողի փորձ ունեցող, Գերմանիայում տարբեր հայկական միությունների անդամ հանդիսացած, ինչպես նաև նախագահ եղած, Ֆրանկֆուրտում հոգեսոցիալական խնամքի ոլորտում երկար տարիների ավանդ ունեցող Արթին Աքյուզը, ով ներկայացրեց Գերմանիայի հոգեսոցիալական խնամքի համակարգը՝ Ֆրանկֆուրտում գործառնող մոդելի հիման վրա:

«Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի հիմնադիր անդամ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի սոցիալական աշխատող, ՀՊՄՀ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի «Սոցիալական աշխատանք» բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Մանյա Նիկողոսյանը ներկայացրեց Հոգեկան առողջությունը հանրային առողջության ոլորտում:
Իսկ բակալավր 4-րդ կուրսի ուսանողներ Արմինե Կոստանյանն ու Գայանե Եղիազարյանը ներկայացրին Հոգեկան առողջության պայմանավորող գործոնները և հոգեկան առողջության վերականգնման և սոցիալական ներառման համակարգը:
                                                                                Սեմինարն անցավ ջերմ մթնոլորտում, ինչի շնորհիվ ծնվեցին նոր գաղափարներ և համագործակցության նոր առաջարկներ:


Հ.Գ. Սա «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի առաջին քայլերից էր դեպի մասնագիտական մեծ դաշտ: