2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը:
Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Այստեղ հաշվի է առնված, որ աղքատության վերացումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում՝ միաժամանակ լուծելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:
Թեև կայուն զարգացման նպատակներն իրավաբանորեն պարտադիր չեն, կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ 17 նպատակներին հասնելու համար:
Կայուն զարգացման նոր օրակարգը հիմնված է 2002թ. Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի, 2010թ. Հազարամյակի զարգացման նպատակների, 2012թ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման խորհրդաժողովի (Ռիո+20) արդյունքների ու ամբողջ աշխարհի մարդկանց տեսակետների վրա:
Այս աշխատանքում կփորձեմ
ներկայացնել սահմանված նպատակներից 11-րդը և դրա նվաճման հարցում սոցիալական
աշխատողի դերը: Նպատակը հետևյալն է.
Քաղաքավայրերը և մարդկային բնակավայրերը դարձնել,
ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն:
Նախ սահմանենք, թե ինչ է սոցիալական աշխատանքը: Սոցիալական աշխատանքը մասնագիտական
գործունեություն է, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու
իրենց սոցիալական հիմնախնդիրները` այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու
հնարավորությունները կամ ներգրավելով նոր միջոցներ ու ստեղծելով նոր
հնարավորություններ: Այդ գործունեության արդյունքում բարելավում են հասարակական
հարաբերությունները, հասարակությունը գործառնում է ավելի ներդաշնակ ու
հավասարակշռված:
Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը հանդես գալով որպես հետազոտող,
կազմակերպիչ, բանակցություններ վարող, միջնորդ, իրավունքների
պաշտպան, քարոզիչ, փորձագետ, ռեսուրսներ հայթայթող, աջակցային ցանցերի ստեղծող, իրազեկող,
ֆասիլիտատոր և ոգևորող/մոտիվացնող կարող է
նպաստել վերոնշյալ նպատակի իրականացմանը:
Մասնավորապես
ենթանպատակ 11.1-ը սահմանում է, որ մինչև 2030թ. բոլորի համար պետք է հասանելի դարձնել պատշաճ, անվտանգ և մատչելի բնակարանները և հիմնական ծառայությունները: Իսկ սոցիալական աշխատողը տվյալ պարագայում կարող է ներգրավվել
քաղաքականության մշակման մեջ և մշակել բնակարանաշինական, բնակարանով ապահովման
արդյունավետ քաղաքականություն, որը հիմնված կլինի նախորդ փորձի, այլ երկրների
թույլ տրված սխալների և միջազգային հաջողությամբ ավարտված փորձի վրա:
Ենթանպատակ 11.2-ը սահմանում
է հետևյալը.
Մինչև 2030թ. բոլորի համար հասանելի դարձնել ապահով, մատչելի, հասանելի և կայուն տրանսպորտային համակարգեր՝ բարելավելով ճանապարհների անվտանգությունը, հատկապես ընդլայնելով հասարակական տրանսպորտը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների կարիքներին: Սա կարևոր է, քանի որ ինչպես գիտենք
շատ քաղաքացիներ պարզապես զրկված են հասարակության մեջ լիարժեք գործառնման
հնարավորություններից` այս պայմանների բացակայությամբ պայմանավորված: Մասնավորապես
շատ սահմանամերձ լեռնային վայրերում եղանակային առանձնահատկություններով ևս պայմանավորված
մարդիկ կարող է չունենալ հնարավորություն տեղափոխվել անհրաժեշտ վայր, գնալ
աշխատանքի, իսկ երեխաները` դպրոց: Բացի այդ, մեկ այլ խնդիր է օրինակ
հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ հարմարեցված տրանսպորտի ոչ բավարար
քանակը կամ բացակայությունը:
Ինչպես տեսնում ենք շատ
կարևոր է վերոնշյալ նպատակի նվաճումը ևս, և այստեղ սոցիալական աշխատողը կարող է
օրինակ զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ` բարենպաստ հող ստեղծելով
անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար:
Ենթանպատակ
11.3-ում նշված է.
