понедельник, 8 апреля 2019 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԷԹԻԿԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»․ Կարինե Հովհաննիսյան




Ցանկացած մասնագիտության զարգացման համար էթիկական հիմնախնդիրները մեծ նշանակություն ունեն, հատկապես այն դեպքում, երբ մասնագետն անմիջականորեն շփվում և աշխատում է մարդկանց հետ: Մարդու մասնագիտական գործունեությունը հանդիսանում է հասարակական կյանքի անբաժանելի մասը, այդ պատճառով այն պետք է համապատասխանի հասարակության նորմերին և արժեքներին, նրա անդամների պահանջմունքներին և շահերին:
Սոցիալական աշխատողի էթիկան բնութագրում է  մասնագետի էթիկական արժեքները, սկզբունքները և կանոնները, համապատասխան մասնագիտական գործունեության նորմերը, որոնց նպատակն է  ապահովել բարոյական փոխհարաբերություններ միջանձնային հարթակում՝ ելնելով  մասնագիտական գործունեության և իրավասության պահանջներից [1]:
Էթիկայի միջազգային կոդեքսը մասնագետ  սոցիալական աշխատողների համար
ընդունվել է Սոցիլական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից
1976թ.-ին:
էթիկական հմթությունները և կանոնները սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության և  պրոֆեսիոնալիզմի կարևոր բաղադրիչ մասն է կազմում՝ նպաստելով վերջինիս կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Դրանք նկարագրում են այն հիմնական մասնագիտական վարքագիծն ու սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետների կողմից:
Սույն հոդվածի  հիմնական նպատակն է նկարագրել սոցիալական աշխատողի էթիկական երկընտրանքների և բախումների առաջացման դրդապատճառները և հակասությունները գործնական հարթությունում, դրանց լուծման ուղիները և մասնագիտական մոտեցումները:
Սոցիալական աշխատանքում էթիկական հիմնախնդիրներն ավելի արդիական դարձան այն ժամանակ, երբ այն մեծ տարածում ստացավ ` նշանակալից տեղ զբաղեցնելով կրթական համակարգում:
Ներառական կրթությունը մասնակցային գործընթաց է, որի ընթացքում կարևոր դեր է խաղում սոցիալական աշխատողի հետ համագործակցությունը:
Մասնագիտական գործունեության ընթացքում սոցիալական աշխատողը իր պաշտոնային պարտականությունները իրականացնելուց բացի հաղորդակցվում է նաև գործընկերների, աշակերտների և նրանց ծնողների հետ: Ամենօրյա համագործակցության դեպքում հազիվ թե հնարավոր լինի անցնել առանց կոնֆլիկտային իրավիճակների: Հաղթահարելով լարված պահերը, հեշտ է հասնել դրական արդյունքների, բարելավել փոխհարաբերությունները, գալ ընդհանուր հայտարարի: Բայց այն, թե ինչ կլինի կոնֆլիկտային իրավիճակից հետո, կախված է սոցիալական աշխատողի հետագա քայլերից:
Ներառական կրթության ոլորտում սոցիալական աշխատողը պատասխանատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների, նրանց  ծնողների և առարկայական ուսուցիչների հետ արդյունավետ համագործակցային հարաբերությունների ստեղծման համար: Դպրոցական սոցիալական աշխատող-ուսուցիչ կապն էական փոփոխություն է կրել սկսած այն ժամանակից, երբ սոցիալական աշխատողն իրականում այցելող ուսուցիչ էր: Այնուհետև անցնելով լինելիության տարբեր փուլերով, դպրոցական սոցիալական աշխատողներն այսօր եկել են այն փիլիսոփայությանը, որը տարաբաժանում է դպրոցական սոցիալական աշխատողներին և ուսուցիչներին` որպես տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք ընդհանուր հետաքրքրություն ունեն և աշխատում են միասին:

1.    Ж.В. Бойко   Этические основы социальной работы. Хабаровск, 2012 //Издательство ДВГУПС 680021, С. 11
Սոցիալական աշխատողի էթիկական բախումները և երկընտրանքները առաջանում են հետևյալ հարթությունում
·         Դպրոցի ղեկավարություն և ուսուցիչներ
·         Ծնող և համայնք
·         Մասնագիտական երկընտրանքներ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՇԽԱՏՈՂԻ  ԷԹԻԿԱԿԱՆ  ԲԱԽՈՒՄՆԵՐԸ  ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Ներառական կրթության ոլորտում սոցիալական աշխատողի աշխատանքի արդյունավետությունը կախված է ուսուցիչների հետ աշխատելու ձևերից: Որոշ ուսուցիչներ խուսափում են իրենց լսարանային գրառումները դարձնել քննարկման առարկա: Դրանում նրանք տեսնում են իրենց պրոֆեսիոնալիզմի քննադատության վտանգ: Հետևաբար սոցիալական աշխատողի ամենօրյա հմուտ աշխատանքը և նրբանկատ վերաբերմունքը կարող են հարուցել ուսուցիչների վստահությունը : Ոչ մի ղեկավար կամ ուսուցիչ չի ցանկանա դպրոցում տեսնել սոցիալական աշխատողի, որը պետք է սովորեցնի, թե ինչպես պետք է դասավանդել:
Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններում են գտնվումսոցիալական աշխատողը չի կարող ստիպել ուսուցչին (բարեյապես կամ հոգեբանորեն կամ ֆիզիկապես) հետևել իր մասնագիտական տրամաբանությանը [2] :
Հետազոտության ընթացքում բացահայտված ևս մեկ խնդիրը առարկայական ուսուցիչների որոշ մասի մոտ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ և կարծրատիպային վերաբերմունքի առկայությունն է: Հարկ ենք համարում նշել, որ խնդիրը երկու կողմ ունի: Աշակերտների 70%-ի պնդմամբ ուսուցիչները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին վերաբերում են այնպես, ինչպես մյուսներին: Սակայն, սոցիալական աշխատողի հետ անհատական հարցազրույցներում պարբերաբար քննարկվում էր այն խնդիրը, որ որոշ դեպքերում առարկայական ուսուցիչները ԿԱՊԿՈՒ երեխաներին ընկալում են որպես անընդունակ, հիվանդ երեխաների, որոնց հետ անիմաստ է ժամանակ ծախսել:

2.     Кодекс этики социального педагога и социального работника // Социальная работа. 2006. № 1. С. 30.

