воскресенье, 31 марта 2019 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»․ Հասմիկ Բունիաթյան







2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը:
Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված,  որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:
Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների,  2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:
Այս աշխատանքում կփորձեմ ներկայացնել սահմանված նպատակներից 11-րդը և դրա նվաճման հարցում սոցիալական աշխատողի դերը: Նպատակը հետևյալն է.
Քաղաքավայրերը և մարդկային բնակավայրերը դարձնել, ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն:
Նախ սահմանենք, թե ինչ է սոցիալական աշխատանքը: Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավում են հասարակական հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ ու հավասարակշռված:
Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը հանդես գալով որպես հետազոտող, կազմակերպիչ, բանակցություններ վարող, միջնորդ, իրավունքների պաշտպան, քարոզիչ, փորձագետ, ռեսուրսներ հայթայթող, աջակցային ցանցերի ստեղծող, իրազեկող, ֆասիլիտատոր  և ոգևորող/մոտիվացնող կարող է նպաստել վերոնշյալ նպատակի իրականացմանը:
Մասնավորապես ենթանպատակ 11.1-ը սահմանում է, որ մինչև 2030թ. բոլորի համար պետք է հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարանները և հիմնական ծառայությունները: Իսկ սոցիալական աշխատողը տվյալ պարագայում կարող է ներգրավվել քաղաքականության մշակման մեջ և մշակել բնակարանաշինական, բնակարանով ապահովման արդյունավետ քաղաքականություն, որը հիմնված կլինի նախորդ փորձի, այլ երկրների թույլ տրված սխալների և միջազգային հաջողությամբ ավարտված փորձի վրա:
Ենթանպատակ 11.2-ը սահմանում է հետևյալը.
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին: Սա կարևոր է, քանի որ ինչպես գիտենք շատ քաղաքացիներ պարզապես զրկված են հասարակության մեջ լիարժեք գործառնման հնարավորություններից` այս պայմանների բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես շատ սահմանամերձ լեռնային վայրերում եղանակային առանձնահատկություններով ևս պայմանավորված մարդիկ կարող է չունենալ հնարավորություն տեղափոխվել անհրաժեշտ վայր, գնալ աշխատանքի, իսկ երեխաները` դպրոց: Բացի այդ, մեկ այլ խնդիր է օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ հարմարեցված տրանսպորտի ոչ բավարար քանակը կամ բացակայությունը:
Ինչպես տեսնում ենք շատ կարևոր է վերոնշյալ նպատակի նվաճումը ևս, և այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ` բարենպաստ հող ստեղծելով անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:
Ենթանպատակ 11.3-ում նշված է.
Մինչև 2030թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում: Բովանդակությունից ելնելով կարող ենք եզրակացնել, որ սա միտված է խթանելու համայնքների ներգրավմանը, մասնակցության ապահովմանը իրենց մասին կայացվող որոշումներին: Որպեսզի նրանք չդիտվեն որպես փոփոխության պասիվ կրող, այլ ակտիվ ներգործող անդամ, որը կարող է առաջ բերել դրական փոփոխություններ: Սոցիալական աշխատողը կարող է ակտիվացնել համայնքը, ապահովել նրանց մասնակցության հնարավորությունը` պաշտպանելով նրանց իրավունքը: Կարող է նաև հանդես գալ որպես հետազոտող փորձագետ, ով տեսնում է այս կամ այն հիմնախնդրի առկայությունը, առաջարկում է դրա լուծման ուղիներ, կազմակերպում է համայնքային քննարկում և նպաստում է միասնական որոշման կայացմանը:
Ենթանպատակ 11.7-ում նշվում է.
        Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
         Բնականաբար միջավայրը մեծ նշանակություն ունի բոլորիս կյանքում և բոլորս էլ այս կամ այն կերպ օգտվում ենք դրանից: Բայց բացի այդ մենք ունենք նաև պարտավորություն պահպանել այն հանուն հետագա սերունդների օգտագործման: Մատչելիությունն իհարկե կարևոր արժեք է բոլորիս համար: Սակայն այստեղ, թերևս հարկ է առանձնացնել օրինակ  հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանց համար ապահովել միջավայրային մատչելիություն նշանակում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն նրանց համար: Օրինակ` տեսողության խնդիրներ ունեցող անձանց ապահով տեղաշարժն ապահովելու համար հետիոտնի համար նախատեսված անցումներում լուսակիրների մոտ տեղադրել ձայնային ազդանշաններ, կառուցել ըստ համապատասխան չափորոշիչների թեքահարթակներ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն:
       Ինչ վերաբերում է կանաչ միջավայրի ապահովմանը, ապա այստեղ պետք է մարդկանց մոտ առաջ բերել պատասխանատվության մեծ զգացում, փոխել ընկալումները որոշակիորեն, որպեսզի շրջակա աշխարհը դիտարկվի որպես «ավելի մեծ տուն», որը ևս պետք է խնամենք, մաքրենք, պահպանենք: Այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ կրկին զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ, փոփոխությունների նախաձեռնմամբ, զանազան ծրագրերի իրականացմամբ, որը կնպաստի միջավայրի նկատմամբ մարդկանց դիրքորոշումներում փոփոխությունների առաջացմանը և այլն:
        Առաջին հայացքից կարող է ծագել տրամաբանական մի հարց. “Ինչու՞ հենց սոցիալական աշխատողը”: 
Հիմնավորեմ. Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը տիրապետում է անհրաժեշտ գիտելիքներին և օժտված է ցանկալի ճկունությամբ սոցիալապես նշանակալի նպատակների նվաճման համար: Բնավ չնսեմացնելով մյուս մասնագիտությունների և մասնագիտությունը կրողների արժեքը, հավելեմ, որ սոցիալական աշխատողը ելնելով իր մասնագիտական արժեքներից, սկզբունքներից լավագույնս կարող է նպաստել մարդակենտրոն, համայնքակենտրոն որոշումների կայացմանը, որում փոփոխության նախաձեռնողի և փոփոխության ազդեցությունը կրողի դերում հանդես են գալիս հենց մարդիկ, խմբերն ու համայնքները: 

       Սակայն, ընդհանուր առմամբ, դրական վերջնարդյունք ապահովելու համար անհրաժեշտ են համակարգված, համապարփակ, բազմաոլորտային, բազմամակարդակ և համագործակցային միջոցառումներ:

Աղբյուրը՝

Սոցիալական աշխատանքի հիմունքները, խմբ. Լ. Հարությունյան, ԵՊՀ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, Եր., 2002թ.,
http://www.un.am/hy/news/260
http://un.am/hy/p/sustainable-development-goal-11 

суббота, 2 марта 2019 г.

Սոցիալական աշխատանքի ուսանողը կարող է ավելին․ Հասմիկ Բունիաթյան




«Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության համակարգող, «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հասմիկ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Գրանցենք արդեն իսկ ձեռքբերած փոքրիկ, բայց նշանակալի մեր հաջողությունը և շարժվենք նորերի ետևից նույն եռանդով, սիրով ու միասնականությամբ։
2018թ․ նոյեմբեր ամսին հայաստանյան ԲՈՒՀ-երում մեկնարկ տրվեց «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնությանը, որը նպատակ ուներ, ունի և շարունակելու է ունենալ բարձրացնել սոցիալական աշխատանքի ձայնը ամենատարբեր ոլորտներում և ոլորտներից, հատկապես, մասնավորապես, և ինչու չէ, գլխավորապես ուսանողի շուրթերից, քանզի սոցիալական աշխատանքը, նախևառաջ, ուսանելու, կրթվելու մասնագիտություն է իր իրական արժեքներով իր իրական որակների կողմից, և այսօր սոցիալական աշխատանքի ուսանողը կարող է ավելին, քան ինքն է ընդգծել իր համար այդ սահմանները։
Նախաձեռնության առաջին փուլը սոցիոլոգիական հետազոտությունն էր, որի նպատակը սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում առկա հնարավոր խնդիրների բացահայտումն ու վերհանումն էր նաև ուսանողների տեսանկյունից։ «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական Հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համագործակցության շնորհիվ Ռեստարտի՝ իրապես ազատ ու անկախ ոգով լեցուն գրասենյակում Մենք՝ սոցիալական աշխատանքի՝ ասում են ապագա, բայց թույլ տվեք այլևս որակել ՆԵՐԿԱ մասնագետներս, հանդիպում էինք, զրուցում, քննարկում, բանավիճում, հաղթում ու չէինք պարտվում, ընկերանում էինք, աշխատում, իսկ վերջում ժպիտներ ու սեր նվիրելով միմյանց՝ բաժանվում, նորի՛ց հանդիպելու պայմանով ու ակնկալիքով։
Իհարկե, ունեցանք նաև խոչընդոտներ, սայթաքումներ, բայց եկեք նկատենք, որ դա հաղթանակների ու բարձունքներ նվաճելու իրական ճանապարհն է, և այդ հաղթանակը պատկանում է ոչ թե որևէ անձի, այլ այս կամ այն երևույթի վերափոխմանը, հաստատմանը, ի վերջո՝ ինքնամաքրմանը։
Շնորհակալ ենք, սիրելի՛ ռեստարտցիներ, ձեր անսահման ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի համար, և առաջարկում ենք էլ ավելի զարգացնել ու ամրապնդել մեր համագործակցությունը, քանզի գուցե ընտրված ուղիները տարբեր են, բայց մեր նպատակը մեկն է, մեր նպատակը համընդհանուր է»։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/photo.php?fbid=2009848559320259&set=a.1596127827359003&type=3&theater

вторник, 4 декабря 2018 г.

Տեղի ունեցավ «Սիմվոլների ներշնչող ազդեցությունը» հետազոտության ամփոփման միջոցառումը


Դեկտեմբերի 4-ին, Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Ճգնաժամային հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Սիմվոլների ներշնչող ազդեցությունը» հետազոտության ամփոփումը, որն իրականացրել էին ԿՀՍ ֆակուլտետի Սոցիոլոգիա և Սոցիալական աշխատանք բաժնինների մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները՝ ՀՊՄՀ դասախոս, հ․գ․թ․ Անի Խուդոյանի ղեկավարությամբ։ Հետազոտության նպատակն էր պարզել հասարակությանը ծանոթ ու անծանոթ սիմվոլների ներշնչող ազդեցությունը հասարակության որոշակի հատվածի շրջանում։ Հարցմանը մասնակցած 127 անձանց շրջանում կային տարբեր տարիքի խմբերի և սեռի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց սիմվոլների ընդհանուր նկարագիրը, նրանց դերն ու հնարավոր ազդեցությունը մեր կյանքում։
Այնուհետև ներկայացվեցին հետազոտության արդյունքները, որին մասնակցություն էին ունեցել նաև ներկա մասնակիցները։
Միջոցառման հաջորդ հատվածում տեղի ունեցավ հետաքրքիր փորձարկում՝
մասնակիցներից մի քանիսին բաժանվեցին սիմվոլներ, այնուհետև ներկայացվեց սիմվոլներից յուրաքանչյուրի նկարագրությունը հակառակ իմաստով՝ նպատակ ունենալով վեր հանել
վերջիններիս ներշնչող ազդեցությունը մասնակիցների վրա։  Այս արդյունքները ևս փաստեցին սիմվոլների որոշակի ներգործության մասին։
Միջոցառման ամփոփ հատվածում թիմի ղեկավար Անի Խուդոյանը նկատեց, որ հետազոտությունը ծառայեց իր նպատակին՝ շնորհիվ ստացված պատասխանների և կատարված արդյունավետ աշխատանքի։

Միջոցառման մասնակիցների խոսքերով՝ հանդիպումն իր ֆորմատով բավականին ուսուցողական, հետաքրքիր և ինֆորմատիվ էր, որն անցավ գեղեցիկ ու անմիջական մթնոլորտում։
Հ․Գ․ Նշենք, որ միջոցառման մուտքը գրենական պիտույքներով էր, որոնք, ինչպես նաև դրանք տրամադրած անձանց ջերմ ժպիտները, մոտ ժամանակներս կուղղվեն մի խումբ լուսավոր երեխաների։


воскресенье, 4 ноября 2018 г.