Մինչև 2030թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում:
Բովանդակությունից ելնելով կարող ենք եզրակացնել, որ սա միտված է խթանելու
համայնքների ներգրավմանը, մասնակցության ապահովմանը իրենց մասին կայացվող
որոշումներին: Որպեսզի նրանք չդիտվեն որպես փոփոխության պասիվ կրող, այլ ակտիվ
ներգործող անդամ, որը կարող է առաջ բերել դրական փոփոխություններ: Սոցիալական
աշխատողը կարող է ակտիվացնել համայնքը, ապահովել նրանց մասնակցության
հնարավորությունը` պաշտպանելով նրանց իրավունքը: Կարող է նաև հանդես գալ որպես
հետազոտող փորձագետ, ով տեսնում է այս կամ այն հիմնախնդրի առկայությունը,
առաջարկում է դրա լուծման ուղիներ, կազմակերպում է համայնքային քննարկում և
նպաստում է միասնական որոշման կայացմանը:
Ենթանպատակ
11.7-ում նշվում է.
Մինչև 2030թ. համընդհանուր կերպով հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքներ, մասնավորապես՝ կանանց և երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Բնականաբար միջավայրը մեծ նշանակություն
ունի բոլորիս կյանքում և բոլորս էլ այս կամ այն կերպ օգտվում ենք դրանից: Բայց
բացի այդ մենք ունենք նաև պարտավորություն պահպանել այն հանուն հետագա սերունդների
օգտագործման: Մատչելիությունն իհարկե կարևոր արժեք է բոլորիս համար: Սակայն
այստեղ, թերևս հարկ է առանձնացնել օրինակ
հաշմանդամություն ունեցող անձանց: Նրանց համար ապահովել միջավայրային
մատչելիություն նշանակում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնք դա հնարավոր
կդարձնեն նրանց համար: Օրինակ` տեսողության խնդիրներ ունեցող անձանց ապահով
տեղաշարժն ապահովելու համար հետիոտնի համար նախատեսված անցումներում լուսակիրների
մոտ տեղադրել ձայնային ազդանշաններ, կառուցել ըստ համապատասխան չափորոշիչների
թեքահարթակներ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց համար և այլն:
Ինչ վերաբերում է կանաչ միջավայրի
ապահովմանը, ապա այստեղ պետք է մարդկանց մոտ առաջ բերել պատասխանատվության մեծ
զգացում, փոխել ընկալումները որոշակիորեն, որպեսզի շրջակա աշխարհը դիտարկվի որպես
«ավելի մեծ տուն», որը ևս պետք է խնամենք, մաքրենք, պահպանենք: Այստեղ սոցիալական
աշխատողը կարող է օրինակ կրկին զբաղվել անհրաժեշտ ռեսուրսների հայթայթմամբ,
փոփոխությունների նախաձեռնմամբ, զանազան ծրագրերի իրականացմամբ, որը կնպաստի
միջավայրի նկատմամբ մարդկանց դիրքորոշումներում փոփոխությունների առաջացմանը և
այլն:
Առաջին հայացքից կարող է ծագել
տրամաբանական մի հարց. “Ինչու՞ հենց սոցիալական աշխատողը”:
Հիմնավորեմ. Սոցիալական աշխատողն այն մասնագետն է, որը տիրապետում է
անհրաժեշտ գիտելիքներին և օժտված է ցանկալի ճկունությամբ սոցիալապես նշանակալի
նպատակների նվաճման համար: Բնավ չնսեմացնելով մյուս մասնագիտությունների և
մասնագիտությունը կրողների արժեքը, հավելեմ, որ սոցիալական աշխատողը ելնելով իր
մասնագիտական արժեքներից, սկզբունքներից լավագույնս կարող է նպաստել մարդակենտրոն,
համայնքակենտրոն որոշումների կայացմանը, որում փոփոխության նախաձեռնողի և
փոփոխության ազդեցությունը կրողի դերում հանդես են գալիս հենց մարդիկ, խմբերն ու
համայնքները:
Սակայն, ընդհանուր առմամբ, դրական
վերջնարդյունք ապահովելու համար անհրաժեշտ են համակարգված, համապարփակ,
բազմաոլորտային, բազմամակարդակ և համագործակցային միջոցառումներ:
Աղբյուրը՝
Սոցիալական աշխատանքի հիմունքները, խմբ. Լ. Հարությունյան, ԵՊՀ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, Եր., 2002թ.,
http://www.un.am/hy/news/260
http://un.am/hy/p/sustainable-development-goal-11
Комментариев нет:
Отправить комментарий