среда, 19 ноября 2014 г.

Երեխայի նկատմամբ դրսևորվող բռնության երևույթը, տեսակները և հետևանքները

Երեխայի նկատմամբ ցուցաբերվող բռնությունն ու չարաշահումը համընդհանուր երևույթներ են: Դրանք տեղի են ունենում բոլոր հասարակարգերում և բոլոր երկրներում, և ներառում են երեխայի իրավունքների ոտնահարում ենթադրող վերաբերմունքի բոլոր ձևերը:
Բռնության վերաբերյալ համաշխարհային զեկույցում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքը սահմանվում է որպես ֆիզիկական, հուզական, սեռական չարաշահման, վատ վերաբերմունքի, անտեսման և շահագործման բոլոր ձևերն ընդգրկող հասկցություն, որի հետևանքով վնաս է հասցվում երեխայի առողջությանը, գոյությանը, զարգացմանը կամ արժանապատվությանը` ուժի, վստահության, պատասխանատվության հարաբերությունների համատեքստում: /Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1999 և 2002թթ./:
Բռնության հետևանքները բազմազան են: Լինում են թեթև վնասվածքներ, տարբեր աստիճանի տրավմաներ, ներքին օրգանների հիվանդություններ, հոգեկան շեղումներ, մինչև անգամ ծանր հոգեկան հիվանդություններ: Բռնության հետևանքները չափազանց ծանր են ու խորը: Վերացնել այդ հետևանքները դժվար է, առավել նպատակահարմար է, ինչպես ցանկացած խնդրի պարագայում, կանխարգելումը: Բռնությունները երեխաների վրա տարբեր բնույթի շեղումներ են առաջացնում: Կախված երեխայի տարիքից` շեղումները լինում են տարբեր:
Երեխայի նկատմամբ բռնության երևույթի պատճառները բազմազան են` պայմանավորված ծնողի և երեխայի, ընտանիքի և հասարակության ժողովրդագրական ու մշակութային առանձնահատկությոններով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների նկատմամբ բռնությունը և չարաշահումը հաճախ քողարկվում են /տարիքից ելնելով երեխան չի կարողանում հայտնել կատարվածի մասին, վախենում է բռնություն գործադրողի սպառնալիքներից և այլն/:
Տարբերակում են բռնության հետևյալ տեսակները.
·         Ֆիզիկական բռնություն,
·         Հոգեբանական բռնություն,
·         Սեռական բռնություն,
·         Անտեսում:
Ֆիզիկական բռնությունը երեխայի նկատմամբ նպատակաուղղված ֆիզիկական վնաս հասցնելն է` երեխային ձեռքով հարվածելը /խփել, ապտակել/, ոտքով կամ որևէ իրով, գործիքով տարբեր աստիճանի վնասվածքների, այտուցների, կտրվածքների պատճառումը, թափահարելը, շպրտելը և այլն:
Հոգեբանական բռնությունը երեխայի հոգեկան վիճակի կամ վարքի ձևավորման վրա բացասական ազդեցության գործադրումն է, որը դրսևորվում է վիրավորանքների, քննադատության, նվաստացման, սպառնալու, վախեցնելու, ծաղրելու, մերժումների, զրկանքների, մեկուսացման և այլ ձևերով:
Սեռական բռնությունը երեխայի հանդեպ սեռական գործողության իրականացումն է: Առանձնացնում են երեխայի նկատմամբ սեռական բռնության երկու տեսակ` ներընտանեկան և արտաընտանեկան: Ի տարբերություն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, որոնք հաճախ դասվում են քաղաքացիական զանցանքների շարքին` սեռական բռնությունը միանշանակ քրեական հանցանք է:
Անտեսումը երեխայի կենսական պահանջների բավարարման և վերահսկման անհրաժեշտ աստիճանը չապահովելն է, այսինքն, երբ երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը երեխային չի տրամադրում բավարար ֆիզիկական և հոգեբանական խնամք:
Բռնությունը երեխաների համար կարող է ճակատագրական լինել և ավերիչ ազդեցություն ունենալ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ անհրաժեշտ է ակտիվ և միասնական գործողություններ իրականացնել երեխաների   հանդեպ բռնութան կանխարգելման ուղղությամբ, քանի որ երեխաները հանդիսանում են մեր ապագան կերտողները, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ և ճիշտ զարգացման համար անհհրաժեշտ պայմաններ: Պետությունը պետք է հստակեցնի իր օրենքները, հասարակությունը ցուցաբերի անհանդուրժողականություն, իսկ ՀԿ-ները հոգեբանական, իրավաբանական խորհրդատվությամբ և բարոյական աջակությամբ օգնեն ընտանիքներին` ձերբազատվելու ընտանեկան բռնությունների արատավոր ու վնասակար երևույթից:

Աղբյուրը`
 <<Երեխաների պաշտպանություն>>, ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 2009թ.
<<Մասնագիտական աշխատանք բռնության ենթարկված երեխայի հետ>>, ուղեցույց, Երևան, 2013թ.
Ընտանեկան բռնությունները Շիրակի մարզում, 2002թ., <<Զանգակ- 97>> հրատ.


Комментариев нет:

Отправить комментарий