Արդյունքում ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է սոցիալական աշխատողի  վրա: Ամենամեծ արդյունքը կարող է ակնկալվել այն դեպքում, երբ ուսուցիչը համագործակցում է սոցիալական աշխատողի հետ: Համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս ամենատարբեր տեսանկյուններից դիտարկել և ուսումնասիրել աշակերտի վիճակը՝ հավաքելով նրա մասին  առավել համակարգված ու ամբողջական տեղեկություններ, և համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել նրանց: 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՇԽԱՏՈՂԻ  ԷԹԻԿԱԿԱՆ  ԲԱԽՈՒՄՆԵՐԸ  ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Հաջորդ խնդիրը վերաբերում է սոցիալական աշխատողի  և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների միջև թույլ համագործակցային հարաբերություններին: Մասնավորապես խոսքը գնում է շրջապատից ԿԱՊԿՈՒ երեխային թաքցնելու ծնողների մեծամասնության ջանքերի մասին, ինչի արդյունքում ծնողները համապատասխան աշխատանք չեն տանում երեխայի հետ տանը՝ զգալիորեն նվազեցնելով դպրոցում կատարվող աշխատանքների արդյունավետությունը և կենսունակությունը:
Ծնողների ազդեցության ներքո բազմաթիվ երեխաներ՝ հատկապես միջին և ավագ դասարանների, ուղղակի հրաժարվում են ոչ միայն մասնակցել անհատական պարապունքներին / աշխատանքներին, այլև, անգամ, հրաժարվում են օգտվել ԿԱՊԿՈՒ երեխաներին հատկացվող սննդից, որպեսզի համադասարանցիների կողմից ծաղրի չարժանանան:
Այս խնդիրը հատկապես ակտուալ է տղա երեխաների շրջանում: Այս հիմնախնդիրները հաղթահարելու նպատակով սոցիալական աշխատողը աշխատանք է տանում ծնողների հետ, և այդ աշխատանքի գլխավոր նպատակը ծնողների կողմից երեխայի խնդիրների, նրա անհատականության օբյեկտիվ ընկալումն է:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Էթիկական բախումների և երկընտրանքների հիմքում ընկած է սոցիալական աշխատողի անձնային և մասնագիտական արժեքների պահպանումը: Նա կարող է համաձայն չլինել գործընկերոջ աշխատանքային մեթոդներից, սակայն պարտավոր է էթիկական նորմերն ու կանոնները, կատարել իր մասնագիտական պարտականությունները [4]:
Սոցիալական աշխատողը աշխատանքի ընթացքում հաճախ է հանդիպում երկընտրանքային իրավիճակների: Այս դեպքում սոցիալական աշխատողը բախվում է էթիկայի նորմերի պահպանմանը: Մի կողմից սոցիալական աշխատողի էթիկական պատասխանատվությունն է գործընկերների հանդեպ, մյուս կողմից աշակերտների շահերի պաշտպանումն է: Միևնույն ժամանակ սոցիալական աշխատողը պարտավոր է պահպանել իր պաշտոնային պարտականությունները գործատուի հանդեպ: Եթե հաստատության քաղաքականությունը, որին տրված են որոշումներ կայացնելը, խախտում է այս կամ այն կողմերի իրավունքները, ապա այդ դեպքում առաջանում է մասնագիտական էթիկայի բախումներ, որոնք կհանգեցնեն քաղաքացիական իրավունքների պառակտմանը [3]:
Բոլոր դեպքերում սոցիալական աշխատողը պետք է պահպանի անկողմնակալություն և կանխարգելի սոցիալական աշխատանքի անորակ և արգելված պրակտիկան:

3.     Митрошенков О. А. Социальная работа. М., 2006. С. 172.
4.     Римфер Ф. Г. Ценности и этика // Энциклопедия социальной работы: В З т. М., 1993-1994. Т. З. С. 385-392.
Մասնագիտական բախումներ


Նշենք, որ չհամաձայնեցվածության խնդիր կա նաև պաշտոնային պարտա-կանությունները կատարելու գործում: Դպրոցների մի մասում կան սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և այլ գործառույթներ իրականացնող, ովքեր վերավորակավորվել են որպես ուսուցչի օգնականներ, սակայն համաձայն չեն այդ որոշման հետ: Ուսուցչի օգնականները հաճախ դժգոհում են` նշելով, որ չկա հստակ սահմանված կարգ, թե ինչ պարտականություններ նրանք պետք է իրականացնեն: Հաճախ սոցիալական աշխատողի և հոգեբանի գործառույթները միախառնվում են և  հոգեբանները ստանձնում  են սոցիալական աշխատողի դերը:
Դպրոցներ կան, որտեղ սոցիալական աշխատողի հաստիքն ընդհանրապես բացակայում է: Սա ևս մեկ անգամ բխում է սոցիալական աշխատողի գործառույթների չիմացությունից:

Ամփոփելով աշխատանքը, նշենք, որ սոցիալական աշխատողը դպրոցում ապահովում է մանկավարժական հանրույթի միասնական աշխատանքի իրականացումը, դպրոց-ընտանիք համագործակցության ձևավորումը և երեխայի անհատական զարգացման համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների ստեղծումը: 

Օգտագործված գրականության ցանկ

1.         ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ // ուղեցույց սոցիալական աշխատողների համար. Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոն

2.         Սուսաննա Թադևոսյան. Ներառական կրթության կազմակերպում // մեթոդական ուղեցույց ձեռնարկ., Երևան 2017

3.         Ներառական կրթություն. Ուսումնամեթոդական ուղեցույց: Ձեռնարկ.-Եր.:  «Հույսի կամուրջ» Հկ, Երևան 2015

4.         Липский И.  Этический кодекс социального педагога  и социального работника // Социальная работа. 2003. 2.

5.         Викторовна Е. В. Этические проблемы практики социальной работы // Учебно-методическое пособие. Пенза 2012

6.         Римфер Ф. Г. Ценности и этика // Энциклопедия социальной работы: В З т. М.,    1993-1994.

7.          Митрошенков О. А. Социальная работа. М., 2006

8.         Зальцман Татьяна Валерьевна “Этические проблемы” М., 2014.

       Էթիկական երկընտրանքները սոցիալական աշխատանքում

10.     http://pedsovet.su/publ/72-1-0-4305  Школьные конфликты: виды, пути решения, приемы и примеры

11.     http://studme.org/10020402/psihologiya/samoregulyatsiya_sotsialnogo_rabotnika_protsesse_razresheniya_konflikta  Саморегуляция социального работника в процессе разрешения конфликта

12.     https://studfiles.net/preview/6321345/page:10/ Этические основы социальной работы.  Профессионально-этический кодекс социального работника

воскресенье, 31 марта 2019 г.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ»․ Հասմիկ Բունիաթյան







2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը:
Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված,  որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և  մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:
Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների,  2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:
Այս աշխատանքում կփորձեմ ներկայացնել սահմանված նպատակներից 11-րդը և դրա նվաճման հարցում սոցիալական աշխատողի դերը: Նպատակը հետևյալն է.
Քաղաքավայրերը և մարդկային բնակավայրերը դարձնել, ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն:
Նախ սահմանենք, թե ինչ է սոցիալական աշխատանքը: Սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավում են հասարակական հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ ու հավասարակշռված:
Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը հանդես գալով որպես հետազոտող, կազմակերպիչ, բանակցություններ վարող, միջնորդ, իրավունքների պաշտպան, քարոզիչ, փորձագետ, ռեսուրսներ հայթայթող, աջակցային ցանցերի ստեղծող, իրազեկող, ֆասիլիտատոր  և ոգևորող/մոտիվացնող կարող է նպաստել վերոնշյալ նպատակի իրականացմանը:
Մասնավորապես ենթանպատակ 11.1-ը սահմանում է, որ մինչև 2030թ. բոլորի համար պետք է հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարանները և հիմնական ծառայությունները: Իսկ սոցիալական աշխատողը տվյալ պարագայում կարող է ներգրավվել քաղաքականության մշակման մեջ և մշակել բնակարանաշինական, բնակարանով ապահովման արդյունավետ քաղաքականություն, որը հիմնված կլինի նախորդ փորձի, այլ երկրների թույլ տրված սխալների և միջազգային հաջողությամբ ավարտված փորձի վրա:
Ենթանպատակ 11.2-ը սահմանում է հետևյալը.
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին: Սա կարևոր է, քանի որ ինչպես գիտենք շատ քաղաքացիներ պարզապես զրկված են հասարակության մեջ լիարժեք գործառնման հնարավորություններից` այս պայմանների բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես շատ սահմանամերձ լեռնային վայրերում եղանակային առանձնահատկություններով ևս պայմանավորված մարդիկ կարող է չունենալ հնարավորություն տեղափոխվել անհրաժեշտ վայր, գնալ աշխատանքի, իսկ երեխաները` դպրոց: Բացի այդ, մեկ այլ խնդիր է օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ հարմարեցված տրանսպորտի ոչ բավարար քանակը կամ բացակայությունը:
Ինչպես տեսնում ենք շատ կարևոր է վերոնշյալ նպատակի նվաճումը ևս, և այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ` բարենպաստ հող ստեղծելով անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:
