воскресенье, 10 ноября 2019 г.

Համայնքային սոցիալական աշխատանքի ընդհանուր բնութագիրը




Համայնքային սոցիալական աշխատանքը ուղղված է մարդկանց մեծ խմբերին, որոնք ապրում են, որպես կանոն, միևնույն աշխարհագրական տարածքում (շրջան, միկրոշրջան, թաղ, գյուղ) և միավորված են ընդհանուր շահերով, պահանջմունքներով և հիմնախնդիրներով, այսինքն կազմում են համայնք: Սոցիալական գիտություններում համայնքը ընկալվում է որպես անհատի անմիջական սոցիոմշակութային միջավայր, որտեղ ծավալվում է նրա առօրյա կյանքը:
Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր՝ քաղաքով կամ մեծ գյուղական բնակավայրով կենտրոնում, որի շուրջ կարող են տեղակայված լինել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։ Համայնքին մոտ վարչատարածքային միավորներ են՝ կոմունան (ֆրանսերեն` commune), որոշ դեպքերում՝ մունիցիպալիտետը, մունիցիպալ կազմավորումը։
Սոցիալական գիտություններում համայնքի վերաբերյալ տեսություններից ամենանշանակալիցը գերմանացի ականավոր սոցիոլոգ Ֆերդինանդ Թյոնիսի տեսությունն է: Թյոնիսը ներկայացնում է երկու հիմնական հասկացություն` գեմայնշաֆտ (Gemeinschaft)-համայնք, և գեզելշաֆտ (Gesellschaft) - համակցություն, հասարակություն: Համայնքը, ըստ Թյոնիսի, հիմնված է անձնական կապերի վրա և առաջնորդվում է ավանդույթներով, իսկ համակցությունը կամ հասարակությունը հիմնված է անհատական շահի, կոնտրակտի վրա և առաջնորդվում է հիմնականում ռացիոնալ նպատակներով: Այստեղ համայնքը դիտվում է առաջին հերթին որպես ընտանեկան և հարևանական կապերից ելնող փոխօգնության և աջակցության համակարգ, որը հատկապես մեծ դեր է խաղում սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների ժամանակ, երբ գոյատևումը հաճախ կախված է այս փոխօգնությունից:
Համայնքը և նրա հիմնախնդիրները: Ինչպես նշվեց, համայնքը կարող է ունենալ իր հիմնախնդիրները, և այս հիմնախնդիրները այս կամ այն կերպ առնչվում են համայնքի բոլոր անդամներին` լինի դա աղտոտված տարածքը, թաղային ղեկավարության ընտրությունը, գործազուրկների մեծ քանակը, թե հաշմանդամների և աղքատ ընտանիքների առկայությունը: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում համայնքային ծրագրերը մեծ տեղ են գրավում սոցիալական քաղաքականության ծրագրերի ցանկում, քանի որ համայնքը դիտարկվում է առաջին հերթին իբրև ինքնուրույն գործելու իրավունք ու հնարավորություն ունեցող հասարակական-վարչական միավոր, որը կարող է գնահատել և փոփոխել իր կյանքը: Համայնքի կամքի և ներուժի օգտագործումը մեծ նշանակություն և արդյունավետություն ունի, քանի որ, ինչպես իրավացիորեն նշել է բրիտանացի սոցիոլոգ-համայնքաբան Հիլերին, ՙայն հաճախ շատ ավելի լավ է ճանաչում իր հիմնախնդիրը և ավելի հարմար ու հաջող ուղիներ կարող է գտնել դրանք հաղթահարելու համար՚: Բացի այդ, այսօր ցանկացած հիմնախնդիր, որը կապված է խոցելի խմբերի հետ, դիտարկվում է համայնքի համատեքստում, քանի որ համայնքը պատմականորեն եղել և այսօր էլ հանդիսանում է իր անդամների համար ոչ ֆորմալ օգնության և աջակցության աղբյուր: Սա հատկապես ակնառու է հայ հասարակությունում, որտեղ համայնքային` դրացիական կապերի ամրությունը և կարևորությունը առավել վառ դրսևորվեցին սոցիալ-տնտեսական անցման առաջին, առավել դժվար տարիներին:
Համայնքային սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները: Համայնքը կարող է և պետք է գործի ինքնուրույն, սակայն իր գործունեության ընթացքում այն կարող է մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալ նպատակների հստակեցման և գործողությունների կազմակերպման համար: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ համայնքային սոցիալական աշխատանքը գնահատման, պլանավորման և ուժերի կոորդինացման միջոցով այս կամ այն համայքին խթանելու և օգնություն ցուցաբերելու գործընթաց է` ուղղված նրա բարեկեցությանը, նորմալ գործառնությանը և վերարտադրմանը: Համայնքային սոցիալական աշխատողները, կողմնորոշվելով դեպի համայնքի բոլոր անդամների համար ընդհանուր պահանջմունքները, նպաստում են նրանց կյանքի պայմանների բարելավմանը, նրանց համագործակցությանն ու պայմանների զարգացմանը` ուղղված համայնքի ամրապնդման գործընթացին: Սոցիալական աշխատողները պետք է հստակ պատկերացում ունենան համայնքի կառուցվածքի, նրա էթնիկական կազմի, մշակույթի և ավանդույթների, տնտեսական բնութագրերի, եկեղեցու դերի և նշանակության, տեղական իշխանությունների հետ փոխհարաբերությունների մասին: Սովորաբար ընդունված է համայնքային սոցիալական աշխատանք կատարողներին ընտրել այն մասնագետներից, որոնք ապրում են այդ համայնքում: Դա պարտադիր չէ, սակայն ցանկալի է:
Սոցիալական աշխատողը, լինելով համայնքի անդամ, ճանաչում է համայնքի առանձնահատկությունները, կարող է ավելի լավ պատկերացնել համայնքի հիմնախնդիրների բնույթը, ճանաչել բնակիչներին անձամբ և այս պատճառներով` արժանանալ նրանց վստահությանը: Համայնքային սոցիալական աշխատողի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ցանկացած կոնկրետ համայնքում գերիշխող արժեքները, գյուղական և քաղաքային համայնքների յուրահատկությունները, ներուժի առկայությունը, մատչելիությունը և այլն: Սոցիալական աշխատողը խորհրդառուին օգնելու համար պետք է օգտագործի ներուժի ինչպես ձևական, այնպես էլ ոչ ձևական աղբյուրներ: Այդ պատճառով էլ գործնականում բոլոր սոցիալական աշխատողները, այնպես թե այնպես, ընդգրկվում են համայնքի հետ աշխատանքում:
Ի տարբերություն անհատականին` համայնքային սոցիալական աշխատանքն ուղղված է առավել ընդհանուր հիմնախդիրների, այն սոցիալական աշխատանքի յուրահատուկ մեթոդ է, որը պահանջում է ավելի շուտ սոցիոլոգիական, քան հոգեբանական գիտելիքներ և գործիքների կիրառում: Տվյալ դեպքում սոցիալական աշխատողը կիրառում է հմտություններ` կապված սոցիալական խմբակցությունների կենսագործունեության հետ:
Համայնքային աշխատանքի շրջանակներում սոցիալական աշխատողը կարող է հանդես գալ տարբեր դերերում`
§  կազմակերպչի, երբ անհրաժեշտ է ի մի բերել համայնքի ջանքերը, դրանք ուղղել նրա բարօրությանը,
§  միջնորդի, երբ անհրաժեշտ է միավորել համայնքի և անհատի ռեսուրսները` նրա կարիքների բավարարման համար,
§  մասնագետի, որն օգնում է համայնքի անդամներին արտահայտելու իրենց պահանջները, սահմանելու հիմնախնդիրները և զարգացնելու հմտությունները` դրանց հաջող լուծման համար,
§  փորձագետի, որն ապահովում է ինֆորմացիան և համայնքում տարբեր ձեռնարկումների աջակցությունը, խորհրդատվություն է տալիս համայնքի անդամներին` կապված դրված նպատակներին հասնելու ռազմավարության և մարտավարության հետ:
Համայնքային աշխատանքի փուլերը: Անհատական և խմբային աշխատանքի նման համայնքային աշխատանքը կատարվում է ըստ որոշակի փուլերի, որոնցից ամեն մեկն ունի որոշակի նպատակներ և խնդիրներ: Ընդունված է առանձնացնել համայնքային սոցիալական աշխատանքի հետևյալ փուլերը`
1.       ծանոթացում,
2.       գնահատում,
3.       կազմակերպում,
4.       հիմնախնդրի շուրջ աշխատանք,
5.       արդյունքների ամրապնդում,
6.       ավարտական փուլ:
Ծանոթացման փուլում սոցիալական աշխատողն, ընդհանուր առմամբ, ծանոթանում է համայնքին, նրա կենսական գործընթացին, անդամների կազմին, համայնքային արժեքներին, անդամների հարաբերություններին, համայնքի լիդերներին և այլն, այսինքն փորձում է այսպես ասած ՙհասկանալ՚ համայնքը, տեսնել այն դրսից ու ներսից: Այս փուլում ստեղծվում է նաև առաջնային վստահություն համայնքի անդամների և սոցիալական աշխատողի միջև, համայնքը կամ ընդունում, կամ վանում է նրան: Այդ պատճառով առաջին փուլում մեծ կարևորություն է տրվում սոցիալական աշխատողի շփման հմտություններին: Այն դեպքերում, եnբ սոցիալական աշխատողը համայնքի անդամ է, տվյալ փուլը մեծ նշանակություն չունի, քանի որ սոցիալական աշխատողը արդեն հիմնականում քաջատեղյակ է համայնքի ներքին և արտաքին կյանքին:
Գնահատման փուլում կատարվում են բուն հիմախնդրի հետ կապված աշխատանքներ` հետազոտական և վերլուծական: Այստեղ սոցիալական աշխատողի նպատակն է ուսումնասիրել համայնքի առջև կանգնած խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները: Ծանոթացման փուլում նույնպես կատարվում են հետազոտություններ, սակայն դրանք նպատակ ունեն նկարագրելու համայնքը, իսկ գնահատման փուլում առավել կարևոր է սոցիալական աշխատողի` որպես վերլուծաբանի դերը: Ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես է իրականացվել գնահատման փուլը, այսինքն` հիմնախնդրի ախտորոշումը, վերլուծությունը և դրա լուծման ուղիների առաջադրումը: Այս փուլում սոցիալական աշխատողը կարող է հրավիրել նաև այլ մասնագետների` իրավաբանների, սոցիոլոգների և այլն, գնահատումը ավելի ճշգրիտ և արդյունավետ դարձնելու համար:
