вторник, 24 марта 2015 г.

«Սոցիալական աշխատող ուսանողների միություն» ՀԿ-ն և ՀՊՄՀ-ն` համագործակցող կողմեր

Մարտի 17-ին՝ Սոցիալական աշխատանքի միջազգային օրը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվեց «Սոցիալական աշխատող ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունը: Նորաստեղծ ՀԿ-ի հիմնադիր անդամները Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի՝ ի դեմս դեկան Ռուզաննա Պետրոսյանի հետ համագործակցությամբ նախաձեռնեցին ու իրականացրին Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ սոցիալական աշխատողներ, որոնց ՀԿ-ի անդամները շնորհավորեցին մասնագիտությունն արժևորող հոլովակով: Հոլովակի իրականացման աշխատանքներում ՀԿ-ն համագործակցել էր «Սկարպ առողջարարական կենտրոն» ՀԿ-ի, «Սօս մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ:
«Կյանքում յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի է, եթե կողքիդ ունես աջակից ու հավատացող» կարգախոսով առաջնորդվող նորաստեղծ ՀԿ-ի ներկայացուցիչների նպատակը մեկն է՝ սոցիալական աշխատող ուսանողներին համախմբել մեկ գաղափարի շուրջ, այն է ՝ մասնագիտության և մասնագետի անձի արժևորումը և հասարակության առաջընթացին նպաստումը:
Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Անահիտ Ջիջյանն իր շնորհավորական ու շնորհակալական խոսքում ընդգծեց, որ իրենք որպես մասնագետ և որպես դասախոս շատ ուրախ են, որ իրենց ուսանողներն ու ապագա սոցիալական աշխատողները նման ծրագիր են նախաձեռնել, ու դա իրենց համար շատ է ոգևորիչ ու հավատ է ներշնչում, որ սոցիալական աշխատողների նոր սերունդ է ձևավորվում: Նա հույս է հայտնում, որ սա սկիզբը կլինի ավելի լավ գործերի ու որ անդամներն է՛լ ավելի կկատարելագործվեն ու է՛լ ավելի մեծ հաջողությունների կհասնեն:

«Սոցիալական աշխատողը կոչում է, որ մարդն ունի կամ՝ ոչ»,-ընդգծեց «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Գևորգյանն, ով այդ ոլորտում է արդեն 15 տարի: Վերջինս ուրախ է՝ իրենց շարքերը համալրողների պակաս չի լինի. մասնագիտությունը շատերն են նախընտրել: 
Միջոցառումն ավարտվեց նորաթուխ ՀԿ-ի բացման առթիվ կազմակերպված տոնակատարությամբ:


























Աղբյուրը՝
aspu.am