Բանավեճ-մրցույթ՝ մասնագիտական տոնին


Նոյեմբերի 4-ին՝ Հայաստանում սոցիալական աշխատողի օրը, «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության շրջանակներում, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթությունը ՀՀ-ում» թեմայով բանավեճ-մրցույթ, որին մասնակցում էին ուսանողներ ԵՊՀ-ից և ՀՊՄՀ-ից։ Ուսանողները բաժանվեցին 2 թիմերի՝ կողմ և դեմ։


Կողմ թիմը ներկայացրեց տարբեր բուհերում սոցիալական աշխատանք մասնագիտության կրթության կազմակերպման առավելությունները, իսկ դեմ թիմը՝ թերությունները։
Բանավեճից հետո դուրս բերվեցին ընդհանուր առմամբ ՀՀ-ում սոցիալական աշխատանք մասնագիտության մեջ առկա խնդիրները, որոնք հիմնականում կապված էին կրթության մատչելիության, մասնագիտական գրականության, տեսության և պրակտիկայի չհամընկման, ուսանողների մոտ մոտիվացիայի պակասի, ավելորդ առարկաների անցնելու հետ։
Որպես առավելություն ուսանողների կողմից նշվեց դասախոսների մեծ մասին բարձր գիտականա ստիճան ունենալը, փոխանակման տարբեր ծրագրերի առկայությունը, մասնագիտական գրականությունը և՛ օնյալն, և՛ թղթային տարբերակի հասանելիությունը և այլն։ Բանավեճին իրենց մասնագիտական գնահատականը տվեցին պրակտիկ սոցիալական աշխատողներ տարբեր հասարակական կազմակերպություններից։ Մասնակիցները դիտեցին նաև հոլովակ, որը նվիրված էր ՀՀ-ում սոցիալական աշխատողի օրվան։ Հանդիպման վերջում մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր և ստացան հնարավորություն կիսվելու իրենց տպավորություններով, շնորհավորելու միմյանց մասնագիտական տոնի առթիվ։

Նյութի աղբյուրը և լուսանկարները՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության

среда, 17 октября 2018 г.

«Սոցիալական աշխատողի ձայնը»․ Գայանե Մխիթարյան


Ինչպես արդեն հայտնի է, «Սոցիալական աշխատողի ձայնը» երգի խոսքերի/տեքստի/ մրցույթում հաղթող է ճանաչվել Երևանի մշակույթի պետական քոլեջի սան, վոկալիստ Գայանե Մխիթարյանի ներկայացրած տարբերակը։
Գայանեն 24 տարեկան է, ներկայացնում է Արարատի մարզը, իր խոսքերով՝ մրցույթի մասին տեղեկացել է համացանցից և անվարանորեն դիմել մասնակցելու՝ այդկերպ ցանկություն ունենալով բառերի օգնությամբ ներկայացնել այս եզակի հանդիպող մասնագիտության իր մեկնությունը։
Մեզ հետ զրույցում Գայանեն նշեց, որ սոցիալական աշխատանք մասնագիտությանը ծանոթանալն այսօր դժվար չէ, քանզի հասարակությունն ունի նրա կարիքը մշտապես, սակայն ծանոթությունից բացի շատ կարևոր է նրա գնահատումն ու արժևորումը՝ այս դեպքում նաև երգի միջոցով։
Հարցին, թե ինչու հենց այդ տարբերակով որոշեց հանդես գալ, հեղինակը նշեց, որ իր տարբերակի հիմքում ընկած է ոչ թե բուն մասնագիտական գործունեության նկարագրությունը, այլ այն հիմնական ու կարևոր արժեքների, գաղափարների արտահայտումը, որոնց կրողն ու փոխանցողն է սոցիալական աշխատողը, ինչպիսիք են սերը, կարեկցանքն ու հավատն առ լույսի։
Որպես զրույցի վերջաբան հեղինակը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին՝ ընձեռած հնարավորության, երաժշտության հեղինակին՝ համահունչ ստեղծագործության և քվեարկությանը մասնակցած մասնագետներին՝ նման պատասխանատու գործը հենց իրեն վստահելու համար։ Նշեց, որ այն ամենը, ինչը կախված է իրենից աշխատանքի լավագույն արդյունքի հասնելու համար, ինքը կանի մեծագույն սիրով ու պատրաստակամությամբ՝ այդկերպ փորձելով բարձրացնել, ինչպես ինքը բնորոշեց, այս արդար գործի ջատագովների՝ սոցիալական աշխատողների ձայնը նաև երգի միջոցով։
Հաղթողը պարգևատրվեց հավաստագրով և խրախուսական անակնկալներով նախաձեռնության կողմից։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ մրցույթի ավարտից անմիջապես հետո հետևում են կատարման մշակման, ձայնագրման աշխատանքները, ինչին կհաջորդի հոլովակի սցենարային կազմման գործընթացը, նախագիծը կեզրափակվի թեմատիկ հոլովակի նկարահանմամբ և ցուցադրմամբ։
Նյութը և լուսանկարները՝
Հասմիկ Սարգսյանի և Հասմիկ Բունիաթյանի

суббота, 29 сентября 2018 г.

