четверг, 12 февраля 2015 г.

ԷԹԻԿԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ




Սոցիալական աշխատողն աշխատանքի ընթացքում հաճախ հանդիպում է երկընտրանքային իրավիճակների:Օրինակ՝ծանր հիվանդությամբ տառապող մարդը սոցիալական սոցիալական աշխատողի հետ զրուցելիս հերթական հանդիպման ժամանակ տեղյակ է պահում,որ էլ չի ցանկանում ապրել և որոշել է վերջ տալ իր կյանքին,քանի որ հիվանդությունն անբուժելի է:Նա ուզում է հրաժեշտ տալ ու իր շնորհակալությունը հայտնել իրեն ցուցաբերված օգնության համար և խնդրում է իր ծրագրերի մասին ոչ մեկին տեղյակ չպահել:
Այս դեպքում սոցիալական աշխատողը մի կողմից բախվում է մարդու կյանքի պաշտպանության և նրան սպառնացող վտանգի մասին նախազգուշացնելու պարտականությունների հետ,իսկ մյուս կողմից՝տեղեկատվության գաղտնիության պահպանման նորմի հետ:Այս իրավիճակներն անվանում են էթիկական երկընտրանքի կամ դիլեմայի իրավիճակ:
Խնդրահարույց ոլորտները և էթիկական դիլեմաները ոչ միշտ են ընդհանուր բոլոր երկրների համար՝կապված մշակութային և պետական ղեկավարման տարբերության հետ:Յուրաքանչյուր ազգային ասոցացիա պետք է խրախուսի քննարկումները,որոնք նպատակ ունեն պարզբանել տվյալ երկրի համար բնութագրական կարևոր հարցեր և խնդիրներ:Այնուամենայնիվ,կարելի է առանձնացնել էթիական դիլեմաների մի խումբ,որոնք վաղ թե ուշ առաջանում են սոցիալական աշխատանքի պրակտիկայում ցանկացած հասարակությունում,և որոնց հաղթահարումը հնարավոր է պատասխանատվության բարձր մակարդակի առկայության դեպքում:

