среда, 1 марта 2017 г.


«Խտրականություն» տերմինն առաջացել է լատինական «discrimire» բառից, որը նշանակում է «առանձնացնել, տարբերել, տարբերակել»: Խտրականությունն էապես նման իրավիճակում որոշակի հատկանիշներով օժտված անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումն է՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի կամ ողջամիտ բացատրության: Կամ այլ կերպ ասած, մի իրավիճակ է, երբ որոշակի բնութագիր ունեցող անհատների և խմբերի նկատմամբ դրսևորվում է ավելի վատ վերաբերմունք, քան ավելի «արժեքավոր» բնութագրիչ ունեցողների համար: Խտրականությունը գոյություն ունի ամենուր, և, չնայած խտրականության դեմ արգելքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում ու օրենսդրական ակտերում, այնուամենայնիվ երեխաները, կանայք, մեծահասակները, հաշմանդամություն ունեցող անձինք, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողները, ազգային և կրոնական փոքրամասնությունները, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և այլ մարդիկ շարունակում են ենթարկվել խտրականության:
Խտրականությունը հասարակության մեջ արտահայտման ամենատարբեր ձևեր ունի, և գրեթե ցանկացած բնութագիր կարող է դառնալ խտրականության «պատճառ»: Հիմնական պատճառներն են`ռասսան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը կամ դավանանքը, քաղաքական և այլ համոզմունքները, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումը և դրությունը, քաղաքացիությունը, առողջական կարգավիճակը, հաշմանդամությունը, տարիքը, սոցիալական, ընտանեկան կամ ամուսնական կարգավիճակը, զբաղվածության բնույթը, սեռական կողմնորոշումը, գենետիկական հատկանիշները կամ որևէ այլ հանգամանք:
Այսօր սոցիալական գիտության շրջանակներում մանրամասն նկարագրված և ուսումնասիրվածեն խտրականության հետևյալ ձևերը.
·         Սեքսիզմ` խտրականության արտահայտում ըստ սեռի,
·         Էյջիզմ` ըստ տարիքի (հիմնականում դրսևորվում է տարեցների և երեխաների նկատմամբ),
·         Ազգային,
·         Առողջական վիճակի հետ կապված խտրականություն(հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ),
·         Կրոնական կամ մշակութային խտրականություն,
·         Կարգավիճակային (օրինակ` աղքատների, միայնակ կանանց և այլոց նկատմամբ):
Խտրականությունը երևույթ է, որից սոցիալական աշխատողը պետք է խուսափի իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Պատահական չէ, որ Դ. Անդերսոնն ու Բեկետը գտնում են, որ անհրաժեշտ է հասկանալ այն մարդկանց մշակույթը, որոնց հետ մենք աշխատում ենք, որպեսզի խուսափենք միջամտության ժամանակ հնարավոր սխալներից, որը կարող է բերել մեր կամ խորհրդառուի անակնկալ արձագանքին` խոչընդոտելով արդյունավետ աշխատանքի իրականացմանը: Սոցիալական աշխատողները մշտապես պետք է հիշեն, որ մասնագիտական գործունեության տիրույթում կենտրոնական տեղն ու դերը զբաղեցնում է մարդը, որին պետք  է  ընդունել որպես բարձրագույն արժեք, այնպիսին, ինչպիսին նա կա, իր առանձնահատկություններով հանդերձ:
