Համայնքային սոցիալական աշխատանքը ուղղված
է մարդկանց մեծ խմբերին, որոնք ապրում են, որպես կանոն, միևնույն աշխարհագրական տարածքում
(շրջան, միկրոշրջան, թաղ, գյուղ) և միավորված են ընդհանուր շահերով, պահանջմունքներով
և հիմնախնդիրներով, այսինքն կազմում են համայնք: Սոցիալական գիտություններում համայնքը
ընկալվում է որպես անհատի անմիջական սոցիոմշակութային միջավայր, որտեղ ծավալվում է
նրա առօրյա կյանքը:
Համայնքը հիմնականում ներկայացնում է իրենից փոքր վարչական միավոր՝ քաղաքով կամ մեծ գյուղական բնակավայրով կենտրոնում, որի շուրջ կարող են տեղակայված լինել մի քանի փոքրիկ բնակավայրեր։ Երբեմն համայնքը կազմավորված է միայն մեկ բնակավայրից։ Համայնքին մոտ վարչատարածքային միավորներ են՝ կոմունան (ֆրանսերեն` commune), որոշ դեպքերում՝ մունիցիպալիտետը, մունիցիպալ կազմավորումը։
Սոցիալական գիտություններում համայնքի
վերաբերյալ տեսություններից ամենանշանակալիցը գերմանացի ականավոր սոցիոլոգ Ֆերդինանդ
Թյոնիսի տեսությունն է: Թյոնիսը ներկայացնում է երկու հիմնական հասկացություն` գեմայնշաֆտ
(Gemeinschaft)-համայնք, և գեզելշաֆտ (Gesellschaft) - համակցություն, հասարակություն:
Համայնքը, ըստ Թյոնիսի, հիմնված է անձնական կապերի վրա և առաջնորդվում է ավանդույթներով,
իսկ համակցությունը կամ հասարակությունը հիմնված է անհատական շահի, կոնտրակտի վրա և
առաջնորդվում է հիմնականում ռացիոնալ նպատակներով: Այստեղ համայնքը դիտվում է առաջին
հերթին որպես ընտանեկան և հարևանական կապերից ելնող փոխօգնության և աջակցության համակարգ,
որը հատկապես մեծ դեր է խաղում սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների ժամանակ,
երբ գոյատևումը հաճախ կախված է այս փոխօգնությունից:
Համայնքը և նրա հիմնախնդիրները: Ինչպես նշվեց, համայնքը
կարող է ունենալ իր հիմնախնդիրները, և այս հիմնախնդիրները այս կամ այն կերպ առնչվում
են համայնքի բոլոր անդամներին` լինի դա աղտոտված տարածքը, թաղային ղեկավարության ընտրությունը,
գործազուրկների մեծ քանակը, թե հաշմանդամների և աղքատ ընտանիքների առկայությունը: Վերջին
տարիներին ամբողջ աշխարհում համայնքային ծրագրերը մեծ տեղ են գրավում սոցիալական քաղաքականության
ծրագրերի ցանկում, քանի որ համայնքը դիտարկվում է առաջին հերթին իբրև ինքնուրույն գործելու
իրավունք ու հնարավորություն ունեցող հասարակական-վարչական միավոր, որը կարող է գնահատել
և փոփոխել իր կյանքը: Համայնքի կամքի և ներուժի օգտագործումը մեծ նշանակություն և արդյունավետություն
ունի, քանի որ, ինչպես իրավացիորեն նշել է բրիտանացի սոցիոլոգ-համայնքաբան Հիլերին,
ՙայն հաճախ շատ ավելի լավ է ճանաչում իր հիմնախնդիրը և ավելի հարմար ու հաջող ուղիներ
կարող է գտնել դրանք հաղթահարելու համար՚: Բացի այդ, այսօր ցանկացած հիմնախնդիր, որը
կապված է խոցելի խմբերի հետ, դիտարկվում է համայնքի համատեքստում, քանի որ համայնքը
պատմականորեն եղել և այսօր էլ հանդիսանում է իր անդամների համար ոչ ֆորմալ օգնության
և աջակցության աղբյուր: Սա հատկապես ակնառու է հայ հասարակությունում, որտեղ համայնքային`
դրացիական կապերի ամրությունը և կարևորությունը առավել վառ դրսևորվեցին սոցիալ-տնտեսական
անցման առաջին, առավել դժվար տարիներին:
Համայնքային սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները: Համայնքը կարող է և պետք է գործի ինքնուրույն, սակայն իր գործունեության ընթացքում
այն կարող է մասնագիտական խորհրդատվության կարիք ունենալ նպատակների հստակեցման և գործողությունների
կազմակերպման համար: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ համայնքային սոցիալական աշխատանքը
գնահատման, պլանավորման և ուժերի կոորդինացման միջոցով այս կամ այն համայքին խթանելու
և օգնություն ցուցաբերելու գործընթաց է` ուղղված նրա բարեկեցությանը, նորմալ գործառնությանը
և վերարտադրմանը: Համայնքային սոցիալական աշխատողները, կողմնորոշվելով դեպի համայնքի
բոլոր անդամների համար ընդհանուր պահանջմունքները, նպաստում են նրանց կյանքի պայմանների
բարելավմանը, նրանց համագործակցությանն ու պայմանների զարգացմանը` ուղղված համայնքի
ամրապնդման գործընթացին: Սոցիալական աշխատողները պետք է հստակ պատկերացում ունենան
համայնքի կառուցվածքի, նրա էթնիկական կազմի, մշակույթի և ավանդույթների, տնտեսական
բնութագրերի, եկեղեցու դերի և նշանակության, տեղական իշխանությունների հետ փոխհարաբերությունների
մասին: Սովորաբար ընդունված է համայնքային սոցիալական աշխատանք կատարողներին ընտրել
այն մասնագետներից, որոնք ապրում են այդ համայնքում: Դա պարտադիր չէ, սակայն ցանկալի
է:
Սոցիալական աշխատողը, լինելով համայնքի
անդամ, ճանաչում է համայնքի առանձնահատկությունները, կարող է ավելի լավ պատկերացնել
համայնքի հիմնախնդիրների բնույթը, ճանաչել բնակիչներին անձամբ և այս պատճառներով` արժանանալ
նրանց վստահությանը: Համայնքային սոցիալական աշխատողի վրա ազդում են այնպիսի գործոններ,
ինչպիսիք են ցանկացած կոնկրետ համայնքում գերիշխող արժեքները, գյուղական և քաղաքային
համայնքների յուրահատկությունները, ներուժի առկայությունը, մատչելիությունը և այլն:
Սոցիալական աշխատողը խորհրդառուին օգնելու համար պետք է օգտագործի ներուժի ինչպես ձևական,
այնպես էլ ոչ ձևական աղբյուրներ: Այդ պատճառով էլ գործնականում բոլոր սոցիալական աշխատողները,
այնպես թե այնպես, ընդգրկվում են համայնքի հետ աշխատանքում:
Ի տարբերություն անհատականին` համայնքային
սոցիալական աշխատանքն ուղղված է առավել ընդհանուր հիմնախդիրների, այն սոցիալական աշխատանքի
յուրահատուկ մեթոդ է, որը պահանջում է ավելի շուտ սոցիոլոգիական, քան հոգեբանական գիտելիքներ
և գործիքների կիրառում: Տվյալ դեպքում սոցիալական աշխատողը կիրառում է հմտություններ`
կապված սոցիալական խմբակցությունների կենսագործունեության հետ:
Համայնքային աշխատանքի շրջանակներում սոցիալական
աշխատողը կարող է հանդես գալ տարբեր դերերում`
§ կազմակերպչի, երբ անհրաժեշտ է ի մի բերել
համայնքի ջանքերը, դրանք ուղղել նրա բարօրությանը,
§ միջնորդի, երբ անհրաժեշտ է միավորել համայնքի և
անհատի ռեսուրսները` նրա կարիքների բավարարման համար,
§ մասնագետի, որն օգնում է համայնքի անդամներին
արտահայտելու իրենց պահանջները, սահմանելու հիմնախնդիրները և զարգացնելու հմտությունները`
դրանց հաջող լուծման համար,
§ փորձագետի, որն ապահովում է ինֆորմացիան
և համայնքում տարբեր ձեռնարկումների աջակցությունը, խորհրդատվություն է տալիս համայնքի
անդամներին` կապված դրված նպատակներին հասնելու ռազմավարության և մարտավարության հետ:
Համայնքային աշխատանքի փուլերը: Անհատական և խմբային աշխատանքի նման համայնքային աշխատանքը կատարվում է ըստ որոշակի փուլերի, որոնցից ամեն մեկն ունի որոշակի նպատակներ և խնդիրներ: Ընդունված է առանձնացնել համայնքային սոցիալական աշխատանքի հետևյալ փուլերը`
1.
ծանոթացում,
2.
գնահատում,
3.
կազմակերպում,
4.
հիմնախնդրի շուրջ աշխատանք,
5.
արդյունքների ամրապնդում,
6.
ավարտական փուլ:
Ծանոթացման փուլում սոցիալական աշխատողն, ընդհանուր առմամբ, ծանոթանում է համայնքին, նրա կենսական գործընթացին, անդամների կազմին, համայնքային արժեքներին, անդամների հարաբերություններին, համայնքի լիդերներին և այլն, այսինքն փորձում է այսպես ասած ՙհասկանալ՚ համայնքը, տեսնել այն դրսից ու ներսից: Այս փուլում ստեղծվում է նաև առաջնային վստահություն համայնքի անդամների և սոցիալական աշխատողի միջև, համայնքը կամ ընդունում, կամ վանում է նրան: Այդ պատճառով առաջին փուլում մեծ կարևորություն է տրվում սոցիալական աշխատողի շփման հմտություններին: Այն դեպքերում, եnբ սոցիալական աշխատողը համայնքի անդամ է, տվյալ փուլը մեծ նշանակություն չունի, քանի որ սոցիալական աշխատողը արդեն հիմնականում քաջատեղյակ է համայնքի ներքին և արտաքին կյանքին:
Գնահատման փուլում կատարվում են բուն հիմախնդրի հետ կապված աշխատանքներ` հետազոտական և վերլուծական: Այստեղ սոցիալական աշխատողի նպատակն է ուսումնասիրել համայնքի առջև կանգնած խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները: Ծանոթացման փուլում նույնպես կատարվում են հետազոտություններ, սակայն դրանք նպատակ ունեն նկարագրելու համայնքը, իսկ գնահատման փուլում առավել կարևոր է սոցիալական աշխատողի` որպես վերլուծաբանի դերը: Ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես է իրականացվել գնահատման փուլը, այսինքն` հիմնախնդրի ախտորոշումը, վերլուծությունը և դրա լուծման ուղիների առաջադրումը: Այս փուլում սոցիալական աշխատողը կարող է հրավիրել նաև այլ մասնագետների` իրավաբանների, սոցիոլոգների և այլն, գնահատումը ավելի ճշգրիտ և արդյունավետ դարձնելու համար:
Կազմակերպման փուլում սոցիալական աշխատողը համապատասխանաբար հանդես է գալիս որպես կազմակերպիչ, որը օգնում է համայնքին իր ուժերը համախմբել հիմնախնդրի լուծման շուրջ, կատարել նպատակների և խնդիրների առաջադրում, ինչպես նաև իրականացնել դերերի բաժանում համայնքի անդամների միջև: Բացի այդ, սոցիալական աշխատողը կարող է զբաղվել հիմնախնդրի հետ կապված արտահամայնքային աշխատանքներով` ներկայացնելով համայնքը կառավարական ատյաններում, դատարանում, աշխատել լրատվական միջոցների հետ` ստեղծելով հասարակական կարծիք տվյալ համայնքի հիմնախնդիրների շուրջ, և այլն:
Հիմնախնդրի շուրջ աշխատանքի ժամանակ կատարվում է արդեն առաջադրված նպատակների իրականացում և այստեղ սոցիալական աշխատողը հանդիսանում է թե կազմակերպիչ, թե միջնորդ` համայնքի անդամների, համայնքի և հասարակության, համայնքի և պետության, համայնքի և առանձին սոցիալական ինստիտուտների միջև: Սոցիալական աշխատողը կատարում է միջնորդի (ֆասիլիտատորի) դեր, այսինքն` իր միջնորդությամբ թուլացնում է խնդրի ուժգնությունը, ավելի դյուրին դարձնում համայնքի ներքին և արտաքին փոխազդեցությունները` վերացնելով հնարավոր և առկա լարվածությունը: Հիմնախնդրի լուծումը ամենաերկարատև փուլերից մեկն է և կարող է տևել տարիներ` ելնելով համայնքի պահանջմունքներից:
Արդյունքների ամրապնդման փուլում կատարվում են աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան համայնքին պահպանել իր նվաճումները: Դա կարող է արվել պայմանագրերի, համաձայնությունների և նույնիսկ օրենքների վավերացման միջոցով: Այստեղ սոցիալական աշխատողը շարունակում է կատարել կազմակերպչի և միջնորդի դերը` միաժամանակ աշխատելով համայնքի համախմբվածությունը և միասնութունը պահպանելու ուղղությամբ, քանի որ ժամանակից շուտ համայնքի միասնության խախտումը կարող է բերել բոլոր նվաճումների կորստին: Այս փուլը չափազանց կարևոր է և կարող է ավելի բարդ լինել, քան հիմնախնդրի բուն լուծումը: Առանց արդյունքների ամրապնդման, համայնքի խնդիրները չեն կարող լիովին լուծված համարվել, քանի որ հիմնախնդրային իրավիճակը կարող է կրկնվել:
Ավարտական փուլում համայնքը ավարտում է իր համագործակցությունը սոցիալական աշխատողի կամ աշխատողների խմբի հետ և շարունակում իր գործունեությունը ինքնուրույնաբար: Սոցիալական աշխատողն այս փուլում օգնում է համայնքին վերականգնել և կազմակերպել անկախ գործունեությունը: Ասենք նաև, որ այս խնդիրը կանգնած է սոցիալական աշխատողի առջև համայնքային աշխատանքի ամբողջ ընթացքում. համայնքը պետք է հնարավորին չափ ինքնուրույն գործի և կախման մեջ չլինի սոցիալական աշխատողից:
Համայնքային սոցիալական աշխատանքի նկատմամբ գոյություն ունեն մի քանի մոտեցումներ, որոնցից ընդունված է առանձնացնել երեք հիմնականները`
§ համայնքի զարգացման (community development
approach)
§ սոցիալական պլանավորման (social planning approach)
§ սոցիալական գործողության (social action approach)
Միավորված ազգերի կազմակերպությունը սահմանում է համայնքային զարգացումը որպես «մի
գործընթաց,
որտեղ
համայնքի
անդամները
միասին
կոլեկտիվ
գործողություններ
ծավալում և
ընդհանուր
խնդիրներին լուծումներ
առաջադրում»: Տերմին նկարագրում է քաղաքացիական առաջնորդների և ակտիվիստների, ներգրավված քաղաքացիների ու մասնագետների փորձը` բարելավելու համայնքների կենսագործունեության
տարբեր ասպեկտները, որպես կանոն, ուժեղ և ավելի տոկուն տեղական համայնքներ կառուցելու
միտումով:
Համայնքային զարգացման
մոտեցումը ձգտում
է հզորացնել անհատներին և մարդկանց խմբերին` իրենց համայնքներում փոփոխություններ իրականացնելու
հմտություններով: Այդ հմտությունները հաճախ ստեղծվում են մի ընդհանուր օրակարգով աշխատող
մեծ սոցիալական խմբեր ձևավորելու միջոցով: Համայնքային զարգացնողները պետք է հասկանան
երկուսն էլ, թե ինչպես պետք է գործեն ֆիզիկական անձիք, և թե ինչպես է ազդելու նրանց
գործողությունները համայնքների ավելի մեծ սոցիալական հաստատություններում:
Համայնքային զարգացումը համակարգված միջամտություն
է, որը հնարավորություն է տալիս համայնքներին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել
իրենց կյանքի վրա ազդող պայմանների վրա: Տվյալ մոտեցումը չի լուծում համայնքի առջև
ծառացած բոլոր խնդիրները, բայց այն ձևավորում է վստահություն համայնքի անդամների մոտ
խնդիրները արդյունավետ լուծելու համար: Համայնքային զարգացման մոտեցումը ենթադրում
է աշխատանք տեղական խմբերի և կազմակերպությունների մակարդակով, այլ ոչ թե անհատների
կամ ընտանիքների:
Համայնքի զարգացման մոտեցումը ենթադրում է համայնքի անդամների ակտիվ ներգրավում նրանում առկա հիմնախնդիրների լուծման և բարեկեցության հասնելու գործընթացում: Տվյալ մոտեցումը հիմնվում է այն փաստի վրա, որ համայնքում միշտ տեղի ունեն կոնֆլիկտներ տարբեր խմբերի միջև, սակայն այդ կոնֆլիկտները կարող են արդյունավետ լուծվել համատեղ վճիռների կայացման շնորհիվ: Համաձայնությունը ձեռք է բերվում վիճաբանությունների ճանապարհով և տարբեր խմբերի միջև փոխհարաբերությունների հաստատմամբ: Այդ մոտեցման էությունը կարելի է արտահայտել հետևյալ կերպ` «Միասին մենք կարող ենք որոշել` ինչ անել և ինչպես»:
Համայնքային զարգացման մոտեցումը միջազգայնորեն ճանաչված է: Այդ մեթոդները և մոտեցումները կիրառվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական և քաղաքական զարգացման նպատակով այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` ՄԱԿ-ը, ԱՀԿ, ՏՀԶԿ, Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհրդի և ԵՄ:
Համայնքային սոցիալական
պլանավորումը համայնքային բարեկեցություն կառուցելու գործընթաց է: Այն բնորոշվում է որպես «սոցիալական
առաջնահերթությունների տեղական, ժողովրդավարական համակարգ, որը
կառուցվում է փոխզիջման և քայլերի ձեռնարկման ուղիով: Այն աջակցում է համայնքային կարիքների լուծման ու շահերի պաշտպանության գործընթացին սոցիալական, մշակութային, տնտեսական և բնապահպանական հարցերում»:
Յուրաքանչյուր համայնք բախվում
է հրատապ լուծում պահանջող բազմաթիվ մարտահրավերների կամ հիմնախնդիրների,
որոնց կարգավորումը համայնքի զարգացման և առաջընթացի երաշխիքներից է: Արդյունավետ լուծումները գտնվում են համագործակցային մոտեցմամբ առաջնորդվելիս, որը ներառում է կազմակերպությունների և անհատների մի լայն շրջանակ, ինչը հնարավորություն է տալիս հասնել մարտահրավերների,
հիմնախնդիրների ավելի մեծ ըմբռնման, և կառուցել այնպիսի
հարաբերություններ, որոնք կարևոր են լուծումներ գտնելու
համար:
Սոցիալական պլանավորումը, այսպիսով, սովորաբար սահմանվում է որպես մի գործընթաց, որով խումբը կամ համայնքը որոշում է իր նպատակներն ու ռազմավարությունները այնպիսի
սոցիալական հարցերին առնչվող, ինչպիսիք են հասարակության կյանքի
որակի և կենսապայմանների ասպեկտները: Այն կենտրոնանում է սոցիալական բարիքների արդարացի բաշխման վրա: Սա գործունեություն չէ, որը սահմանափակվում է սոսկ կառավարության միջոցառումներով, այն ներառում է նաև մասնավոր հատվածի, հասարակական նախաձեռնությունների և այլ կազմակերպությունների
գործողությունները` միտված հատուկ սոցիալական նպատակներին:
Աղբյուրը՝
1 «Սոցիալական աշխատանքի մեթոդներ» ուղեցույց սոցիալական աշխատողների համար, Երևան, 2002
Пинкус А., Минахан А. Практика социальной работы. М., 1995
Комментариев нет:
Отправить комментарий