суббота, 2 марта 2019 г.

Սոցիալական աշխատանքի ուսանողը կարող է ավելին․ Հասմիկ Բունիաթյան




«Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնության համակարգող, «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հասմիկ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
«Գրանցենք արդեն իսկ ձեռքբերած փոքրիկ, բայց նշանակալի մեր հաջողությունը և շարժվենք նորերի ետևից նույն եռանդով, սիրով ու միասնականությամբ։
2018թ․ նոյեմբեր ամսին հայաստանյան ԲՈՒՀ-երում մեկնարկ տրվեց «Սոցիալական աշխատողի ձայնը» նախաձեռնությանը, որը նպատակ ուներ, ունի և շարունակելու է ունենալ բարձրացնել սոցիալական աշխատանքի ձայնը ամենատարբեր ոլորտներում և ոլորտներից, հատկապես, մասնավորապես, և ինչու չէ, գլխավորապես ուսանողի շուրթերից, քանզի սոցիալական աշխատանքը, նախևառաջ, ուսանելու, կրթվելու մասնագիտություն է իր իրական արժեքներով իր իրական որակների կողմից, և այսօր սոցիալական աշխատանքի ուսանողը կարող է ավելին, քան ինքն է ընդգծել իր համար այդ սահմանները։
Նախաձեռնության առաջին փուլը սոցիոլոգիական հետազոտությունն էր, որի նպատակը սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում առկա հնարավոր խնդիրների բացահայտումն ու վերհանումն էր նաև ուսանողների տեսանկյունից։ «Սոցիալական աշխատող․աջակցության կենտրոն» մարդասիրական Հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համագործակցության շնորհիվ Ռեստարտի՝ իրապես ազատ ու անկախ ոգով լեցուն գրասենյակում Մենք՝ սոցիալական աշխատանքի՝ ասում են ապագա, բայց թույլ տվեք այլևս որակել ՆԵՐԿԱ մասնագետներս, հանդիպում էինք, զրուցում, քննարկում, բանավիճում, հաղթում ու չէինք պարտվում, ընկերանում էինք, աշխատում, իսկ վերջում ժպիտներ ու սեր նվիրելով միմյանց՝ բաժանվում, նորի՛ց հանդիպելու պայմանով ու ակնկալիքով։
Իհարկե, ունեցանք նաև խոչընդոտներ, սայթաքումներ, բայց եկեք նկատենք, որ դա հաղթանակների ու բարձունքներ նվաճելու իրական ճանապարհն է, և այդ հաղթանակը պատկանում է ոչ թե որևէ անձի, այլ այս կամ այն երևույթի վերափոխմանը, հաստատմանը, ի վերջո՝ ինքնամաքրմանը։
Շնորհակալ ենք, սիրելի՛ ռեստարտցիներ, ձեր անսահման ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի համար, և առաջարկում ենք էլ ավելի զարգացնել ու ամրապնդել մեր համագործակցությունը, քանզի գուցե ընտրված ուղիները տարբեր են, բայց մեր նպատակը մեկն է, մեր նպատակը համընդհանուր է»։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/photo.php?fbid=2009848559320259&set=a.1596127827359003&type=3&theater

Комментариев нет:

Отправить комментарий