Տեղեկատվության գաղտնիության ապահովման և որոշ դեպքերում այդ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության բախում.սոցիալական աշխատողը պարտավոր է գաղտնի պահել իրեն տրված տեղեկատվությունը,սակայն ինչպես արդեն նշվեց,խորհրդառուի կողմից տրված մասնավոր ինֆորմացիան կարող է երրորդ անձի,կամ հենց խորհրդառուի համար վտանգի նշաններ պարունակել:Այս դեպքում սոցիալական աշխատողը կարող է և պարտավոր է դիմել իր մասնագիտական կազմակերպությանը՝խորհուրդ ստանալու երկընտրանքի լուծման վերաբերյալ:
  • Սոցիալական աշխատողի պատերնալիզմի և խորհրդառուի ինքնորոշման իրավունքների բախում. հաճախ սոցիալական աշխատողը՝փորձելով պաշտպանել խորհրդառուին,կարող է նրա վրա ճնշում գործադրել:Դա կարող է տեղի ունենալ,օրինակ,թմրամոլ խորհրդառուի ինքնաքայքայման գործողությունները կանխելու ցանկությունից ելնելով և այլն:Սակայն այստեղ խախտվում է սոցիալական աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկը՝խորհրդառուի ինքնորոշման և ինքնուրույնության սկզբունքները:Սոցիալական աշխատանքի մասնագետների մեծ մասը համարում է,որ այս դեպքում սոցիալական աշխատողը պետք է խորհրդառուին ստիպի առաջին հերթին գիտակցել իրավիճակը և դիմել պարտադրության միայն օրենքով սահմանված դեպքերում,օրինակ՝ պարտադիր բուժում կազմակերպելու անհրաժեշտության և այլ դեպքերում:
  • Ճշմարտության խնդիրը. իր վիճակի և հնարավորությունների մասին ճշմարտացի լրատվություն ստանալը հանդիսանում է խորհրդառուի կարևորագույն իրավունքը,սակայն որոշ սոցիալական աշխատողների կարծիքով առանձին դեպքերում ճշմարտությունը կարող է վնաս հասցնել խորհրդառուին,օրինակ,երբ խոսքը գնում է երեխային կամ ծանր հիվանդին ցավալի լուր հաղորդելու մասին:Այս առումով սոցիալական աշխատողների մեծամասնությունը հանգում է այն մտքին,որ ճշմարտությունը պետք է ասվի,սակայն դրա մատուցման ջևը պետք է առավելագույնս նվազեցնի խորհրդառուի համար անցանկալի և վտանգավոր հետևանքները:
  • Օրենքի գերակայության և խորհրդառուի շահերի պաշտպանության սկզբունքների բախում. Այս երկընտրանքի լուծումը սոցիալական աշխատանքի լրջագույն հիմնախնդիրներից մեկն է:Սոցիալական աշխատողների մեծ մասի կարծիքով օրենքները.պետական քաղաքակությունը և կառավարական որոշումները կարող են վնաս հասցնել խորհրդառուին և չհամապատասխանել նրա իրավունքներին,այս պատճառով նրանք առաջարկում են չհետևել օրենքին:Այս մոտեցումը միանշանակ մերժվում է սոցիալական աշխատողների հանրության կողմից,սակայն առաջարկվում է կատարել գործողություններ,որոնք թույլ կտան պաշտպանել խորհրդառուի շահերը,օրինակ՝դիմել իրավապաշտպան կազմակերպություններին կամ,եթե հիմնախնդիրը ունի մեծ տարածում,առաջարկել և կազմակերպել օրենսդրական փոփոխությունների իրականացում:
  • Սահմանափակ միջոցների բաշխման խնդիրը մշտապես առկա է սոցիալական աշխատանքում և կարող է լուծվել՝ելնելով,մի կողմից,հավասարության,և,մյուս կողմից,կարիքավորության տեսակետից:Սոցիալական աշխատողների մեծամասնությունը համարում է,որ իրավունքների իրականացման դեպքում պետք է գործի հավասարության սկզբունքը,,օրինակ՝բոլորին պետք է աշխատանք ունենալու իրավունքի իրականացման հավասար հնարավորութփյուն տրվի՝անկախ սեռից,տարիքից և ազգությունից,իսկ դրամական կամ իրային միջոցների բաժանման ժամանակ՝իրականացվի կարիքավորությասն սկզբունքը,այսինքն օգնությունը տրվի նրան,ով առավելապես ունի դրա կարիքը:Այստեղ առաջանում է այլ խնդիր՝ինչպես գնահատել կարիքները,և այս խնդիրը գտնվում է սոցիալական գիտնականների ուշադրության կենտրունում:Վերջին տարիներին կարիքավորության չափման տեխնոլոգիաները մեծ դեր ունեն սոցիալական քաղաքականության ծրագրերի ստեղծման մեջ և այստեղ կա լուրջ առաջընթաց:
  • Անձնական և մասնագիտական արժեքների բախման խնդիրը.Այս խնդրի լուծումը մեծ վեճեր է առաջացնում,քանի որ կապված է սոցիալական աշխատողի անձնական ընտրության հետ:Սոցիալական աշխատողը կարող է տվյալ խնդրին բախվել այլ երկտնրանքային խնդիրների ընթացքում,օրինակ՝երբ կրոնական նկատառումներից ելնելով անհատը թույլ չի տալիս իրեն արյան ներարկում կատարել:Այստեղ արդի բժշկական գիտության հանդեպ սոցիալական աշխատողի վստահությունը բախվում է անհատի կյանքը փրկելու ցանկության և խորհրդառուի ինքնորոշումը հարգելու մասնագիտական սկզբունքի հետ:Այս տիպի խնդիրների լուծումը սոցիալական աշխատողից պահանջում է խիստ կշռադատված մոտեցում:Որոշում ընդունելուց առաջ նա պետք է դիտարկի բոլոր փաստարկները և հիշի,որ նման հիմնախնդիրներն ընդհանուր լուծում հազվադեպ են ունենում և պահանջում են անհատական մոտեցում:
Նմանատիպ դժվարություններից խուսափելու համար օգտակար է սոցիալական աշխատողների պարտականությունների հիերարխիան,որը մշակվել է ամերիկյան սոցիալական աշխատողներ Լովենբերգի և Դոլգոֆի կողմից:
  1. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը երաշխավորում է անհատի կամ հասարակության ապրելու պահանջմունքը:Մարդու կյանքի պաշտպանությունը գերագույն առաջնայնություն ունի սոցիալական աշխատողի մյուս բոլոր պարտականությունների նկատմամբ:
  2. Սոցիալական աշխատողի կայացրած որոշումը պետք է նպաստի անհատի անկախությանը և անձի զարգացմանը:
  3. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը նպաստում է բոլոր մարդկանց մեկնարկային հավասար հնարավորությունների և բարիքների մատչելիության սկզբունքների իրագործմանը:
  4. Սոցիալական աշխատողի կողմից կայացրած որոշումը պետք է նպաստի մարդու կյանքի որակի բարձրացմանը:
  5. Սոցիալական աշխատողի կայացրած որոշումը պետք է նպաստի խորհրդառուի կողմից տրամադրած ինֆորմացիային գաղտնիության պահպանմանը:
  6. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը հնարավորություն է տալիս իրեն լինել անկեղծ և բացահայտել ու պարզաբանել խորհրդառուի հիմնախնդրին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:
  7. Սոցիալական աշխատողը պետք է այնպիսի որոշում կայացնի,որը համապատասխանում է իր կողմից կամավոր ընդունված կանոններին և սկզբունքների պահպանմանը:
Այս և այլ էթիկական խնդիրները սոցիալական աշխատանքում շարունակ պահանջոււմ են լուծման միջոցների վերարտադրություն:Փիլիսոփայության պատմության,էթիկայի և կրոնի տեսական պլանում հարյուրամյակների ընթացքում առաջարկվել են բազմաթիվ տեսություններ և գաղափարներ,որոնք վերաբերում են բարոյական հակասություններին:Դրանցից շատերը կարող են էթիկական խնդիրների համար լուծման հիմք հանդիսանալ նաև սոցիալական աշխաըանքում,թեև վերջինս ունի իր յուրահատկությունը ոչ միայն մասնագիտության,ժամանակահատվածի,այլ նաև յուրաքանչյուր երկրի համար,որում ծավալվում է:

Աղբյուրը՝
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոն
ՀՀ Սոցիալական ապահովության նախարարություն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ուղեցույց սոցիալական աշխատողների համար

Комментариев нет:

Отправить комментарий