вторник, 15 марта 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ Միջավայրի կարևորության մասին

Ողջույն, 
Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես, ուզում եմ շարունակենք խոսել մեզ հուզող հարցերի մասին։

Ինչպես արդեն վաղ նշել եմ, ես սոցիալական աշխատող եմ և ունեմ հաշմանդամություն, ես ունեմ հոգեկան առողջության խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Թե ինչ է իրենից ներկայացնում իմ խնդիրը, դու կարող ես տեղեկանալ ամենատարբեր աղբյուրներից, թե ինչպես եմ ձեռք բերել իմ խնդիրը, կզրուցենք միասին։

Շարունակելով ներկայացնել իմ խնդիրը՝ ուզում եմ խոսել միջավայրի, արտաքին հանգամանքների դերի, նշանակության ու կարևորության մասին ինչպես ինձանում՝ որպես խնդրի կրող, այնպես էլ բոլորիս կյանքում։

Գաղտնիք չէ, որ մենք սոցիալական էակներ ենք, մենք սոցիումի մի մասնիկն ենք համարվում և պայմանավորում ենք նրա բնականոն զարգացումը։

Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ ոչ թե հատվում, այլ բախվում են մեր՝ որպես հասարակության անդամների և ինքնին հասարակության շահերը, ակնկալիքները։

Առաջանում են տարատեսակ կոնֆլիկտներ մեզանում և մեր շուրջը՝ սկսած ներանձնային կոնֆլիկտներից, ինչի բացակայությունն ամենից կարևորն է մեր ներդաշնակ զարգացումն ապահովելու համար։

Մեր կենսընթացում մենք մուտք ենք գործում տարբեր միջավայրեր, սկսած անմիջական միջավայրից մինչև երկրորդային, երրորդային միջավայրեր (ընտանիք, ընկերություն, դպրոց կամ բուհ և այլն):

Այդ միջավայրերը նպաստում են մեր սոցիալականացմանը, և թվում է՝ թե պետք է շարունակական լինի մեր համագործակցությունը։

Սակայն ինչպես վերևում նշեցի, հաճախ ոչ թե հատվում, այլ բախվում են շահերը։

Ես՝ որպես խնդրի կրող, կարող եմ վստահեցնել, որ անձի լիարժեքության թերևս գլխավոր նախապայմանը խաղաղ և անվտանգ միջավայրի առկայությունն է, որտեղ նա մուտք է գործում։

Իսկ ի՞նչ անել, երբ չկան այդ պայմանները։

Հարցի պատասխանը միանշանակ լինել չի կարող․ յուրաքանչյուրն ինքն է ընտրում խաղաղության և ներդաշնակության հասնելու իր ուղին, սակայն կա մի նախապայման․ այն չպետք է խաթարի այլոց խաղաղ ու ներդաշնակ միջավայրը։

Ես՝ որպես խնդրի կրող, կարող եմ վստահեցնել, որ միջավայրի փոփոխությունը բխում է մեր փոփոխությունից․ մեր այն քայլերից, որոնք դարձնում են մեզ այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում տեսնել այն միջավայրը, որում մուտք ենք գործում։

Ես՝ որպես խնդրի կրող, կարող եմ վստահեցնել քեզ, որ մեր վարքը, մեր գործողություններն ու նաև մեր մտքերը կարող են հանգեցնել միջավայրի դրական փոփոխության, եթե մենք ինքներս պատրաստ լինենք փոփոխվել։

Շարունակելի ...


 

Комментариев нет:

Отправить комментарий