Դասական առումով անչափահասների արդարադատություն ասելով` հասկանում են անչափահաս իրավախախտ, նրան պատասխանատվության ենթարկելու ողջ գործընթացը, ընդհուպ ներգործության համապատասխան միջոցների կիրառումը (պատիժ, դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ և այլն):
19-րդ դարի վերջին մեծ մասշտաբների հասած էմիգրացիայի և աղքատության հետևանքով մեծ թվով երեխաներ զրկվեցին ընտանիքի և համայնքի աջակցությունից, ինչի պատճառով էլ նրանք հաճախ դիմում էին գողության և մուրացկանության՝ գոյությունը պահպանելու նպատակով: Հենց այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում ձևավորվեցին անչափահասների դատարանները /Աշխարհում անչափահասների առաջին դատարանն ստեղծվել է
1899թ. ԱՄՆ Իլինոյսի նահանգում/: Նրանք շատ դաժանորեն
պատժվում էին կատարած հանցագործությունների համար:
Այնուհետև սկսվեց բարեփոումների շրջան, որը կոչվեց
<<երեխայախնա>>:
Այդ բարեփոխումների արդյունքում անչափահասների արդարադատության համակարգը հիմք ընդունեց, որ քրեական վարքը կենսաբանական հիմքեր չունի, այլ հանդիսանում է սոցիալական և ընտանեկան բացասական միջավայրի արդյունք, որը կարող է փոխվել միայն վերականգնման արդյունքում: Եթե դիտարկվում է այդ տեսանկյունից երևույթը, ապա սոցիալական աշխատողի միջամտությունը նախ և առաջ պետք է ուղղվի՝ բացահայտելու շեղվող վարքի դրսևորմանը նպաստող միջավայրային գործոնները: Այս դեպքում, որպես գործոն, հիմնականում հանդիսանում են աղքատությունը և սոցիալականացման խնդիրները, և հետևաբար սոցիալական աշխատողի գործունեությունը ներառում է ինչպես երեխայի, այնպես էլ նրա սոցիալական միջավայրի հետ աշխատանք:
Հանցագործություններն անչափահասների շրջանում ստիպում են փնտրել կանխարգելման և միջամտության արդյունավետ ուղիներ: Ժամանակակից պայմաններում ձևավորվում է օրենսդրության նոր ճյուղ ՝ անչափահասների իրավունք, որը կարգավորում է անչափահասների իրավունքները և ազատությունները կենսագործունեության տարբեր ոլորտներում, նշում նրանց պատասխանատվության աստիճանը կատարած հանցագործությունների համար: Անչափահասների արդարադատության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է ոչ միայն մասնագիտացված դատարանը, այլև սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներառումը հասարակություն:
<<Անչափահասների գործերով արդարադատություն>> եզրույթը Հայաստանում շրջանառության մեջ դրվեց այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը միացավ երեխայի իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերի: Դրանք են.
·
ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, 1989թ.,
·
Անչափահասների արդարադատության կառավարման ՄԱԿ-ի ստանդարտ նվազագույն կանոնները, 1985թ. (Պեկինի
կանոններ)
·
Ազատազրկված անչափահասների պաշտպանության ՄԱԿ-ի կանոնները, 1990թ.