Ենթանպատակ 11.3-ում նշված է.
Մինչև 2030թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում: Բովանդակությունից ելնելով կարող ենք եզրակացնել, որ սա միտված է խթանելու համայնքների ներգրավմանը, մասնակցության ապահովմանը իրենց մասին կայացվող որոշումներին: Որպեսզի նրանք չդիտվեն որպես փոփոխության պասիվ կրող, այլ ակտիվ ներգործող անդամ, որը կարող է առաջ բերել դրական փոփոխություններ: Սոցիալական աշխատողը կարող է ակտիվացնել համայնքը, ապահովել նրանց մասնակցության հնարավորությունը` պաշտպանելով նրանց իրավունքը: Կարող է նաև հանդես գալ որպես հետազոտող փորձագետ, ով տեսնում է այս կամ այն հիմնախնդրի առկայությունը, առաջարկում է դրա լուծման ուղիներ, կազմակերպում է համայնքային քննարկում և նպաստում է միասնական որոշման կայացմանը:
Ենթանպատակ 11.7-ում նշվում է.
        Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
         Բնականաբար միջավայրը մեծ նշանակություն ունի բոլորիս կյանքում և բոլորս էլ այս կամ այն կերպ օգտվում ենք դրանից: Բայց բացի այդ մենք ունենք նաև պարտավորություն պահպանել այն հանուն հետագա սերունդների օգտագործման: Մատչելիությունն իհարկե կարևոր արժեք է բոլորիս համար: Սակայն այստեղ, թերևս հարկ է առանձնացնել օրինակ  հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանց համար ապահովել միջավայրային մատչելիություն նշանակում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն նրանց համար: Օրինակ` տեսողության խնդիրներ ունեցող անձանց ապահով տեղաշարժն ապահովելու համար հետիոտնի համար նախատեսված անցումներում լուսակիրների մոտ տեղադրել ձայնային ազդանշաններ, կառուցել ըստ համապատասխան չափորոշիչների թեքահարթակներ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն:
       Ինչ վերաբերում է կանաչ միջավայրի ապահովմանը, ապա այստեղ պետք է մարդկանց մոտ առաջ բերել պատասխանատվության մեծ զգացում, փոխել ընկալումները որոշակիորեն, որպեսզի շրջակա աշխարհը դիտարկվի որպես «ավելի մեծ տուն», որը ևս պետք է խնամենք, մաքրենք, պահպանենք: Այստեղ սոցիալական աշխատողը կարող է օրինակ կրկին զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ, փոփոխությունների նախաձեռնմամբ, զանազան ծրագրերի իրականացմամբ, որը կնպաստի միջավայրի նկատմամբ մարդկանց դիրքորոշումներում փոփոխությունների առաջացմանը և այլն:
        Առաջին հայացքից կարող է ծագել տրամաբանական մի հարց. “Ինչու՞ հենց սոցիալական աշխատողը”: 
Հիմնավորեմ. Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը տիրապետում է անհրաժեշտ գիտելիքներին և օժտված է ցանկալի ճկունությամբ սոցիալապես նշանակալի նպատակների նվաճման համար: Բնավ չնսեմացնելով մյուս մասնագիտությունների և մասնագիտությունը կրողների արժեքը, հավելեմ, որ սոցիալական աշխատողը ելնելով իր մասնագիտական արժեքներից, սկզբունքներից լավագույնս կարող է նպաստել մարդակենտրոն, համայնքակենտրոն որոշումների կայացմանը, որում փոփոխության նախաձեռնողի և փոփոխության ազդեցությունը կրողի դերում հանդես են գալիս հենց մարդիկ, խմբերն ու համայնքները: 

       Սակայն, ընդհանուր առմամբ, դրական վերջնարդյունք ապահովելու համար անհրաժեշտ են համակարգված, համապարփակ, բազմաոլորտային, բազմամակարդակ և համագործակցային միջոցառումներ:

Աղբյուրը՝

Սոցիալական աշխատանքի հիմունքները, խմբ. Լ. Հարությունյան, ԵՊՀ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, Եր., 2002թ.,
http://www.un.am/hy/news/260
http://un.am/hy/p/sustainable-development-goal-11