суббота, 15 октября 2022 г.

«Ես Հասմիկ Բունիաթյանն եմ և ես ունեմ հաշմանդամություն»․ աշխատանքային դժվարությունների մասին

 

Ողջույն։
Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես և ցանկանում ես լսել այն ամենը, ինչը ուզում եմ փոխանցել քեզ։

Ես Հասմիկն եմ և ես ունեմ հոգեկան առողջության խնդիր․ ես ունեմ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։

Ավելի վաղ մենք արդեն զրուցել ենք իմ խնդրի էության, առանձնահատկությունների, առաջացման հիմնական պատճառների, ինչպես նաև միջավայրային կարևորության մասին։

Այս հատվածում ցանկանում եմ խոսել աշխատանքում առաջացող այն խոչընդոտներից, որոնց բախվում եմ արդեն տարիներ շարունակ։

Կյանքի ինչ-որ տարօրինակ հրամայականով իմ «փոքրիկ ու չարաճճի ընկերը» ակտիվանում է հենց այն ժամանակ, երբ կյանքը վազում է, մարդիկ առաջ են շարժվում, երբ պիտի վայելել գարնան շունչն ու աշնան արևը, բայց դու ստիպված ես կռիվ տալ օրվա ընթացքի մեջ՝ փորձելով խաղաղ լինել առաջին հերթին ինքդ քեզ հետ, իսկ դա, կարող եմ հավաստիացնել, որ թերևս ամենից կարևորն է մեր ներքին ներդաշնակության համար։

Իսկ ի՞նչ անել, երբ ունես բնական ու պարզ ցանկություն՝ աշխատելու, արարելու, քո գործով որևէ դրական փոփոխության նպաստելու։

Ընտրում ես, իհարկե, պայքարելու ճամփան, հավաքում ուժերդ ու անցնում գործի․․․և հանկարծ սկսում են քեզ մտատանջել բազում կպչուն մտքեր առ այն, որ քեզ հետևում են, որ մարդիկ ու աշխարհը գործում են քո դեմ։

Ուզում ես գոռալ, որ հանգիստ թողնեն քեզ, որ դադարեն «վնասել» քեզ, բայց վախի ճիրաններում լռում ես ու դրանով ավելի խրթին դարձնում այդ ճահճից դուրս գալդ։

Եվ այդ ամենի արդյունքում դառնում ես անաշխատունակ, սահմանափակվում է ֆունկցիոնալությունդ, խաթարվում առանց էլ երերուն հոգեկան աշխարհդ, և որոշում ես դադար վերցնել նորից ու նորից։ Ասես շարունակ գտնվում ես այդ տեղապտույտի մեջ․․․

Իսկ ո՞րն է այն խելամիտ հարմարեցումը, որի կարիքը աշխատավայրում ունես ինքդ որպես խնդրի կրող․ թերևս չճնշող, հնարավորինս ապրումակցող և աջակից մթնոլորտը, այդ վերաբերմունքային մատչելիությունը, երբ կարող ես լինել լսված, ընդունելի, աշխատել որոշակի ժամանակահատված, ապա հանգստանալ, և նորից շարունակել, ինչը, ցավոք, ոչ միշտ է հանդիպում առօրյա մեր կյանքում, որի հետևանքն էլ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումն է։

Շարունակելի․․․

Комментариев нет:

Отправить комментарий