воскресенье, 10 июля 2022 г.

Հաշմանդամության մոդելները

 




Հաշմանդամության վերաբերյալ պատկերացումները պատմության ընթացքում անընդհատ փոփոխվել են։ Ըստ այդմ էլ տարբերվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ և՛ հասարական ընկալումները, և՛ հանրային քաղաքականության շեշտադրումներն ու գաղափարաբանությունը։

Հաշմանդամության դիտարկման հայեցակարգերը բազմազան են՝ սկսած բարոյական-աստվածաբանականից մինչև հաշմանդամության սպեկտրային մոդել։ Քաղաքականության ձևավորման տեսանկյունից կարևորվում են հաշմանդամության հետևյալ երեք մոդելները. 
● բժշկական մոդել 
● սոցիալական մոդել 
● մարդու իրավունքների վրա հիմնված մոդել։

Յուրաքանչյուր մոդելի ստանձնմանը զուգահեռ փոփոխվել է հանրային քաղաքականության բովանդակությունը, շեշտադրվող առաջնահերթությունները և մոտեցումները։ 

Այսպես, եթե բժշկական մոդելը հաշմանդամություն ունեցող անձին դիտարկում է նրա մարմնի, հոգեկան աշխարհի, մտավոր կարողությունների լիարժեքության տեսանկյունից և, հետևաբար, ձևակերպում հաշմանդամություն 37 ունեցող անձանց վերաբերող քաղաքականության դրույթները՝ ըստ բժշկական բնութագրիչների, ապա մարդու իրավունքների վրա հիմնված մոդելն առանցքային է համարում հաշմանդամություն ունեցող անձի իրավունքները և քաղաքականությունը, ձևավորում մարդակենտրոն և իրավահենք։

 Բժշկական մոդել 

Հաշմանդամությունը դիտարկվում է անհատի խնդիր, որի պատճառը հիվանդությունը, տրավման կամ այլ առողջական խնդիր է, բնականից շեղվող երևույթ, որը պահանջում է հետևողական բժշկական միջամտություն։ 

Բժշկական մոդելը երբեմն անվանվում է նաև «անձնական դժբախտության» մոդել, քանի որ այն հաշմանդամությունը դիտարկում է հիմնովին բացասական լույսի ներքո։ Այն խղճահարություն առաջացնող վատ իրավիճակ է, որը անձի և ընտանիքի համար անձնական դժբախտություն է համարվում։ Հետևաբար, հաշմանդամությունը նորմայից շեղում է համարվում։ «Անդամալույծ», «ինվալիդ» (ռուսերեն փոխառություն), «խեղված» տերմինները բժշկական մոդելի գերակայության արգասիք են։ 

Բժշկական մոդելի պարագայում հաշմանդամության շուրջ աշխատանքը դիտարկվում է «բուժելու» համատեքստում, այն է՝ անձի փոփոխությունը, որը նրան ամբողջապես առողջ լինելուն կառաջնորդի կամ, այսպես ասած, արդյունավետ բուժումը։ 

Այս մոդելի վտանգավորություններից մեկն այն է, որ այն դասակարգում է «առողջ մարմինը»՝ որպես գերադասելի, ավելի բարձր, քան հաշմանդամություն ունենալը, ինչն անդրադառնում է նաև անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի, խտրականության դրսևորման վրա։

Քաղաքականության տեսանկյունից՝ հիմնական խնդիրը բժշկական խնամքն է համարվում, հետևապես՝ քաղաքականությունն ուղղված է առողջապահական խնդիրների լուծմանը՝ ոլորտում բարեփոխումների իրականացման միջոցով։

Սոցիալական մոդել 

Հաշմանդամության սոցիալական մոդելը, որը հաճախ բնորոշվում է նաև՝ որպես փոքրամասնության մոդել, հաշմանդամությունը դիտարկում է ոչ թե որպես անձնական խնդիր, ինչպես բժշկական մոդելը, այլ՝ որպես հասարակական խնդիր, որի լուծումը պետք է լինի հասարակական փոփոխությունը և ոչ անհատի ձևափոխումը։ Ըստ այս մոդելի՝ հաշմանդամությունը սոցիալական կերտվածք է, սոցիալական միջավայրի արգասիք։

Խնդրի կառավարումը պահանջում է սոցիալական գործողություն, այն հասարակության պատասխանատվությունն է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձիք կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում։

Խնդիրը մշակութային և գաղափարախոսական է, որը լայնածավալ գործողություններ է պահանջում անձերից, համայնքներից, հասարակությունից՝ սոցիալական փոփոխության հասնելու համար։

Սոցիալական մոդելը հստակ տարանջատում է դնում «անդամալույծ» և «հաշմանդամություն» տերմինների միջև՝ պարզաբանելով, որ անդամալուծությունը առողջական կամ ֆիզիկական/մտավոր կարգավիճակ է, մինչդեռ դրա մասին պատկերացումները տարբերվում են մշակույթից մշակույթ՝ այն դարձնելով սոցիալական երևույթ, ինչը բնորոշվում է հաշմանդամություն տերմինով։

  Մարդու իրավունքների վրա հիմնված մոդել

Մարդու իրավունքների մոդելը, հիմնվելով սոցիալական մոդելի վրա, շեշտադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն օրենսդրությամբ ամրագրելու կարևորությունը, հետևաբար, հանրային քաղաքականության ձևակերպումն այնպես, որ երաշխավորվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիիրավ կիրարկումն ապահովող միջավայր։ Այս մոդելի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ու փորձառությունը պետք է մանրամասն ուսումնասիրել և ցանկացած որոշում կայացնել՝ հաշվի առնելով դրանք։ Նման սկզբունքով առաջ շարժվելու դեպքում յուրաքանչյուր ռազմավարություն, ծրագիր կամ քաղաքականություն կնպաստի այնպիսի միջավայրի հաստատմանը, որտեղ յուրաքանչյուրը, անկախ իր հաշմանդամության կարգավիճակից, լիարժեք կմասնակցի հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ կրթություն, զբաղվածություն, քաղաքականություն և այլն։

Ներկայիս զարգացող և զարգացած երկրներում գաղափարախոսական և քաղաքականության հիմքում հաշմանդամության՝ մարդու իրավունքների մոդելն է գերակշռում, քանզի այն հնարավորություն է տալիս հաշմանդամությունը դիտարկել ոչ թե անձնական տիրույթում կամ որպես սոցիալական երևույթ, այլ մարդու իրավունքների համատեքստում, այն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր անձ կարևորվում է իր արժանիքներով և առանձնահատկություններով, որտեղ միջավայրն է հարմարեցվում անհատի առանձնահատկություններին և ոչ անհատը՝ միջավայրին։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս անհատի ինքնառեալիզացմանը և հասարակական կյանքում ներգրավմանը՝ որպես ակտիվ ներդնող և ոչ միայն օգտվող։

Աղբյուրը՝
«ՏԻՄ-ը և երիտասարդը» ձեռնարկ, «Ուղի դեպի» ներառական հասարակության զարգացման ՀԿ

Комментариев нет:

Отправить комментарий