·
Անչափահասների իրավախախտումների կանխարգելման ՄԱԿ-ի ուղենիշները,
1990թ. (Ռիադի ուղենիշներ):
Մեր
հանրապետությունում չկան անչափահասների գործերը քննող մասնագիտացված դատարաններ:
Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների քննարկումները
վկայում են, որ առայժմ Հայաստանում անչափահասների գծով մասնագիտացված դատարանների
ստեղծումը նպատակահարմար չէ, քանի որ հանցագործություն կատարած անչափահասների թիվը
այնքան մեծ չէ, որ ստեղծվեն մասնագիտացված առանձին դատարաններ:
Սոցիալական աշխատողն անչափահասների արդարադատության համակարգում լուծում է կարևորագույն խնդիր, այն է՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասի սոցիալհոգեբանական զարգացման ապահովումը և վարքի շտկումը: Սոցիալական աշխատանքի զարգացած ինստիտուտ ունեցող շատ երկրներում անչափահասների արդարադատության համակարգում սոցիալական աշխատողների կարգավիճակը հստակ սահմանված է օրենքով: Սոցիալական աշխատողը հավաքում է տեղեկատվություն անչափահասի, նրա ընտանիքի վերաբերյալ, բացահայտում է պատճառները և պայմանները, որոնք դրդել են հակաօրինական վարքի: Յուրաքանչյուր մասնագետ ստեղծում է համագործակցության ցանց՝ կազմված այն կառույցներից և անհատներից, ովքեր շահագրգռված են տվյալ դեպքով: Փաստորեն, սոցիալական աշխատողն աջակցում է դատարանին բացահայտելու անչափահասի անձնային առանձնահատկությունները, հակաօրինական վարք դրսևորելու դրդապատճառները, որն էլ թույլ է տալիս սահմանելու անչափահասի ուղղման առավել արդյունավետ ուղիները: Սոցիալական աշխատողի կարևորագույն նպատակն է կազմակերպել անչափահասի վերականգնման գործընթացը դեռևս քննչական փուլում, քանի որ անչափահասների իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է համարվում սոցիալական ադապտացիայի, ընտանիքում կոնֆլիկտների հաղթահարման գործընթացների կազմակերպումը: Այդ իսկ պատճառով օգնող հարաբերությունների հաստատումը հանդիսանում է սոցիալական աշխատանքի կարևոր գործառույթներից մեկը: Կարևոր են նաև սոցիալական աշխատողի և քննչական մարմինների միջև համագործակցությունը, ինչպես նաև դեռևս նախաքննության փուլում տարվող աշխատանքները: Անչափահասի իրավունքների պաշտպանությունը սոցիալական աշխատողի կողմից դեռևս նախաքննության փուլում դրական կանդրադառնա ողջ գործընթացի վրա:
Սոցիալական աշխատանքի վերականգնողական մոտեցումներն անչափահասների արդարադատության համակարգում տարբերվում են՝ կախված այն կառույցից, որում աշխատում է մասնագետը: Բոլոր այս կառույցներում սոցիալական աշխատանքը հիմնվում է առանձնահատուկ մոտեցումների վրա:
Ըստ այդմ ՝ կանխարգելման և միջամտության ծառայությունները կարող են լինել .
- դատարանում իրականացվող վերականգնողական սոցիալական աշխատանք,
- ոստիկանությունում հաշվառված և համայնքային վերականգնողական կենտրոն ուղղորդված անչափահասների հետ սոցիալական աշխատանք,
- քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերականգնողական աշխատանք:
Դատարանում ներգրավված սոցիալական աշխատողը պատասխանատու է ուղղակիորեն աշխատելու այն երեխաների և երիտասարդների հետ, ովքեր անցնում են դատական գործընթացով՝ որպես մեղադրյալներ, զոհեր, վկաներ:
Երբ անչափահասը հանդես է գալիս որպես մեղադրյալ, սոցիալական աշխատողի կարևորագույն դերն է այստեղ հանդես գալ նախադատարանային <<սոցիալական>> զեկույցով, որտեղ մանրամասնորեն կբացահայտի և կհիմնավորի անչափահասների կողմից գործած հանցանքի պատճառները, ինչպես նաև հանդես կգա առաջարկություններով՝ պատժի և վերականգնման վերաբերյալ: Սոցիալական տեղեկատվության զեկույցների օգտագործումը դատավճիռը կայացնելու գործընթացում հնարավորություն է տալիս դեպքի քննարկման ժամանակ հաշվի առնել բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հաստատում են անհատի մեղավորությունը կամ անմեղությունը: Զեկույցների կազմումն այդ գործընթացի կարևոր մասն է հանդիսանում: Քանի որ համակարգը կարող է տարբերություն դնել պատժվող անհատների միջև, արդարացնել տարբեր դատավճիռները, հետևաբար զեկույցները հզոր միջոցներ կլինեն:
Հատկանշական է այն փաստը, որ դատարանում աշխատող սոցիալական աշխատողը հանդիսանում է չեզոք կողմ, այսինքն՝ նրա գործողությունները բխում են երեխայի իրական շահերից, և դրանք պետք է լինեն պատճառաբանված ու հիմնավորված:
Դատարանում աշխատող սոցիալական աշխատողի աշխատանքը իրականացվում է 2 հիմնական ուղղություններով: Դրանք են՝
- երեխաների և ընտանիքների հետ աշխատանք,
- աշխատանք սոցիալական ցանցի հետ:
Երեխաների և ընտանիքների հետ աշխատանք: Դատական համակարգում ներգրավված սոցիալական աշխատողներն իրականացնում են սոցիալական դեպքի վարում, որի ընթացքում սոցիալական աշխատողը ստանձնում է ողջ պատասխանատվությունը:
Սոցիալական աշխատողից պահանջվում է.