Նրանք պետք է պայքարեն նաև խտրականության մյուս դրսևորումների դեմ, որոնք ընկած են արդեն ոչ թե սոցիալական աշխատող-շահառու, այլ ավելի լայն համակարգում: Նրանք պետք է պայքարեն խտրականության այս կամ այն դրսևորման դեմ, որոնցից յուրաքանչյուրն, ինչպես նշել է բրիտանացի սոցիալական աշխատող Թոմպսոնը հավասարաչափ վտանագավոր է, քանի որ մեկի առաջացումը, կարող է բերել մյուսի առաջացմանը, և որ կարևոր է դրանց բոլորի դեմ պետք է պայքարել հնարավորինս միաժամանակ:
Ընդհանրապես հակախտրականական և հակաճնշումային մոտեցումը` որպես սոցիալական աշխատանքի ընդհանուր տեսություն, ձևավորվել է 1980-90-ական թվականներին, սակայն դրա հիմքերը դրվել են ավելի վաղ: Այս մոտեցման հիմնադիրներից կարելի է առանձնացնել Բանտոնին, որն իր աշխատություններում ցույց էր տալիս, թե ինչպես էր անցյալում Եվրոպայում «ռասսա» հասկացությունը ազդեցություն ունենում բոլոր հարաբերությունների վրա:
Թոմպսոնը նաև առանձնացրել է խտրականության արտահայտման հետևյալ մակարդակները.
·         Անձնային կամ հոգեբանական
·         Մշաակութային
·        Սոցիալական
Ըստ նրա` խտրական վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես անհատական վարքի, այնպես էլ քաղաքական և ռազմավարական մակարդակներում, և բնականաբար դրանք խոչընդոտում են հասարակական զարգացումը և հակասում են ինչպես մարդու իրավունքների հայեցակարգին, այնպես էլ համընդհանուր բարեկեցության և սոցիալական պետության գաղափարներին: Եվ քանի որ խտրականությունը հիմք է հանդիսանում բազմաթիվ սոցիալական և այլ բնույթի խնդիրների աառաջացման համար և արտահայտվում է ամենատարբեր ոլորտներում` կրթության հասանելիությունից մինչև քաղաքական մասնակցություն, ապա պարզ է, որ սոցիալական աշխատողները խտրականության վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում չեն կարող պասիվ դերում հանդես գալ:
Հակախտրակականական և հակաճնշումային մոտեցումների կողմնակիցների համաձայն` այս հարցում սոցիալական աշխատանքի հիմնական նպատակներն են.
·         Հասարակական փոփոխությունների և քաղաքական բարեփոխումների միջոցով հասնել խտրականացված խմբերի իրավունքների ճանաչման և իրացման,
·         Պաշտպանել խտրականության ենթարկված անհատի, խմբի կամ համայնքի իրավունքները իր անմիջական միջավայրում,
·         Ապահովել լայն իմաստով տարբեր ռեսուրսներիհասանելիությունը խտրականացվածխմբերիհամար,
·         Աջակցել մարդկանց գիտակցության մեջարմատավորված պատկերացումների հաղթահարմանը:
Տեսության կողմնակիցները գտնում են, որ վերոնշյալ բոլոր նպատակների միասնական իրականացումը պետք է բերի ոչ միայն առանձին խմբերի նկատմամբ խտրականության և ճնշման հաղթահարման , այլ նաև հասարակության մեջ այնպիսի իրավիճակի ստեղծման, երբ խտրականությունն ընդհանուր առմամբ, որպես երևույթ, անընդունելի է:

Աղբյուրը`
Ա. Ոսկանյան, Սոցիալական աշխատանքի տեսություններ և մոդելներ, Եր., 2013:
Малкольм Пейн, Социальная работа: современная теория, Москва, 2007.
http://hkdepo.am/up/docs/discrimination-brochure-by%20NGNGO-Armenia.pdf


суббота, 10 декабря 2016 г.

«ՓՅՈւՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՈւԹՅՈւՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Հարցազրույցն անցկացվել է կազմակերպության ծրագրերի համակարգող  Ռուզաննա Սարգսյանի հետ:

Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից անմիջապես հետո: Այն նպատակ է ունեցել աջակցել երկրաշարժից տուժած անձանց, ովքեր ենթարկվել են տարաբնույթ սթրեսների: Ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր գործունեության շրջանակը և ստեղծվել են ամառային ճամբարներ, մշակվել է ռազմավարական պլան, որն ունի իր հստակ ուղղությունները՝ հասարակական, քաղաքական, մշակութային, ֆիզիկական, հոգեբանական վերականգնում, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծում և այլն:
Կազմակերպությունը շահառուներ  է ներգրավվում ողջ Հայաստանի տարածքից: Հետևապես Հայաստանի ցանկացած հատվածում բնակվող հաշմանդամություն ունեցող անձ կարող է դիմել նրանց: Թիրախ խմբերն են երեխաները, ծերերը, և առհասարակ, բոլոր նրանք, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն:
Գրանցված շահառուների թիվն անցնում  է  3000-ը, բայց կան նաև շահառուներ, ովքեր գրանցված չեն, սակայն ևս օգտվում են կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից, այն իմաստով, որ նրանք ևս կարող են ստանալ զանազան պարագաներ, օրինակ` հենակներ, սայլակներ և այլն:
Այնտեղ առկա է բազմամասնագիտական թիմ: Կազմակերպության աշխատակիցներն են. նախագահը, ծրագրերի ղեկավարը, հատուկ մանկավարժը, սոցիալական աշխատողը, հոգեբանը, լոգոպեդը, արտթերապիստը, ֆիզիոթերապևտը, հաշվապահը, անվտանգության ծառայության աշխատակիցները:
Կազմակերպության կողմից իրականացվում են տարանույթ ծրագրեր: Այս ամիս նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես և մարզական միջոցառում: Ներկայումս իրականացնում են վաղ միջամտության ծրագիր հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում: Ծրագրին կարող են մասնակցել 15-16 տարեկան հաշմանդամություն ունեցող անձիք: Ինչպես նաև, կազմակերպությունում ունեն կավագործության խմբակ:
Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ խնդիրներն իրականում բազմազան են, բայց շեշտադրեց ֆինանսականը, քանի որ կազմակերպությունն ունի շենքային մեծ տարածք և դրանով պայմանավորված ծախսը շատ է:
Կազմակերպությունն ունի կամավորների հսկայական բանակ, ինչը կազմակերպության ուժեղ կողմերից մեկն է:
Կազմակերպությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաշմանդամության ոլորտի  ՀԿ-ների հետ, ինչպես օրինակ` «Հայաստանի խուլերի միավորում»  ՀԿ, «Հայաստանի կույրերի միավորում»  հաշմանդամների ՀԿ, «Փրկություն»  հաշմանդամ երեխաների կենտրոն ԲՀԿ և այլն:
Համեմատելով նախորդ տարիները ներկա ժամանակների հետ, Ռ. Սարգսյանը նշեց, որ նկատում է բավականին մեծ առաջընթաց, բայց հավելեց, որ դեռևս անելիքները շատ են: Նրա խոսքերով, տեղաշարժը բավականին մեծ  է դեղորայքների տրամադրման հետ կապված հարցերում, ինչպես նաև, միջավայրը հարմարեցնելու հարցում: Ոլորտում առկա բացերի շարքում նշվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության խնդիրները:
Առկա հիմնախնդիրների լուծման համար Ռ. Սարգսյանը գտնում է, որ պետք է նախ և առաջ բարեփոխել օրենսդրական դաշտը, և որ կարևոր է, օրենքը մշակելիս պետք է հաշվի առնել  ՀԿ-ների կարծիքը, նրանց դերը, բազմամյա փորձը ևս.
«…օրենսդրական դաշտը պետք է մի քիչ փոփոխել: Իհարկե այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, բայց դա բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց... ավտոբուսները հարմարեցված են, այո, բայց դա էլ բավարար չէ»:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ոլորտում խնդիրներն իրապես բազմաթիվ են, և շահագրգիռ կողմերի կողմից դրանց լուծման ուղղությամբ իրականացվում են որոշակի քայլեր, սակայն որքանով են իրականացվող միջոցառումներն արդյունավետ մեկ այլ քննարկման թեմա է, որին ևս կանդրադառնանք ծրագրի շրջանակներում:

Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը համագործակցության և պատրաստակամության համար:
Կազմակերպության տվյալներն են. ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 16,
Հեռ. (+374 )10 56 07 07
Էլ-փոստ` pyunic@arminco.com
Հարցազրույցի վարող` Հ. Վարդանյան