пятница, 27 февраля 2015 г.

ՄԻԱՎ վարակ. Աղբյուրը, փոխանցման ուղիները, ախտանիշները, կանխարգելումը և բուժումը





ՄԻԱՎ վարակակաիրները սկզբնական շրջանում վիրուսակրության տեսանելի նշաններ չունեն, սակայն վարակման պահից կարող են վիրուսը փոխանցել ուրիշներին:ՄԻԱՎ-ը (ВИЧ/HIV) հապավում է, որը նշանակում է Մարդու Իմունային Անբավարարության Վիրուս: Վիրուսն ախտահարում է մարդու օրգանիզմի տարբեր բջիջները, և հատկապես` իմունային պաշտպանական համակարգի բջիջները: ՄԻԱՎ վարակի հետևանքով խաթարվում է մարդու իմունային համակարգի գործունեությունը, թուլանում կամ վերանում է որևէ հիվանդության դեմ օրգանիզմի արդյունավետ պայքարի հնարավորությունը: Իմունային համակարգի հենց այդ ընկճված վիճակը կոչվում է իմունային անբավարարություն:
ՄԻԱՎ  վարակի վերջնային փուլը կոչվում է ՁԻԱՀ. (СПИД/ AIDS) Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշ: Սա հիվանդության որոշակի արտահայտությունների ամբողջությունն է:
ՄԻԱՎ վարակի աղբյուրը հիվանդ մարդիկ են` հիվանդության ցանկացած շրջանում: Նրանց մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար վտանգ են ներկայացնում արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները և կրծքի կաթը: ՄԻԱՎ վարակակրի մարմնի տարբեր խոռոչներում կուտակված հեղուկները, նաև թարախային և այլ արտազատուկները կարող են պարունակել արյան բջիջներ, ինչը հնարավոր է դարձնում վարակի փոխանցումը նաև դրանց միջոցով:
Վարակը կարող է փոխանցվել.
·         Սեռական ճանապարհով /սեռական չպաշտպանված հարաբերությունների ժամանակ, երբ զուգընկերներից մեկը վարակված է/,
·         Արյան ճանապարհով /օրինակ չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական այլ պարագաներ օգտագործելիս, վարակված դոնորական արյան փոխներարկման միջոցով և այլն/,
·         ՄԻԱՎ վարակակիր մորից պտղին/երեխային (հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս):
ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով: Հետևաբար, հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակակրի հետ կենցաղային շփումների` ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների և ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, լողավազանից, սանհանգույցից օգտվելու ժամանակ: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակի կամ այլ խայթող միջատների միջոցով, քանի որ կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ, և շատ արագ քայքայվում է միջատների ստամոքսում:
Հազվադեպ դեպքերում վարակը կարող է փոխանցվել, եթե վարակված արյունը ընկնի աչքի լորձաթաղանթի կամ բաց վերքի վրա:
Վարակի զարգացման տարբեր փուլերում կարող են առկա լինել տարբեր ախտանիշներ: Ախտանիշներից են տենդը, քաշի անկումը, հոդացավերը, մկանային ցավերը, գլխացավերը, կարող են զարգանալ անգինա, բակտերիալ թոքաբորբ և այլն, որոնք որպես կանոն թույլ արտահայտված են լինում և հեշտությամբ բուժվում են: Ինչպես նաև կարող են նկատվել ավշային հանգույցների մեծացում, ինչպես նաև իմունային անբավարարության զարգացման արդյունքում երկրորդային (օպորտունիստական) հիվանդություններ են ի հայտ գալիս: Եվ պետք է հիշել, որ մահաբեր վախճանների մեծամասնությունը պայմանավորված է հենց օպորտունիստական վարակներով:
Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է պարզել միայն լաբորատոր հետազոտության միջոցով, որը վարակը հայտնաբերելու հնարավորություն է տալիս նախքան հիվանդության ախտանիշների ի հայտ գալը:
ՄԻԱՎ վարակակիրների բուժումը բավականին բարդ խնդիր է: Ներկայումս գոյություն ունի հակառետրովիրուսային բուժում, որը հակառետրովիրուսային դեղամիջոցների միջոցով կասեցնում, դանդաղեցնում է մարդու օրգանիզմում ՄԻԱՎ-ի զարգացումը, հնարավորություն է տալիս երկարացնել ՄԻԱՎ վարակակրի կյանքը, հետաձգել ՄԻԱՎ վարակի վերջին փուլի զարգացումը և բարելավել կյանքի որակը: Համակցված բուժման նպատակով օգտագործվում են երեք կամ ավելի դեղամիջոցներ, ինչից ելնելով այս բուժումն անվանում են եռաթերապիա կամ բարձր ինտենսիվության բուժում (ԲԻԲ): Բուժման արդյունավետությունը կախված է դրա ժամանակին սկսելուց, դեղորայքի ճիշտ ընտրությունից, ինչպես նաև դեղամիջոցների ընդունման ռեժիմը պահպանելուց ու առողջ ապրելակերպի կանոններին հետևելուց:
Երբ ՄԻԱՎ-ի <<հարվածից>> խուսափելն արդեն հնարավոր չէ, խնդրի հաղթահարման միակ ուղին կանխարգելումն է: Այն պետք է իր մեջ ներառի բազմաթիվ մասնագետների համախմբված ուժեր, որոնք պետք է հենվեն սոցիալական միջամտության ռազմավարության վրա, ռազմավարություն, որը կբերի հասարակությունում մարդկանց մոտ գիտակից, առողջ, պատասխանատու և դրա հետ մեկտեղ երկարատև բնույթ ունեցող վարքագծի ձևավորմանը: Կանխարգելիչ միջոցառումները պետք է ընդգրկեն պետական, ոչ պետական և մասնավոր ոլորտները: Առանձնահատուկ և պատասխանատու առաքելություն են ստանձնում այս գործում սոցիալական աշխատողները, որոնք պետք է զինված լինեն ՄԻԱՎ վարակի առաջացման, զարգացման, տարածման ուղիների, կանխարգելիչ և խնամք իրականացնող ծրագրերի ու սկզբունքների մասին հիմնարար գիտելիքներով:


Մ

Ձ
Ի
Ա
Հ

Ա


Վ
Առանձնացնում են առաջնային, երկրորդային և երրորդային կանխարգելման ձևերը:
Առաջնային կանխարգելում ասելով հասկանում ենք այն միջոցառումների ամբողջությունը, երբ տարբեր ծրագրերի շրջանակներում հասարակության լայն զանգվածներին տեղեկություններ են տրամադրում ՄԻԱՎ վարակի, տարածման ուղիների, ռիսկային գործոնների, վարքագծային առանձնահատկությունների մասին և այլն: Այս դեպքում տեղեկատվություն ստացողների մոտ հիվանդությունն առկա չէ և փորձ է արվում կանխել դրա առաջացումը:
Երկրորդային կանխարգելման ժամանակ մարդը կարող է հիվանդության հավանական կրող լինել: Այս տիպի կանխարգելումը նպատակահարմար է իրականացնել այն խմբերի շրջանակներում, որոնք դրսևորել կամ դրսևորում են <<ռիսկային>> վարքագիծ:
Երրորդային կանխարգելումը սկսվում է այն ժամանակ, երբ հիվանդության առկայությունն արդեն ակնհայտ է, և ամեն ջանք գործադրվում է հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար:
Առաջնային և երկրորդային կանխարգելման ժամանակ առանձնահատուկ տեղ պետք է տրվի այնպիսի սոցիալական տեխնոլոգիաներին, ինչպիսիք են.
·         Սոցիալական մարկեթինգը,
·         Տեղեկատվական-կրթական գործունեությունը,
·         Պարբերական սքրինինգն ու մոնիթորինգը և այլն:
Սոցիալական տեխնոլոգիաների իրականացման ժամանակ անփոխարինելի դեր են խաղում սոցիալական աշխատողները, որոնք հատուկ պատրաստվածություն անցնելով այս ոլորտում, իրենց առանձնահատուկ գործառույթներն ու խնդիրներն են իրականացնում բազմամասնագիտական թիմի շրջանակներում: Կանխարգելման գործում սոցիալական աշխատողների խնդիրներից են.
·         Հասարակությունում ՄԻԱՎ վարակի խնդրում ռիսկային վարքագիծ դրսևորող անձանց, խմբերի բացահայտում:
·         ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական և քարոզչական աշխատանքների իրականացում, որոնք ուղղված կլինեն առավել պատասխանատու և գիտակից վարքագծի ձևավորմանը:
·         Երիտասարդների շրջանում այնպիսի կրթական ծրագրերի իրականացում, որոնք ուղղված կլինեն սեփական առողջության հարցում ինքնապահպանության վարքագծի և վալեոլոգիական հմտությունների ձեռք բերմանը:
·         ՄԻԱՎ-ի կանխարգելման գործունեություն ծավալող պետական և ոչ պետական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցում և պոտենցիալ ռիսկային խմբերի վարքային առանձնահատկությունների մասին տարբեր մասնագետներին տեղեկատվության տրամադրում:
·         Ռիսկային վարագիծ դրսևորող խմբերում, ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով միջոցների` ախտազերծող նյութերի, ներարկիչների, պահպանակների, տրամադրում:
·         ՄԻԱՎ-ի խնդրում ակնհայտ ռիսկային վարքագիծ դրսևորող խմբերի շրջանակներում անվտանգ սեռական վարքագծի, թմրամիջոցների առավել անվտանգ օգտագործման հարցերի, սեռավարակների, ասեղների, ներարկիչների, պահպանակների ձեռք բերման վայրերի և այլնի մասին տեղեկատվության տրամադրում:
·         Աջակցում <<Հավասարը հավասարին>> մեթոդի իրականացմանն ու զարգացմանը:
·         ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց սոցիալ-հոգեբանական խորհրդատվության ապահովում:
·         ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հակառետրովիրուսային բուժման մասին տեղեկատվության և բուժման մատչելիության ապահովում:
·         ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանություն:
·         ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների համար ինքնօգնության և փոխօգնության ծրագրերի կազմակերպում և իրականացում:
·         ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի ապահովում:
ՀՀ-ում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Ելնելով այն հանգամանքից, որ այսօր Հայաստանում իրականացվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, կարող ենք փաստել, որ մեզանում արդեն իսկ առկա է հիմնախնդրի արդիականության որոշակի գիտակցում:

Աղբյուրը` Ս. Ջուհարյան, <<Վալելոլոգիական վարքագիծ և ՄԻԱՎ վարակ>>, Երևան, 2005թ.
chrome-extension://oemmndcbldboiebfnladdacbdfmadadm/http://arvt.ru/sites/default/files/HIV_Medicine_2011_HoffmannRocktroh_RUS.pdf

Комментариев нет:

Отправить комментарий