Կազմակերպման փուլում սոցիալական աշխատողը համապատասխանաբար հանդես է գալիս որպես կազմակերպիչ, որը օգնում է համայնքին իր ուժերը համախմբել հիմնախնդրի լուծման շուրջ, կատարել նպատակների և խնդիրների առաջադրում, ինչպես նաև իրականացնել դերերի բաժանում համայնքի անդամների միջև: Բացի այդ, սոցիալական աշխատողը կարող է զբաղվել հիմնախնդրի հետ կապված արտահամայնքային աշխատանքներով` ներկայացնելով համայնքը կառավարական ատյաններում, դատարանում, աշխատել լրատվական միջոցների հետ` ստեղծելով հասարակական կարծիք տվյալ համայնքի հիմնախնդիրների շուրջ, և այլն:
Հիմնախնդրի շուրջ աշխատանքի ժամանակ կատարվում է արդեն առաջադրված նպատակների իրականացում և այստեղ սոցիալական աշխատողը հանդիսանում է թե կազմակերպիչ, թե միջնորդ` համայնքի անդամների, համայնքի և հասարակության, համայնքի և պետության, համայնքի և առանձին սոցիալական ինստիտուտների միջև: Սոցիալական աշխատողը կատարում է միջնորդի (ֆասիլիտատորի) դեր, այսինքն` իր միջնորդությամբ թուլացնում է խնդրի ուժգնությունը, ավելի դյուրին դարձնում համայնքի ներքին և արտաքին փոխազդեցությունները` վերացնելով հնարավոր և առկա լարվածությունը: Հիմնախնդրի լուծումը ամենաերկարատև փուլերից մեկն է և կարող է տևել տարիներ` ելնելով համայնքի պահանջմունքներից:
Արդյունքների ամրապնդման փուլում կատարվում են աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան համայնքին պահպանել իր նվաճումները: Դա կարող է արվել պայմանագրերի, համաձայնությունների և նույնիսկ օրենքների վավերացման միջոցով: Այստեղ սոցիալական աշխատողը շարունակում է կատարել կազմակերպչի և միջնորդի դերը` միաժամանակ աշխատելով համայնքի համախմբվածությունը և միասնութունը պահպանելու ուղղությամբ, քանի որ ժամանակից շուտ համայնքի միասնության խախտումը կարող է բերել բոլոր նվաճումների կորստին: Այս փուլը չափազանց կարևոր է և կարող է ավելի բարդ լինել, քան հիմնախնդրի բուն լուծումը: Առանց արդյունքների ամրապնդման, համայնքի խնդիրները չեն կարող լիովին լուծված համարվել, քանի որ հիմնախնդրային իրավիճակը կարող է կրկնվել:
Ավարտական փուլում համայնքը ավարտում է իր համագործակցությունը սոցիալական աշխատողի կամ աշխատողների խմբի հետ և շարունակում իր գործունեությունը ինքնուրույնաբար: Սոցիալական աշխատողն այս փուլում օգնում է համայնքին վերականգնել և կազմակերպել անկախ գործունեությունը: Ասենք նաև, որ այս խնդիրը կանգնած է սոցիալական աշխատողի առջև համայնքային աշխատանքի ամբողջ ընթացքում. համայնքը պետք է հնարավորին չափ ինքնուրույն գործի և կախման մեջ չլինի սոցիալական աշխատողից:

Համայնքային սոցիալական աշխատանքի նկատմամբ գոյություն ունեն մի քանի մոտեցումներ, որոնցից ընդունված է առանձնացնել երեք հիմնականները`

§  համայնքի զարգացման (community development approach)

§  սոցիալական պլանավորման (social planning approach)

§  սոցիալական գործողության (social action approach)


Միավորված ազգերի կազմակերպությունը սահմանում է համայնքային զարգացումը որպես «մի գործընթաց, որտեղ համայնքի անդամները միասին կոլեկտիվ գործողություններ ծավալում և ընդհանուր խնդիրներին լուծումներ առաջադրում»: Տերմին նկարագրում է քաղաքացիական առաջնորդների և ակտիվիստների, ներգրավված քաղաքացիների ու մասնագետների փորձը` բարելավելու համայնքների կենսագործունեության տարբեր ասպեկտները, որպես կանոն, ուժեղ և ավելի տոկուն տեղական համայնքներ կառուցելու միտումով:
Համայնքային զարգացման մոտեցումը ձգտում է հզորացնել անհատներին և մարդկանց խմբերին` իրենց համայնքներում փոփոխություններ իրականացնելու հմտություններով: Այդ հմտությունները հաճախ ստեղծվում են մի ընդհանուր օրակարգով աշխատող մեծ սոցիալական խմբեր ձևավորելու միջոցով: Համայնքային զարգացնողները պետք է հասկանան երկուսն էլ, թե ինչպես պետք է գործեն ֆիզիկական անձիք, և թե ինչպես է ազդելու նրանց գործողությունները համայնքների ավելի մեծ սոցիալական հաստատություններում:
Համայնքային զարգացումը համակարգված միջամտություն է, որը հնարավորություն է տալիս համայնքներին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել իրենց կյանքի վրա ազդող պայմանների վրա: Տվյալ մոտեցումը չի լուծում համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները, բայց այն ձևավորում է վստահություն համայնքի անդամների մոտ խնդիրները արդյունավետ լուծելու համար: Համայնքային զարգացման մոտեցումը ենթադրում է աշխատանք տեղական խմբերի և կազմակերպությունների մակարդակով, այլ ոչ թե անհատների կամ ընտանիքների:
Համայնքի զարգացման մոտեցումը ենթադրում է համայնքի անդամների ակտիվ ներգրավում նրանում առկա հիմնախնդիրների լուծման և բարեկեցության հասնելու գործընթացում: Տվյալ մոտեցումը հիմնվում է այն փաստի վրա, որ համայնքում միշտ տեղի ունեն կոնֆլիկտներ տարբեր խմբերի միջև, սակայն այդ կոնֆլիկտները կարող են արդյունավետ լուծվել համատեղ վճիռների կայացման շնորհիվ: Համաձայնությունը ձեռք է բերվում վիճաբանությունների ճանապարհով և տարբեր խմբերի միջև փոխհարաբերությունների հաստատմամբ: Այդ մոտեցման էությունը կարելի է արտահայտել հետևյալ կերպ` «Միասին մենք կարող ենք որոշել` ինչ անել և ինչպես»:
Համայնքային զարգացման մոտեցումը միջազգայնորեն ճանաչված է: Այդ մեթոդները և մոտեցումները կիրառվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական զարգացման նպատակով այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` ՄԱԿ-ը, ԱՀԿ, ՏՀԶԿ, Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհրդի և ԵՄ:
Համայնքային սոցիալական պլանավորումը համայնքային բարեկեցություն կառուցելու գործընթաց է: Այն բնորոշվում է որպես «սոցիալական առաջնահերթությունների տեղական, ժողովրդավարական համակարգ, որը կառուցվում է փոխզիջման և քայլերի ձեռնարկման ուղիով: Այն աջակցում է համայնքային կարիքների լուծման ու շահերի պաշտպանության գործընթացին սոցիալական, մշակութային, տնտեսական և բնապահպանական հարցերում»:
Յուրաքանչյուր համայնք բախվում է հրատապ լուծում պահանջող բազմաթիվ մարտահրավերների կամ հիմնախնդիրների,   որոնց կարգավորումը համայնքի զարգացման և առաջընթացի երաշխիքներից է: Արդյունավետ լուծումները գտնվում են համագործակցային մոտեցմամբ առաջնորդվելիս, որը ներառում է կազմակերպությունների և անհատների մի լայն շրջանակ, ինչը հնարավորություն է տալիս հասնել մարտահրավերների, հիմնախնդիրների ավելի մեծ ըմբռնման, և կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք կարևոր են լուծումներ գտնելու համար:
Սոցիալական պլանավորումը, այսպիսով, սովորաբար սահմանվում է որպես մի գործընթաց, որով խումբը կամ համայնքը որոշում է իր նպատակներն ու ռազմավարությունները այնպիսի սոցիալական հարցերին առնչվող, ինչպիսիք են հասարակության կյանքի որակի և կենսապայմանների ասպեկտները: Այն կենտրոնանում է սոցիալական բարիքների արդարացի բաշխման վրա: Սա գործունեություն չէ, որը սահմանափակվում է սոսկ կառավարության միջոցառումներով, այն ներառում  է նաև մասնավոր հատվածի, հասարակական նախաձեռնությունների և այլ կազմակերպությունների գործողությունները` միտված հատուկ սոցիալական նպատակներին:

Աղբյուրը՝

1  «Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002
    Пинкус А., Минахан А. Практика социальной работы. М., 1995