Սոցիալական աշխատանքը Հայաստանում նոր ձևավորվող ոլորտներից
է։
Սոցիալական աշխատանքի օբյեկտ է համարվում մարդը, որն
օգնության կարիք ունի: Բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ են օգնություն ցուցաբերելու
համար, իրականացնում են սոցիալական աշխատանքի սուբյեկտները: Սուբյեկտների թվին դասվում
են բոլոր մարդիկ և կազմակերպությունները, որոնք իրականացնում են սոցիալական աշխատանքը:
Համաձայն Ուիլյամ Շվարցի սահմանման` սոցիալական
աշխատանքը որպես մասնագիտություն` միջնորդ է ծառայում մի գործընթացում, որտեղ անհատը
և հասարակությունը ձգտում են օգնել իրար` բավարարելով ընդհանուր պահանջմունքները և
փոխլրացնելով դրանք: Նրա միջնորդային մոտեցումը հիմնված է անձի և հասարակության շահերի
նույնացման վրա:
Գործառույթներն են.
- Սոցիալական
վերահսկողություն. Սոցիալական աշխատողները հանդիսանում են հասարակության ներկայացուցիչները
և օգնում են վերաբաշխել միջոցներն ու բարիքները, վերահաստատել խախտված սկզբունքները:
- Սոցիալական
աշխատանքի ինստիտուտն իր մասնակցությունն է ունենում մշակութային տարրերի ստեղծման,
պահպանման ու զարգացման գործում: Սոցիալական աշխատողները մուտք են գործում տարբեր
խմբեր, ընտանիքներ, համայնքներ` իրենց հետ տանելով իրենց մասնագիտության և գործունեության,
և վերջին հաշվով, հասարակության մշակույթը:
- Փոփոխություն.
Սոցիալական աշխատողներն առաջին հերթին աշխատում են փոփոխություններ առաջացնել
այն անհատների ու խմբերի մոտ, որոնք տուժում են արագ փոփոխություններից, ունեն
հարմարման դժվարություններ և այլն: Այն կարող է շարժիչի դեր կատարել այն փոփոխությունների
համար, որոնք սոցիալապես ցանկալի են, որոնք հասարակությունը պահանջում է:
- Կոնֆլիկտի կարգավորում.
Այս գործառույթի շնորհիվ սոցիալական աշխատողներն օգնում են թուլացնել հասարակության
մեջ տեղ գտած սոցիալական լարվածությունը, մեղմել հակասությունները:
Սոցիալական աշխատանքն
այն մասնագիտություններից է, որի զարգացումը և կայացումն անմիջականորեն կապված է մարդու
իրավունքների պաշտպանության հետ: Մարդու իրավունքների ոլորտում սոցիալական աշխատանքի
մասնագետն ունի կարևոր ներուժ և կարող է իրականացնել նշանակալի ներդրումներ մարդու
իրավունքների շարժումներում: Սոցիալական աշխատողները պարզ հասկանում են իրավունքների
անօտարելիության ասպեկտը: Սոցիալական աշխատողներն իրականացնում են գործողություններ,
որոնցով ապահովում են անհատների, խմբերի և համայնքների մարդու իրավունքների իրացումը:
Սոցիալական աշխատանքի հիմքում դրված են հետևյալ կարևորագույն
արժեքները.
- Սոցիալական
արդարություն,
- Անձի արժանապատվություն
և բարեկեցություն,
- Մարդասիրություն,
մարդկային փոխհարաբերությունների նշանակությունը, կարևորությունը և դերը,
- Անկողմնակալություն
և անաչառություն,
- Կոմպետենտություն
և այլն:
Սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության սկզբունքներն
են.
- Շահառուի անվերապահ
դրական ընդունում,
- Ինքնորոշում,
- Անհատականացում,
- Երկկողմանի
պատասխանատվություն,
- Շահառուն չի
հանդիսանում պասիվ օբյեկտ,այլ հավասարազոր սուբյեկտ է,
- Ուժեղ կողմերի
վրա հիմնում:
Սոցիալական աշխատողները
կարող են գործել արդարադատության, առողջապահության, կրթության և մի շարք այլ ոլորտներում` ստանձնելով և իրականացնելով
միջնորդի, իրավապաշտպանի, ուղղորդողի, աջակցողի, կրթողի և մի շարք այլ դերեր:
Սոցիալական աշխատանքը
կարող է իրականացվել մակրո, մեզո և միկրո մակարդակներում:
Առանձնացնում են սոցիալական
աշխատանքի հետևյալ 4 հիմնական մեթոդները.
·
Անհատական
·
Խմբայինն
·
Ընտանեկան
· Համայնքային
Այսպիսով, սոցիալական
աշխատանքը մասնագիտություն է, որն ուղղված է բնակչության զանազան խմբերի, սոցիալապես
երաշխավորված և անձնական շահերի ու պահանջմունքների բավարարմանը, այնպիսի պայմանների
ստեղծմանը, որոնք նպաստում են մարդկանց սոցիալական գործունեության ընդունակության վերականգնմանը
կամ բարելավմանը:
Աղբյուր`
Սոցիալական աշխատանքի
տեսություններ և մոդելներ, Աննա Ոսկանյան, Երևան, 2013
Комментариев нет:
Отправить комментарий