«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՎԱՂԸ»․ Հ․ Բունիաթյան





«Եթե դատես այլոց այնպես, ինչպես այս համակարգն է քեզ դատել, դրանով դու ավելի լավը չես դառնա, քան նրանք, որ քեզ մահապատժի են ենթարկել:
Խաղաղվիր քո Աստծու հետ, ով էլ որ նա լինի։»
Դուայթ Ադանանդուս
Բարև՜, Ընթերցող։ 
Եթե դու գտել ես մի քանի րոպե ժամանակ՝ լսելու այն, ինչը ես ապրել եմ տարիների ընթացքում, ուրեմն, շնորհակալ եմ, որ հանդիպել ենք իրար երկրային այս կյանքում։
Գուցե խոսքերս քեզ թվան պարզ ու հասարակ, և իրենք հենց այդպիսին էլ կան, բայց նրանք իրական, և որ ամենակարևորն է՝ ապրված են։
Ես ու դու այս աշխարհ ենք թափանցել ուրույն առաքելությամբ՝ արարելու, սիրելու ու սիրվելու, ապրելու ու ապրեցնելու սուրբ պատգամները մեր ներսում ամրացած, և մեզանից յուրաքանչյուրը նրանց կյանքի է կոչում յուրովի։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ «ճակատագիր» ասված ունայնությունն իր կործանող հեգնանքներով թակում է մեր դուռը՝ ծնկի բերելով մեզ ինքներս մեր առաջ։ Երբ մեր ներսում կորցնում ենք մեր գոյության «ինչու»-ի և «ինչպես»-ի իմաստները։ Ի՞նչ ենք մենք զգում այդ պահին, ակնթարթի մեջ, ժամերի, օրերի, ամիսների, և վերջապես՝ տարիների ընթացքում։ Երբ ախտահարվում է մեր հոգին, փշրվում ամեն լուսավորը։ Երբ մեզ սկսում է երազանք թվալ անգամ այն ամսվա ապրելը, որում ծնվել ենք, քանզի վախենում ենք, որ այն կապրենք մեռած․․․։
Անպիտանելիության հաստատակամ զգացողությամբ համակված՝ դիմում ենք քայլերի, որոնց պատասխանատվությունը միայն կատարելուց հետո ենք հասկանում, բայց այնքան ուշ է լինում հետդարձի համար։ Չէ՞ որ կյանքը, չէ՞ որ մարդիկ մեզ չեն սպասում․․․։
Բոլորս էլ ծնվում ենք արդարության հասնելու, արդարություն ճաշակելու անհրաժեշտ ու բնական պահանջով, որի համար պայքարում ենք մեր գիտակցական ամբողջ կյանքում՝ անցնելով քառուղիներ, փորձություններ, որոնցից միայն կոփվում է մեր կամքը։ 
Բայց, արի մի պահ պատկերացնենք, թե ինչ է լինում, երբ արդարության դրոշակը ձեռքներիս քայլելիս բախվում ենք անազատության կապանքներին, ամենատարբեր համակարգերի ճնշումներին ու բռնությանը մեր ազատ ոգու վրա։
Շալակելով իսկական խենթի հոգեբանություն՝ փորձում ենք փոխել համակարգեր, որոնք հետո մեզ կուլ են տալիս, բայց որը, սակայն, մենք ինքներս ենք թույլ տվել։ Եվ միայն մահվան անդունդի առջև կանգնած ենք ինքնագիտակցում, որ, այո, փոխել է պետք հենց միայն ու նախևառաջ ինքներս մեզ։ 
Չէ՞ որ ինքներս էլ մի համակարգ ենք մեզանից ներկայացնում, որն ունակ է ժանգոտվելու, խափանվելու, և որը ևս փոփոխության կարիք է զգում։ 
Եվ հենց այդ ժամանակ, երբ աշխարհը մեզանում բաժանված է լինում սև/սպիտակի, երբ աշխարհը մեր աչքերով թվում է օտար մի հարազատ, մեզանում ծնունդ է առնում ամենավերջին շանսը՝ անվերջ թվացող խավարում մոմի բոցկլտացող լույսը՝ այն վերջում մեռնող, բայց գոյություն ունեցող հավատը, որին ինքներս ենք մեզանում սպանում կամ էլ քնեցնում ժամանակի ընթացքում։
Հավատ առ մեր ներսի, առ այն, որ մենք կարող ենք և կարող ենք ավելին․․․։
Եվ հենց այդ հավատին էլ փարված, հենց այդ հույսով էլ մեր ներսի սառույցները հալեցրած, աշխարհի ու մեր միջև վեր խոյացած պատնեշները քանդած՝ փորձում ենք վարից բարձրանալ վեր՝ նորից ու կրկին մեզանում արթնացնելով այն հույզերն ու զգացումները, որոնցով սիրահարված ենք եղել կյանքին։
Ինքնամաքրվելով ու վերածնվելով մեր ներսում որպես մի մանուկ, ով դարձյալ ամենքին ու ամենին նայում է ներքևից, ով նետվում է այս կյանքում սովորելու, ճանաչելու, իր վերաիմաստավորված գոյությունը սեփական առաքելությամբ հիմնավորելու, նորից արբում ենք երկրային այս կյանքի սիրո գինուց՝ այդկերպ գրանցելով կյանքի ամենաշքեղ հաղթանակը՝ ինքնահաղթությունը։
Եվ վերջապես՝ ներում ենք նրանց, ովքեր մեզ ինչ-որ մի պահի կործանել են։ 
Ներում ենք մի պարզ պատճառով՝ նրանք չգիտեն, թե ինչ են արել ․․․:
Ապրելով այսօր, մեզ նվիրելով հավերժական ներկային՝ կերտում ենք ապագան, մեր վաղվա օրը, օր, որի գույները ինքներս ենք սահմանում, երբ մեզանում վերագտնում ենք այն կյանքի շունչը, որին արժանացել ենք, երբ ի վերջո  վերազգում ենք, որ մոտ է վաղը, երբ գալիս է վաղը․․․։
ՀԳ Ընտրված խորագիրը պատահական չէ այն կրում է Նանոն Վիլյամսի համանուն՝ «Երբ գալիս է վաղը» իրական դեպքերի վրա հիմնված պատմվածքի վերնագիրը, և ըստ էության, արտացոլում է տվյալ ստեղծագործության բովանդակային առավել ընդհանրական իմաստը։
 Հասմիկ Բունիաթյան