_ աշխատել երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների հետ՝ նրանց կարիքների ամբողջական գնահատման նպատակով, մասնավորապես պարզել հանցագործության իրականացման պատճառները,
_ մշակել անհատական վերականգնման պլան յուրաքանչյուր երեխայի համար՝ երեխայի և նրա ընտանիքի հետ խորհրդատվությունների արդյունքում,
_ իրականացնել անհատական ծրագրեր՝ նախաձեռնելով միջամտությունների մի ամբողջ շարք, որը կարող է ընդգրկել սոցիալական դեպքերի հետ անհատական աշխատանք, ընտանեկան աշխատանք, ինչպես նաև հանդես գալ համապատասխան առաջարկություններով երեխայի պատժի իրականացման վերաբերյալ:
Աշխատանք սոցիալական ցանցի հետ: Սոցիալական ցանցի հետ աշխատանքը ենթադրում է.
_ հանդիպումներ և քննարկումներ սոցիալական ցանցի անդամների հետ երեխայի հետագա սոցիալական վերականգնման գործընթացի իրականացման ընթացքի վերաբերյալ,
_ աշխատանք և համագործակցություն տվյալ սոցիալական դեպքի հետ առնչվող բոլոր գործակալությունների և շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ևս կստանձնեն պարտավորություններ՝ երեխայի սոցիալական վերականգնումն իրականացնելու գործընթացում:
Այսպիսով՝ դատարանում սոցիալական աշխատողը.
- իրականացնում է մեղադրյալի քրեական գործի բազմակողմանի ուսուսմնասիրություն, որն ընդգրկում է նաև մեղադրյալի սոցիալհոգեբանական և հոգեհուզական առանձնահատկությունների ուսումնասիրությունը՝ ներգրավելով նաև հարակից անհրաժեշտ մասնագետների ( ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորը ներկայացնող ),
- նախնական հետաքննության և դատաքննության ժամանակ մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում կազմակերպում է իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն,
- տեղեկացնում է դատավորին մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի խախտման մասին՝ դրանց կանխման նպատակով,
- մեղադրյալի համար կազմում է հասցեական վերականգնողական ծրագիր և կազմակերպում դրա իրականացումը,
- նյութեր է պատրաստում և անցկացնում հաշտեցման գործընթացը,
- կազմակերպում է մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատանք,
- մեղադրյալի սոցիալհոգեբանական վիճակի մասին իրականացված հետազոտության արդյունքների մասին վերլուծական զեկույցներ է պատրաստում՝ դատավորին ներկայացնելու համար,
- կազմում և ներկայացնում է առաջարկներ, որոնք վերաբերում են մեղադրյալին անհրաժեշտ սոցիալական վերականգնողական օգնության կազմակերպմանը,
- կազմում է իրականացված աշխատանքի մասին հաշվետվություն և ներկայացնում այն դատարան:
Սոցիալական աշխատողը դատարանում գտնվում է դատավորի անմիջական շփման մեջ: Սոցիալական աշխատողը դատարանում իրավունք ունի.
- դիմել դատավորին ցանկացած հարցով, ինչը վերաբերում է մեղադրյալի իրավունքներին և շահերին,
- ծանոթանալ բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են մեղադրյալին,
- հանդիպել մեղադրյալի հետ անհատական սոցիալական աշխատանքի իրականացման համար,
- իր աշխատանքի մեջ ներգրավել մասնագետներին, ովքեր ունեն մեղադրյալի հետ աշխատանքի փորձ,
- մասնակցել խորհրդակցություններին, գիտական և գործնական գիտաժողովներին, <<կլոր սեղանների>> նիստերին, որոնք վերաբերում են մեղադրյալի իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին:
Աղբյուրը՝
Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա, ձեռնարկ, Երևան, 2013թ.
Երեխաների
պաշտպանություն, ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 2009թ.
Комментариев нет:
Отправить комментарий