среда, 17 октября 2018 г.

«Սոցիալական աշխատողի ձայնը»․ Գայանե Մխիթարյան


Ինչպես արդեն հայտնի է, «Սոցիալական աշխատողի ձայնը» երգի խոսքերի/տեքստի/ մրցույթում հաղթող է ճանաչվել Երևանի մշակույթի պետական քոլեջի սան, վոկալիստ Գայանե Մխիթարյանի ներկայացրած տարբերակը։
Գայանեն 24 տարեկան է, ներկայացնում է Արարատի մարզը, իր խոսքերով՝ մրցույթի մասին տեղեկացել է համացանցից և անվարանորեն դիմել մասնակցելու՝ այդկերպ ցանկություն ունենալով բառերի օգնությամբ ներկայացնել այս եզակի հանդիպող մասնագիտության իր մեկնությունը։
Մեզ հետ զրույցում Գայանեն նշեց, որ սոցիալական աշխատանք մասնագիտությանը ծանոթանալն այսօր դժվար չէ, քանզի հասարակությունն ունի նրա կարիքը մշտապես, սակայն ծանոթությունից բացի շատ կարևոր է նրա գնահատումն ու արժևորումը՝ այս դեպքում նաև երգի միջոցով։
Հարցին, թե ինչու հենց այդ տարբերակով որոշեց հանդես գալ, հեղինակը նշեց, որ իր տարբերակի հիմքում ընկած է ոչ թե բուն մասնագիտական գործունեության նկարագրությունը, այլ այն հիմնական ու կարևոր արժեքների, գաղափարների արտահայտումը, որոնց կրողն ու փոխանցողն է սոցիալական աշխատողը, ինչպիսիք են սերը, կարեկցանքն ու հավատն առ լույսի։
Որպես զրույցի վերջաբան հեղինակը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին՝ ընձեռած հնարավորության, երաժշտության հեղինակին՝ համահունչ ստեղծագործության և քվեարկությանը մասնակցած մասնագետներին՝ նման պատասխանատու գործը հենց իրեն վստահելու համար։ Նշեց, որ այն ամենը, ինչը կախված է իրենից աշխատանքի լավագույն արդյունքի հասնելու համար, ինքը կանի մեծագույն սիրով ու պատրաստակամությամբ՝ այդկերպ փորձելով բարձրացնել, ինչպես ինքը բնորոշեց, այս արդար գործի ջատագովների՝ սոցիալական աշխատողների ձայնը նաև երգի միջոցով։
Հաղթողը պարգևատրվեց հավաստագրով և խրախուսական անակնկալներով նախաձեռնության կողմից։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ մրցույթի ավարտից անմիջապես հետո հետևում են կատարման մշակման, ձայնագրման աշխատանքները, ինչին կհաջորդի հոլովակի սցենարային կազմման գործընթացը, նախագիծը կեզրափակվի թեմատիկ հոլովակի նկարահանմամբ և ցուցադրմամբ։
Նյութը և լուսանկարները՝
Հասմիկ Սարգսյանի և Հասմիկ Բունիաթյանի