среда, 19 сентября 2018 г.

«Սոցիալական աշխատողի ձայնը» Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայում




Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Սոցիալական աշխատող.աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության անդամները հյուրընկալվեցին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա, որտեղ հանդիպում ունեցան Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին վերջին շրջանում մասնագիտական դաշտում մեծ հետաքրքրություն առաջացրած նախաձեռնության առանցքային հարցերը: Նախաձեռնության անդամները ներկայացրին ծրագրի նպատակը, էությունը, բովանդակային կառուցվածքը, ինչպես նաև այն հետազոտության արդյունքները, որոնք ստացել էին առցանց եղանակով հարցման միջոցով՝ փորձելով վերհանել մասնագիտության կրթական գործընթացում առկա հնարավոր բացթողումները: Հնչեցին կարծիքներ, ուղղորդումներ, առաջարկներ՝ գործընթացն առավել արդյունավետ ու նշանակալի կերպով շարունակելու համար: 
Ասոցիացիան հայտնեց պատրաստակամություն իր հնարավորությունների շրջանակներում աջակցել նախաձեռնության իրականացմանը:
Անդամների խոսքերով, այն փոփոխությունները, որոնք կկրի նախաձեռնությունը կառուցվածքային առումով, միտում ունեն էլ ավելի հիմնավոր դարձնելու այն նպատակի իրագործումը, որին ուղղված են ներդրված ջանքերը, իրականացվող և դեռ իրականացվելիք քայլերը: