четверг, 5 ноября 2015 г.

ՏԱՐԲԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԵԿՏԵՂՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ



Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողների մասնագիտական օր, և այդ առիթով  հայ իրականության մեջ գործառնող, ինչպես նաև ուսանող սոցիալական աշխատողները այս տարի ևս անմասն չմնացին ամենատարբեր շնորհավորանքների արժանանալուց և այս յուրօրինակ օրը միասին անցկացնելու հնարավորությունից:
Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համատեղ, կազմակերպել էին  «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. բարեփոխումներին համընթաց» թեմայով գիտաժողով, որի նպատակն էր  սոցիալական աշխատանքի մասնագիտական հանրության ջանքերի համադրման միջոցով սահմանել Հայաստանում  սոցիալական աշխատանքի մասնագիտական որակավորման և պրակտիկ գործունեության չափորոշիչները՝ այդպիսով նպաստելով Հայաստանում սոցիալական ոլորտի արմատական բարեփոխումների ամրապնդմանը:
Գիտաժողովին ներկա էին նաև  «Սոցիալական աշխատող ուսանողների միություն» հասարակական կազմակերպության Խորհրդի անդամները, ովքեր իրենց շնորհավորանքն էին պատրաստել մասնագիտության յուրովի բանալին իրենց ձեռքում կրող ու սերունդներ կրթող այն մասնագետներին, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով արդեն երկար տարիներ հայ հասարակության մեջ կրթում, դաստիարակում ու պրակտիկ գործունեության մեծ դաշտ մտնելու են նախապատրաստում տասնյակ սերունդների:
ՀԿ-ի Հիմնադիր Խորհրդի նախաձեռնությամբ և իրականացմամբ՝ հետաքրքրիր լուծումներով ու սեփական պատկերացումներով արարված Շնորհավորագրեր ու մասնագիտության էականությունն ու յուրատիպությունն ընդգծող պաստառներ նվիրվեցին, մասնավորապես՝

ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետին՝ ի դեմս դեկան Ռուզաննա Պետրոսյանի, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի Սոցիալական աշխատանք մասնագիտության պրոֆեսորադասախոսական կազմին՝ ի դեմս ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանի,
և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետին՝ ի դեմս դեկան Արթուր Մկրտիչյանի, Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ի դեմս ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանի:

Վերջիններիս հետ զրույցում Խորհրդի անդամները, ովքեր այժմ ևս ուսանում են այս մասնագիտությունը, ընդգծեցին սոցիալական աշխատանքի արժեքն իրենց  նոր ձևավորվող մասնագիտական կյանքում և ոչ միայն, ու շնորհակալություն հայտնեցին, որ կրթական այս օջախները պարգևում են կոչմանը նվիրյալ անհատականություններ, որոնց շնորհիվ կրթվելու և աճելու ձգտողը ճանաչում է, թե ինչ է Սոցիալական Աշխատանքը, և թե ով է Սոցիալական Աշխատողը: 
Ուսանողները, ի պատասխան իրենց նախաձեռնության, արժանացան նույնքան ջերմ ու ոգևորիչ շնորհավորանքների, ինչպես նաև կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագա գործունեության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ ի նպաստ ապագա սերունդների կողմից այս մասնագիտության է՛լ ավելի լայն ճանաչման և հասարակության մեջ դրականին ծառայելու, բարիք արարելու համար:
Հ.Գ. Եվս մեկ անգամ՝ Շնորհավոր տոնդ, Սոցիալական Աշխատող, թող կյանքդ շարունակ լեցուն լինի այն գույներով, որոնցով ներկում ես դու Նրանց աշխարհը:

Комментариев нет:

Отправить комментарий